Փոփոխություններ՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

19-09-2019 14:04:08   | Հայաստան  |  Հասարակություն
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջարկությանը: 
 

Նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախադպրոցական
կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է ու նաև
երկարաժամկետ դրական ազդեցություն է ունենում հասարակության և տնտեսության վրա: 
 
Օրինագծի ընդունման, ինչպես նաև հետևողական և շարունակական  աշխատանքների արդյունքում  կմեծանա նախակրթարաններում երեխաների ընդգրկվածության թիվը: Նախարարի համոզմամբ` մինչև 2024 թվականը 5-6 տարեկանների 90%-ը և 3-6 տարեկանների 70%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական հաստատություններում: Մինչ կառավարության հաստատմանը ներկայացվելը՝ նախագիծը շրջանառվել է և դրվել հանրային քննարկման: 
 
Առաջարկվող նախագծով  թիրախային է դիտվում 3-6 տարեկան բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառական և որակյալ նախադպրոցական կրթության մատչելիությունը և 5 տարեկանների առավել ընդգրկվածությունը: 
Նախագիծը երաշխավորում է համընդհանուր ներառական կրթության միջոցով նախադպրոցական կրթությունը դարձնել մատչելի և հասանելի քաղաքաբնակ ու գյուղաբնակ բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալական ու տնտեսական պատճառներով խոցելի երեխաների համար:
 
Նախադպրոցական հաստատություներում երեխաների ընդգրկվածության ընդլայնմամբ խթանվում է  նաև ծնողների զբաղվածության ապահովումը:  Այս տարի մարզերում բավական մեծ թվով նախակրթարաններ են բացվել, և այդ քաղաքականությունը, ըստ ԿԳՄՍ նախարարի, լինելու է շարունակական: Նախադպրոցական հաստատություններում երկարօրյա խնամքի հարցը կարևոր է աշխատող ծնողների համար: Օրինագիծը ենթաօրենսդրական ակտեր ընդունելու հիմքեր է նախատեսում երկարօրյա ռեժիմով աշխատող նախակրթարաններ ունենալու համար:
 
Նախագծի ընդունումից հետո ակնկալվում են նաև այլ դրական արդյունքներ. նախատեսվում է  նախադպրոցական ծառայությունների շարունակականություն և ընդլայնում, մանկավարժական կադրերի վերապատրաստում, նախադպրոցական հաստատությունների գործունեության  կանոնակարգման,  վերահսկողության իրավական երաշխիքների և օրենսդրական հիմքերի ստեղծում: 
 Մասնավորապես, հաշվի առնելով, որ նախադպրոցական հաստատությունները հիմնականում գործում են ՏԻՄ-երի ենթակայությամբ` անհրաժեշտություն կա հստակեցնել գործառույթները` սկսած ֆինանսավորման մեխանիզմներից, մինչև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության ապահովում: Ներկայում, ինչպես իր խոսքում նշել է նախարարը,  համակարգում բազմաթիվ բացեր կան` միասնական քաղաքականություն վարելու և արդյունավետ վերահսկողություն իրականացնելու առումով:
 
Փոխվարչապետ Տ. Ավինյանն ընդգծել է, որ  ժողովրդագրական  վիճակի բարելավման համատեքստում ևս նախադպրոցական ծառայությունների բարելավումը դիտվում է որպես առաջնահերթություն: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նախագծի ընդունումը` երեխայի իրավունքների բարելավման համատեքստում: 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 301 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար