Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը «պայթեցրեց» համացանցը

19-08-2019 15:40:45   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանում արդեն մի քանի օր շարունակ համացանցային «հիթ» է դարձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Խուդոյանի հայտարարությունն այն մասին, թե մարտի 1-ին Հայաստան զինուժ է տեղափոխվել ոչ թե Արցախից, այլ ազատագրված տարածքներից, որոնք դե յուրե Արցախի մաս չեն:
 


Այդ հայտարարությունը դարձել է հանրային թիրախ եւ ոչ այնքան փաստաբանին, որքան Ռոբերտ Քոչարյանին հիշեցնում են այն մեղադրանքները, որ նա «հող հանձնելու» վերաբերյալ ուղղում էր նոր իշխանությանը, երբ «հող հանձնում» է փաստորեն ինքն իր փաստաբանի միջոցով:
 
Ռոբերտ Քոչարյանին նաեւ Արցախի Սահմանադրությունն են հիշեցնում, որտեղ գրված է, որ ազատագրված տարածքները Արցախի կառավարության  ենթակայության ներքո են:
 
Ինչ է անում Ռոբերտ Քոչարյանն իր փաստաբանի հետ կամ նրա միջոցով, թերեւս հնարավոր է բնորոշել մեկ նախադասությամբ՝ փորձում է պաշտպանվել ինչպես կարող է:
 
Բայց, դրանով զուգահեռ, համացանցը «պայթեցրած» փաստաբանի հայտարարությունը անում է նաեւ այլ բան, այս դեպքում Հայաստանի հանրային գիտակցության դաշտում: Նրա հայտարարությունը քննադատում են նաեւ մարդիկ, որոնք օրինակ խոսում են, կամ առնվազն խոսել են այսպես կոչված
փոխզիջումային կարգավորումների մասին, նկատի ունենալով նաեւ որոշակի պայմանի եւ իրավա-քաղաքական անվտանգության պայմանագրերի դիմաց ազատագրված տարածքների հանձնումը:
 
Իսկ երկրորդ նախագահի փաստաբանը իհարկե աղաղակող ձեւակերպմամբ, բայց գործնականում ասել է այն, ինչ առնվազն պաշտոնական հռետորաբանության մակարդակում Հայաստանում ասվել է բոլոր երեք նախագահների մակարդակում, բնականաբար նաեւ նրանցից ներքեւ իջնող իշխանական աստիճանահարթակներում: Օրինակ, երբ Հայաստանը տալիս է համաձայնություն այս կամ այն բանի դիմաց ազատագրված տարածք հանձնելու համաձայնություն, պաշտոնապես խոսելով փոխզիջումների մասին, դա ամենեւին պակաս չի նշանակում՝ թե այդ տարածքները Արցախ չեն, քան օրինակ այն ձեւակերպումը, որ արել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը:
 
 
Հետեւաբար, տեղի ունեցածը առաջացնում է ավելի լայն ու խորքային հարց՝ Հայաստանի հանրությանը զայրացնում է փոխզիջման, տարածք զիջելու մասին որեւէ հայտարարությո՞ւն՝ անկախ ձեւակերպման այսպես ասած դիվանագիտական փաթեթավորումից, թե՞ զայրացնողը այն է, որ խոսել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, որի գործատուն նոր իշխանությանն է փորձել մեղադրել «հող հանձնելու» մեջ եւ «հերոսանալ» այդ մեղադրանքի միջոցով:
 
Հայաստանի հանրությունը դեմ է հող հանձնելուն, Հայաստանում իր պաշտոնավարման ավարտին տված հարցազրույցներից մեկում հեռացող դիվանագետի որոշակի անկաշկանդությամբ հայտարարեց ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը, ասելով, թե 25 տարի փաստորեն ունեցել են թյուր կարծիք այդ մասին: Դեսպանն ավելացրել էր, որ ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ հայ ժողովուրդն ունի
այդպիսի դիրքորոշման հիմք:
 
 
Պետք է մեկընդմիշտ վերջ դնել «հող հանձնելու» վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներին, Ստեփանակերտում օգոստոսի 5-ին պատմական ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, փորձելով ձեւակերպել համահայկական կոնսենսուսի որոշակի պլատֆորմ:
 
Դրան անմիջապես հաջորդեց մարտիմեկյան գործին անանուն հղումներով եւ ցուցմունքների դրվագների արտահոսքով աղմկոտ հրապարակումը BBC ռուսական ծառայությունում, բորբոքելով «Արցախից զորք բերելու» կրակն ու առաջնային թիրախավորման դաշտ բերելով գեներալ Սամվել Կարապետյանին: Հիմա ո՞վ է հիշում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու առաջարկվող կոնսենսուսային պլատֆորմը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 685 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար