Վահե Էնֆիաջյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստում

19-09-2019 18:30:44   | Թուրքիա  |  Քաղաքական
 


 
Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ  ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Խորհրդարանի ղեկավարի տեղակալն իր ելույթում նշել է.
 
«Հարգարժան գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերով կոմիտեի 53-րդ նիստի բոլոր մասնակիցներին:
 
Արդյունավետ եւ գրագետ տնտեսական քաղաքականությունը միշտ լուրջ երաշխիքներ է տալիս համագործակցող երկրների կողմից առավել բարենպաստ քաղաքականություն վարելու համար:
 
Սեւծովյան
տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր Վեհաժողովն այն կազմակերպություններից մեկն է, որտեղ վերոնշյալ գաղափարախոսությունը քննարկվում է անդամ-պետությունների կողմից, եւ հնարավորության դեպքում պետք է կիրառել վերջինիս իրականացման համար բոլոր անհրաժեշտ միջոցները:
 
Վստահ եմ, որ մենք
ունենք լավ հեռանկարներ մեր գործընկեր երկրների հետ ընդհանուր ծրագրերն իրականացնելու համար, սակայն դրանք լիովին չեն իրականացվում` որոշակի հանգամանքների լույսի ներքո:
 
Այս ուղղությամբ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն եւ մեծ ուշադրություն պետք է հատկացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցության ձեւաչափերին:
 
Գործընկերներ, ինչպես ես, այնպես էլ կարծում եմ ներկաներից մեծ մասը կուզենային Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տեսնել որպես Սեւծովյան համագործակցության կազմակերպության մասնակից-երկրների խորհրդարանականների միջեւ արդյունավետ համագործակցության հարթակ, այլ ոչ` թշնամանքի եւ քարոզչության վայր:
 
Հարգելի գործընկերներ, կ ուզենայի անդրադառնալ Բաքվում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի հիսուներեքերորդ լիագումար նստաշրջանի նիստի ընթացքում Էլգար Գուլիեւի կողմից արված հայտարարությանը:
Պարոն Գուլիեւը, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության եւ քաղաքականության ոգով, ոչ միայն խեղաթյուրեց, այս ամբիոնն ինձ թույլ չի տալիս կիրառել առավել ստույգ բնորոշումը, իրավիճակն ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում, այլ նաեւ հանդես եկավ իմ երկրի դեմ պատերազմի սպառնալիքով: Սա ադրբեջանական կողմի եւս մեկ փորձ է` Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմ սկսելու իրավունքն իրեն վերապահելու համար:
 
Մենք անընդունելի ենք համարում ինչպես մարդկանց կողմից իրենց ճակատագիրը որոշելու իրավունքը՝ որպես ագրեսիվ գործողություն ներկայացնելու փորձերը, այնպես էլ ագրեսիվ հակահայկական քաղաքականության պատասխանատվությունից խուսափելը, որը վերածվել է զինված ագրեսիայի Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ:
 
Անիմաստ է նաեւ խաղաղ բնակչությանը սպանող դիվերսանտներին ներկայացնել որպես ռազմագերիներ:
 
Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին, ապա պարոն Գուլիեւը ցանկանում է  ամբողջ մեղքն ուրիշների վրա բարդել: Աշխարհը հիշում է Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերը, որոնք խլեցին հարյուրավոր խաղաղ մարդկանց կյանքեր, ինչպես նաեւ Մարագա գյուղում խաղաղ բնակչության կոտորածը: Հայկական կողմը չի հրահրել պատերազմը, որի հետեւանքներից մեկը եղավ երկու կողմերից փախստականների հոսքը` այդ թվում Ադրբեջանից փախած շուրջ 350 հազար հայեր:
Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետեւում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակը ոչ միայն Արցախի գրավումն է, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի եւ նույնիսկ մայրաքաղաք Երեւանի գրավումը:
 
Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ նմանօրինակ հայտարարությունները չեն կարող նպաստել կողմերի միջեւ երկխոսությանը:
Այս ուղղությամբ ուզում եմ ընդգծել, որ մեր երկիրը միշտ բարձր մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:
 
Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուամենայնիվ, մենք Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել:
 
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ շատ երկրներում խորհրդարանները հանդիսանում են հիմնական ժողովրդավարական ինստիտուտը՝ ազատ ընտրությունների միջոցով ժողովրդի կամքի մարմնացումը:
 
Մենք կարող ենք վստահաբար ասել, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լիովին համապատասխանում են այս դրույթին: Մենք նաեւ վստահ ենք, որ ընտրություններն Արցախի Հանրապետությունում կընթանան ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան: Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները հաստատում են մեր վստահությունը:
 
Մենք կարծում ենք, որ օրինական օրենսդիր իշխանությունը երկրի ժողովրդավարական զարգացման եւ խաղաղ քաղաքականության անհրաժեշտ տարր է: Հենց այս ամենը հիմք ընդունելով` մենք լիահույս ենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գործընկերների հետ գործակցությունը կլինի արգասաբեր»:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 418 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար