Չեմ կարծում, թե ՄԻԵԴ-ը հայտնի, որ 300․1 հոդվածը հակասում է Եվրոպական կոնվենցիային․ Սեդա Սաֆարյան.ՀԺ

15-10-2019 15:28:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Կուզենամ՝ ՄԻԵԴ-ի խոսքն այս պատմության մեջ վերջանակնապես շատ ճիշտ լինի, եւ հավատում եմ, որ չպիտի քաղաքականացնեն այս երեւույթը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ խոսելով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կողմից Ռոբերտ Քոչարյանին առնչվող ՍԴ դիմումը քննելու մասին։
 


Սեդա Սաֆարյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ը Քոչարյանի պաշտոնավարման տարիներից Հայաստանին վերաբերող այնքան գործեր է լսել, որ ֆունդամենտալ վիճակը պատկերացնում է, եւ դրանց նույնպես գնահատականի կարժանացնի այս գործի լսման ընթացքում։
 
Հիշեցնենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 17 դատավորներ Մեծ պալատի կազմում կքննեն Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող՝ Սահմանադրական դատարանի դիմումը։ ՍԴ-ն դիմել էր միջազգային կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին եւ ՄԻԵԴ-ին՝ խնդրելով խորհրդատվական կարծիք տալ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը սահմանադրական կարգը տապալելուն է վերաբերում եւ որով մեղադրվում է Քոչարյանը։ Մեծ պալատի նախագահը կողմերին ժամանակ է տվել
մինչեւ նոյեմբերի 19-ը ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Որպես կողմ է ներգրավված նաեւ
Հայաստանի խորհրդարանը։
 
Ռոբերտ Քոչարյանն ու Մարտի 1-ի գործը սկզբում քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել էին ՍԴ՝ խնդրելով ստուգել այս հոդվածի սահմանադրականությունը։ Դատարանը վարույթ է ընդունել այդ դիմումները, սակայն գործը կասեցրել է եւ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել միջազգային երկու կառույցներին։
 
Սեդա Սաֆարյանը կարծում է, որ ՄԻԵԴ-ը դժվար թե կարծիք հայտնի, որ 300․1 հոդվածը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ հակասահմանադրական է․
 
«Որովհետեւ մենք արդեն ունենք խորհրդատվական տեղեկություն, որ մեր Քրեական օրենսգիրքը կատարյալ է՝ չունի հակասություններ»։
 
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել ՍԴ-ի դիմումը։ Դատարանը խնդրել է հարցը քննարկել Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում՝ «Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա»։ Այս հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որեւէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական  հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաեւ նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական  հանցագործության կատարման պահին։
 
Կոնվենցիայի 7-րդ հոդվածի երկրորդ մասն էլ սահմանում է, որ այն չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ եւ պատժել որեւէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 659 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար