«Ջիվանական և տերյանական օրեր» Ջավախքում

22-07-2019 16:37:26   | Վրաստան  |  Մշակույթ
 

2019թ. հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացրեց «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները:
 
Տոնակատարություններին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Կարեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ Ամիրյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի գլխավորությամբ, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ
Մոսոյանը, Նինոծմինդային Շրջանային ժողովի  նախագահ Սմբատ Կյուրեղյան, Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, բազմաթիվ այլ հյուրեր Հայաստանից և Ռուսաստանից: 
 
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը իր ելույթում նշեց, որ այս տարի լրանում է Ջիվանու տուն-թանգարանը հիմնադրած «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի 5-ամյակը, և նշեց, որ հիմնադրամը թեև անցել է կարճ ճանապարհ, սակայն այսօր ամենուր զգացվում է, որ Ջավախքում սպասված է: Ջիվանու տուն-թանգարանը դառնում է ազգային-կրթամշակութային կազմակերպություն, որի շուրջ նախատեսում ենք ստեղծել նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: 
 
Հուլիսի 20-ին տոնական օրը սկսվեց գոհաբանական աղոթքի մատուցմամբ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում ձեռամբ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի: Աղոթքին հաջորդեց հարգանքի տուրքի և ծաղիկների խոնարհման արարողությունը Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո էլ տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի աշուղ Ջիվանու տուն-թանգարան:
 
Շնորհիվ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի Խմբի Կարզախի բարձունքներում թևածում էին աշուղական երգ ու տաղի անզուգական ելևէջներն ու ավանդական նվագարանային երաժշտության նվագները: Տեղի ունեցավ նաև շրջայց մեծանուն աշուղի տուն-թանգարանում, որտեղ ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու Ջիվանու թողած ժառանգությանը, ինչպես նաև համտեսելու աշուղի հայրական տան թոնրատանը թխվող հայկական
ավանդական լավաշը:
 
Հյուրերը լուսանկարվեցին տուն-թանգարանի բացօթյա ցուցասրահում գործող ջիվանիական ֆոտոանկյունում:
 
Օրը նշանավորվեց Ջիվանու մեծարմանը նվիրված աշուղական մրցույթով Աշուղ Լեյլիի և Աստղանուշի մասնակցությամբ, որի նպատակն էր վերականգնել հայկական մշակույթին բնորոշ այս ավանդույթը՝ նպաստելով աշուղական արվեստի արժևորմանը:
«Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունների ընթացքում ելույթ ունեցան ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, «Կարին» ավանդական երգի և պարի համույթը և այլ խմբեր Ախալքալաքից և Նինոծմինդայից: 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 399 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար