Վանեցյանի հայտարարությունն անսպասելի է եղել թե վարչապետի, թե նրա թիմի համար. Վլադիմիր Կարապետյան

19-09-2019 14:07:55   | Հայաստան  |  Քաղաքական
 


«Վանեցյանը ոչ մի պաշտոն հիմա չունի, ինչո՞ւ եք դուք ինձ Վանեցյանից հարցնում»,- ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: 
 
Ըստ նրա՝ Հայաստանի Ոստիկանությունը և ԱԱԾ-ն համարվում են վարչապետին կից կառույցներ, հետևաբար վարչապետն է որոշում՝ ո՞ւմ ո՞ր պաշտոնին նշանակի: 
 
Վ. Կարապետյանի խոսքերով՝ վանաձորյան ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնայողաբար մոտենալով բառերին՝ խոսել է իր և իր ենթակայի (նկատի ունի Արթուր Վանեցյանին) միջև ստեղծված հարաբերությունների մասին՝ ակնարկելով, որ կա փոխադարձ համաձայնություն,
մինչդեռ Վանեցյանի հայտարարությունն անսպասելի է եղել թե վարչապետի, թե նրա թիմի համար: 
 
Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դիմի Վճռաբեկ դատարան իր գործը վերանայելու և արդարացվելու համար, ինչպես արել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վ. Կարապետյանը նշեց. 
 
«Գիտեք մենք շատ վճռական քայլեր ենք իրականացնում դեպի իրավական պետություն: Անձնապես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է եղել և այդ արդարացումը պետք է շարունակաբար լինի: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել թե նախկին իշխանությունները, թե կից գործող դատական համակարգը, և կարծում եմ՝ սա կարող է շատ լավ օրինակ դառնալ այն նախկին պաշտոնյաների համար, որոնք նախանձախնդիր են և պայքարելու են իրենց իրավունքները վերականգնելու համար: Դա նաև մեր պետության շահերից է բխում»:   
 
Նրա փոխանցմամբ՝ այս պահին վարչապետն արդարացվելու հետ կապված հարցում մի փոքր
հետ քաշված է, որպեսզի որևէ ճնշում կամ առաջնորդություն չդիտարկվի այլ մարդկանց համար, իսկ ինքը վերջում կամ ինչ-որ մի փուլում կմիանա: 
 
Անդրադառնալով Ոստիկանության և ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատարների վերաբերյալ լրագրողի հարցին, Վ. Կարապետյանը նշեց, որ վերջիններս ունեն վարչապետի վստահությունը և որևէ կասկածի մասին խոսք լինել չի կարող: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1127 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար