Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ



16-09-2019 17:23:40   | Լիտվա  |  Քաղաքական
Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց լիտվացի իր գործընկերոջը` Լինաս Լինկևիչուսին: 
 


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը նշեց, որ Լիտվան Հայաստանի կարևոր գործընկերներից է Եվրոպայում, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քայլեր ձեռնարկել՝ ուղղված բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ ամուր հիմքեր ունեցող հայ-լիտվական հարաբերությունների առանցքում ընկած է փոքր երկրների համերաշխությունը և անկախության ուժեղ զգացողությունը:
 
Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ: Այդ համատեքստում կարևորվեց տարբեր հարթակներում և մակարդակներում քաղաքական երկխոսությունը: 
 
Որպես համագործակցության առաջնային ուղղություններ` առանձնահատուկ կարևորվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, բանկային, բնապահպանական, բիոտեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի և մշակույթի
ոլորտները: Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները համակարծիք էին, որ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում երկու երկրները ձևավորել են մեծ փորձ և ներկայումս առկա է այդ
ոլորտների անմիջական դերակատարներին ներգրավվելու հարթակ ձևավորելու անհրաժեշտություն՝ երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ ուղենշելու և փորձի փոխանակման նախաձեռնություններ մշակելու համար:  
 
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից ժողովրդի լայն մանդատի հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ որպես գերակայություն ընդգծելով դատաիրավական համակարգի բարեփոխումը, դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Առանձնահատուկ կարևորվեց այս գործընթացում միջազգային և տարածաշրջանային գործընկերների աջակցության համակարգումը, առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Լիտվայի գործընկերների պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: 
 
Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման շուրջ: ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցությունում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց մարդկանց միջև շփումների խրախուսումը և շնորհակալություն հայտնեց լիտվացի իր գործընկերոջն այդ հարցում ցուցաբերվող աջակցության համար: ԱԳ նախարարներն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության նախաձեռնությանը և վերջինիս զարգացման տեսլականին: 
 
Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդի հարցերի շուրջ:
 
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց   Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
 
Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 362 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար