Հայաստանում բացվել է շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոն

18-09-2019 18:50:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Սեպտեմբերի 18-ին Շիրակացու ճեմարանում պաշտոնապես բացվեց շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնը, որը նախատեսված է սառնարանամատակարարման և օդորակման ոլորտում տեխնիկական և ինժեներական անձնակազմի վերապատրաստման համար: 
 
Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի փոխնախարար Սերգեյ Յաստրեբովը և այլ բաձրաստիճան հյուրեր ԱՊՀ երկրներից և Եվրոպայից:  
 
«Սա բացառիկ կենտրոն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, այստեղ կան սարքավորումներ, լուծումներ, որոնք նույնիսկ Ռուսաստանում առկա չեն, և այս ամենը լայն հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ուզում
են հմտանալ իրենց մասնագիտության մեջ»,- ասաց նախարար Էրիկ Գրիգորյանը: 
 
Այսպիսով, կրթության և ճիշտ տեղեկատվական ուղղորդման շնորհիվ տարածաշրջանի երկրներում կխթանվի ցածր սառնագենտների համատարած ընդունումը, սառնարանային և օդորակման սարքավորումների սպասարկման կատարելագործումը և ֆտորացված գազերի արտանետումների նվազեցումը:
 
«Այսօր, երբ Հայաստանը հրաժարվում է թունավոր արտանետումներից և ջերմոցային գազերից, անցում է կատարում բնական սառնագենտներին, դա պահանջում է լրացուցիչ վերապատրաստում և գիտելիքներ, որի հնարավորությունը ընձեռում է այս կենտրոնը»,- ասաց ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը:
 
Կենտրոնում կվերապատրաստվեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների սառնարանային և կլիմայական ոլորտներում աշխատող մասնագետներ, որոնց կփոխանցվեն  օզոնային այլընտրանքային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման հմտությունների վերաբերյալ գիտելիքներ:
 
«Որպես կրթության ջատագով և հետևորդ մեր կրթահամալիրը սիրով համաձայնեց իր հարկի տակ ընդունել և ամեն կերպ աջակցել այս` կարևոր առաքելությամբ և գործունեությամբ միակ կենտրոնին` վստահությամբ, որ մասնագետների շարունակական կրթությունն այսօր այլևս առաջնային ուղղություններից է»,- ասաց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը:
 
Նոր սառնագենտների անվտանգ օգտագործման հմտությունները պետք
է հասանելի լինեն սառնարանային և կլիմայական ոլորտներում աշխատող բոլոր մասնագետներին՝ դիզայներներից մինչև գործող ինժեներներ, տեղադրման և սպասարկման ոլորտի աշխատակիցներ: Կենտրոնը մասնագետներին հնարավորություն կտա մասնակցելու ցուցադրական ծրագրերին և ուսումնասիրել սառնագենտների օգտագործման տեխնոլոգիաներն ու սկզբունքները:
 
Ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից` Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության ներգրավմամբ: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 447 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար