Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել է կադաստրային արժեքի գնահատմանը վերաբերող խնդրահարույց օրինագիծը

17-09-2019 17:55:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» խնդրահարույց օրինագիծը և դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության զարգացման և հանրային կյանքի սոցիալական խնդիրների վրա:
Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Քննարկմանը մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը, տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, հանձնաժողովի նախագահության անդամներ և փորձագետներ։
 

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը ներկայացրել է
օրենքի ընդունման նախապատմությունը, հիմնավորումները, անդրադարձել հասարակության ու մասնագիտական շրջանակներում առկա մտահոգություններին։
 
Արայիկ Սահակյանը նշել է, որ նախագիծը շատ դեպքերում հանրության և մասնագիտական շրջանակներում ընկալվում է իբրև գույքահարկ, մինչդեռ այն ոչ թե գույքահարկը հաշվելուն է վերաբերում, այլև անշարժ գույքի կադաստրային արժեքին։
 
Սահակյանի խոսքով, այսօր գործող կադաստրային արժեքները հնացած են և չեն համապատասխանում իրական շուկայական արժեքներին, և օրինագծի նպատակն է կադաստրային արժեքները իրական, շուկայականին մոտարկված արժեքին համապատասխանեցնելը։ Միաժամանակ, ենթադրվում է բարձր արժեք ունեցող գույքի կադաստրային արժեքի էական, շուկայական արժեքին համահունչ բարձրացում։ 
 
Նաև նշվել է, որ օրենքի ընդունումից հետո կամրագրվեն հողի և շինության բազային արժեքները, կսահմանվեն հարկման բազայի նոր չհարկվող շեմը և այն միջակայքերը, որոնց նկատմամբ կիրառվելու են դրույքաչափերը և այլն։
 
Հանձնաժողովի անդամներն ու փորձագետները մի շարք հարցեր են ուղղել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին՝ կապված գույքի արժեքը սահմանող չափորոշիչների, չօգտագործվող արտադրական տարածքների հետագա ճակատագրի, դրանց վերագործարկման հնարավորությունների և առհասարակ, օրինագծի հետևանքով առաջացող հնարավոր տնտեսական, սոցիալական ռիսկերի և այլ խնդիրների վերաբերյալ։
 
Ներկաներից շատերը կարծիք են հայտնել, որ նախագիծը ոլորտում առկա համընդհանուր խնդիրների բաղկացուցիչ մի մասն է, որը, սակայն, ամբողջությամբ չի լուծում այդ խնդիրները,  փոխարենը առաջացնում է անկանխատեսելի ռիսկեր։
 
Առաջարկ է հնչել, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի միայն այն դեպքում, երբ դրա հետ փոխկապակցված այլ օրենքներում
ևս փոփոխություններ կատարվեն։
 
Քննարկման մասնակիցների կարծիքով, մինչ օրենքի նախագծի վերջնական ընդունումը պետք է խնդրահարույց բոլոր հարցերի վերաբերյալ կատարել համակողմանի վերլուծություններ, այդ թվում և օրենքի ազդեցության գնահատականը պարզելու նպատակով, ինչպես նաև լրացուցիչ հանրային քննարկումներ կազմակերպել։
 
Որոշվել է քննարկման արդյունքների հիման վրա հանձնաժողովի կողմից առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 385 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար