Մոլորակի «թոքերը» հանգցնել չի հաջողվում

23-08-2019 16:46:23   | Բրազիլիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
hy.armradio.am Արդեն երրորդ շաբաթն է Բրազիլիայում այրվում են  Ամազոնի արեւադարձային անտառները: Անտառներում այս պահին կա կրակի 75 հազար օջախ, ինչը ռեկորդային թիվ է: Կրակի  հազարավոր օջախները մարել չի հաջողվում: Մասնագետներն են պնդում, նման աղետի պատճառ դարձել է Ամազոնում տարածված պրակտիկան, երբ անտառը այրում են՝ դրա տեղում գյուղատնտեսական նշանակության տարածք հիմնելու նպատակով:
 


Հրդեհներն արդեն այն մասշտաբի են հասել, որ դադարել են  զուտ Բրազիլիայի իշխանությունների խնդիրը լինելուց: Բրազիլիան հարևան պետություններից ստանում է աջակցության առաջարկներ, իսկ եվրոպական պետությունները հրդեհներն  արդեն միջազգային ճգնաժամ են որակում:  
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այս հարցի վրա: «Էկոլոգիական ճգնաժամի պայմաններում մենք թույլ չենք տա նման վնաս հասցնել թթվածնի մեր հիմնական աղբյուրին»,-
ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
 
Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն առաջարկում է Ամազոնիայի հրդեհների հարցը քննարկել G7-ի շրջանակներում: «Մեր տունն այրվում է. տուն՝ բառի ուղիղ իմաստով: Այրվում է Ամազոնը մեր մոլորակի թոքերը, որն ապահովում է երկրագնդի թթվածնի 20%, կհանդիպենք երկու օրից՝ քննարկելու այդ արտակարգ իրավիճակը», Թվիթերում գրել է Ֆրանսիայի առաջնորդը:
 
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն միջազգային աղմուկին շատ սառն է արձագանքել: Նա հայտարարել է, որ Մակրոնը փորձում է քաղաքական դիվիդենդներ ստանալ իրավիճակից, որը Բրազիլիայի ներքին գործն է: Այդ երկրի առաջնորդը  G7-ի շրջանակներում հարցը քննարկելու Մակրոնի առաջարկը անվանել է XXI-դարում անթույլատրելի գաղութատիրական մտածելակերպի դրսևորում:
 
Գլոբալ տաքացման հարցում ընդգծված հոռետես Բոլսոնարուն իր երկրի հասարակության ներսում լուրջ ճնշման է ենթարկվում: Իշխանությունների անգործության դեմ բազմաթիվ բողոքի գործողություններ են տեղի ունենում երկրի մեծ քաղաքներում և մի շարք երկներում Բրազիլիայի դեսպանությունների առջև:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1021 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար