Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին

22-07-2019 18:03:21   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն
 

 
Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած վեց զինվորականների, ովքեր առաջիկային կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը:
 
Հանդիպման սկզբում ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես
եպիսկոպոս Աբրահամյանը հայցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը բուժման մեկնող հայորդիների հերթական խմբի համար` կարևոր նկատելով այն զորակցությունը, որ Մայր Աթոռը տարբեր ծրագրերի միջոցով ցուցաբերում է Հայոց բանակին և հայ զինվորին:
 
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերելով զինվորականներին՝ նշեց, որ յուրաքանչյուր հայի համար հպարտություն է տեսնել ազգի զավակների` հայրենիքը սեփական կյանքի գնով պաշտպանելու պատրաստակամությունը: Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայոց Եկեղեցու զորակցությունը արժանի գնահատանքն է հայոց հողի պաշտպանության նվիրական գործին իրենց կյանքն ընծայած հայորդիներին:
 
Վեհափառ Հայրապետը նաև նշեց, որ Մայր Աթոռի և Հնդկաստանի հայ համայնքի կողմից իրականացվող`  վիրավորված զինվորների պրոթեզավորման այս ծրագիրը շարունակական է լինելու:
 
Իրենց հերթին զինվորականները երախտագիտություն հայտնեցին Հայոց Հայրապետին հոգածու վերաբերմունքի համար, պատասխանեցին նաև իրենց կյանքի և ծառայության վերաբերյալ Նորին Սրբության հարցերին: 
 
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորականներին` մաղթելով, որ Ամենակալ Տերը պարգևի նրանց ուժ և եռանդ հայրենանվեր ծառայությունը խաղաղության մեջ շարունակելու համար:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 426 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար