Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը. armtimes.com

22-08-2019 15:28:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրության պահանջը:
 


ՀՀ գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է
Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի:
 
 
Սահմանադրական դատարանում այս պահին նախագահի աթոռն է զբաղեցնում Հրայր Թովմասյանը, սակայն փոխնախագահ Դատարանը չունի։
 
Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում:
 
Նախորդ՝ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանդրությունը Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոն չէր սահմանում։ Այսինքն, ըստ էության, այդ պաշտոնը ստեղծվել եւ միանգամից թափուր է մնացել գործող՝ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 2018 թվականի ապրիլի 9-ից։ Այսինքն, սահմանված տասնօրյա ժամկետից անցել է արդեն մեկ տարուց ավելի, սակայն ՍԴ-ն չի ընտրել փոխնախագահ։
 
Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը մեր զրույցում հաստատեց այս պնդումը՝ նշելով, որ թեպետ ինքը տեղեկություն չունի՝ ՍԴ-ում քանի անգամ է փոխնախագահի ընտրության փորձ արվել, բայց մինչեւ հիմա այդ պաշտոնի թափուր մնալը օրենքի խախտում է։
 
Սահմանադրական դատարանի մասին օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի՝ տարիքով ավագ դատավորը:
 
«Հայկական ժամանակ»-ին Սահմանադրական դատարանից հայտնեցին,
որ 2018 թվականի ապրիլի 10-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Վոլոդյա Հովհաննիսյանը, որի լիազորությունները, սակայն, դադարել են 2018-ի հունիսի 15-ին՝ լիազորությունների ժամկետն ավարտվելու հիմքով։
 
Մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝ փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասը օրվա ընթացքում, անցկացվել է ՍԴ փոխնախագահի ընտրություն, սակայն ՍԴ փոխնախագահ չի ընտրվել․ թեկնածուներ Ալվինա Գյուլումյանից, Հրանտ Նազարյանից, Աշոտ Խաչատրյանից ոչ մեկը չի ստացել ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Դրանից հետո ՍԴ փոխնախագահի որեւէ թեկնածու չի առաջադրվել, ինչպես նաեւ որեւէ ինքնառաջադրում չի եղել, իսկ համաձայն ՍԴ մասին օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանում ՍԴ փոխնախագահի ընտրությունը իրականացվում է այն ժամանակ, երբ առաջադրվել կամ ինքնառաջադրվել է ՍԴ փոխնախագահի որեւէ թեկնածու։
 
Սահմանադրական դատարանից մեկնաբանեցին, թե ՍԴ փոխնախագահ ընտրած չլինելու դեպքում Սահմանադրության եւ ՍԴ մասին օրենքի պահանջման չկատարման վերաբերյալ մեր ենթադրությունները հիմնազուրկ են, քանի որ ՍԴ փոխնախագահի ընտրությունը պայմանավորված է փոխնախագահի առնվազն մեկ թեկնածուի առաջադրման կամ ինքնառաջադրման փաստով, իսկ ՍԴ եւ նրա յուրաքանչյուր դատավորի անկախությունը, ի թիվս այլնի, ենթադրում է փոխնախագահի չընտրության գործընթացի իրականացում բացառապես կամավորության հիմունքներով․
 
«ՍԴ փոխնախագահի ընտրությունը կանցկացվի այն ժամանակ, երբ կառաջադրվի կամ կինքնառաջադրվի Սահմանադրական դատարանի փոխնախագահի առաջին իսկ թեկնածուն»,- ասված էր հարցման պատասխանի մեջ։
 
Թեպետ ՍԴ փոխնախագահն, ըստ էության, կարեւորագույն պաշտոն չէ, սակայն Սահամանդրությունն այնուամենայնիվ սահմանել է այդ հաստիքը, հետեւաբար թեկնածու չառաջադրելու կամ չինքնառաջադրվելու դեպքում այն չի կարող հավերժ թափուր մնալ։
 
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի կազմն այս պահին անորոշ է։ Իրավական եւ քաղաքական դաշտում բուռն քննարկումներ են ընթանում՝ ՍԴ-ն ունի 7 անդամ եւ երկու դատավո՞ր, թե՞ 9 դատավոր։ Հիշեցնենք նաեւ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ-ում առաջացած այս ճգնաժամի լուծման երեք տարբերակ էր առաջարկել, որոնք գտնվում են սահմանադիր մարմինների տիրույթում։
 
Առաջին տարբերակում, ըստ Գրիգորյանի, Դատարանի անդամների եւ դատավորների, ինչպես նաեւ Դատարանի դատարանակազմական լիազորություններ ունեցող մյուս սահմանադրական մարմինների կոնսենսուալ որոշմամբ հաստատված կմնա այս իրավիճակը, եւ այս տարբերակն ընտրելու դեպքում սահմանադրական մարմիններն իրենց հստակ հայտարարություններով պետք է փաստեն, որ Դատարանն իր այս կազմով եւ դրա ձեւավորման ընթացքում մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը նշանակված անդամների նշանակմամբ չի խախտում Դատարանի ձեւավորման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջները, համապատասխանում է Դատարանի ձեւավորման համար Սահմանադրի նպատակներին՝ ներառյալ Դատարանի համար կարգավորումների ուժի մեջ մտնելու համար մինչեւ 2035թ.-ը սպասելը:
 
Լուծման երկրորդ տարբերակը այն է, որ իրավասու մարմինները պետք է Ազգային ժողովին առաջարկեն Դատարանի դատավորների 7 թափուր հաստիքների թեկնածուներ։
 
Երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկում է Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականների մասին, եւ առաջարկում, որ նրանց հրաժարականի դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործարկվի՝ այն նույն գումարի չափով, որն իրենք ստանում են որպես ՍԴ անդամ։
 
Այսինքն՝ այս պահին անհասկանալի է նաեւ, թե ՍԴ-ն ինչպես է իր կազմից ընտրելու Դատարանի փոխնախագահ, երբ բացակայում է նույնիսկ իրավական որոշակիության սկզբունքը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 536 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար