Հայկական զինուժի պատմական առաքելությունը. վարչապետը ձեւակերպեց խնդիրը

22-07-2019 16:08:16   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայկական զինված ուժերում տեղի է ունենում սերնդափոխություն, այս հրապարակում կանգնած են մարդիկ, որոնք գտնվել են արցախյան ազատամարտի ակունքներում, եւ կանգնած է նոր սերունդ, որը իր վրա է պատրաստվում վերցնել հայկական զինուժի սպայական պատասխանատվության պատիվը: Այդ միտքը հուլիսի 22-ին հնչեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:
 


Զինված ուժերում սերնդափոխությունը գործնականում անընդհատ գործընթաց է: Միաժամանակ, հայկական զինուժը սերնդափոխության առումով կանգնած է նաեւ ավելի խորքային անհրաժեշտությունների առաջ, որոնք պայմանավորված են արդեն պատերազմ հաղթած զինուժ լինելու հանգամանքով:
 
Բանն այն է, որ հաղթական զինուժի իրողությունը ձեւավորել է զինված ուժերի մի ռազմա-քաղաքական
, հոգեբանական իրավիճակ, որում պատերազմի հաղթանակի հիշողությունը, ունենալով կարեւորագույն հոգեբանական նշանակություն, մյուս կողմից նաեւ իր մեջ պարունակում է որոշակի «կախվածություն» այդ
հաղթանակի հիշողությունից:
 
Մինչդեռ, հաղթական պատերազմից հետո աշխարհը փոխվել է հիմնավորապես, եւ անվտանգային մարտահրավերները ենթարկվել են բազմապատիկ տրանսֆորմացիայի, ինչը պահանջում է բոլորովին այլ հոգեբանությամբ եւ աշխարհընկալմամբ զինուժ եւ պետություն ընդհանրապես: Դա առաջացնում է բավական բարդ խնդիր՝ մի կողմից պահպանել հաղթական պատերազմի հիմնարար հոգեբանական գործոնը, մյուս կողմից զինուժը պրակտիկ եւ արդիականացման իմաստով դուրս բերել այդ հաղթանակի հիշողության առաջացրած հոգեբանական կախվածությունից կամ դրա ռիսկից:
 
Խնդիրը խոշոր հաշվով ձեւակերպել էր նախկին իշխանությունը՝ պետք է պատրաստվել վաղվա պատերազմին, այսինքն վաղվա պատերազմը կանխելուն: Որովհետեւ աշխարհն այնքան արագ է փոխվում, որ ուշ կամ ժամանակավրեպ կարող է լինել արդեն այսօրվա մարտահրավերին պատրաստվելը:
 
Իսկ պատրաստվել վաղվա պատերազմին, նշանակում է դուրս գալ «երեկվա հաղթանակի» ռեժիմից եւ ապրել արդեն վաղվա հաղթանակի ռեժիմով, որում երեկվա հաղթանակը հոգեբանական հենք է, բայց ոչ մտածողության եւ պատկերացումների հենք: Այլապես, կվտանգվի թե վաղվա, թե նաեւ երեկվա հաղթանակը:
 
Սերնդափոխության խնդիրը Հայաստանի զինված ուժերում ունի հենց այդ խորքային տարողությունը, որը պահանջում է համաշխարհային փոփոխություններին հնարավորինս համարժեք դինամիկայով եւ ընդգրկումով լուծում:
 
Այդ իմաստով, Հայաստանում նոր իրավիճակը տալիս է այդ լուծումների առավել լայն եւ արդյունավետ դինամիկայի հնարավորություն, ինչը պետք է ներառի լայն գործիքակազմ:
 
Հայաստանի զինուժը պետք է լինի ռեգիոնի ամենաինտելեկտուալ զինուժը, օրերս հայտարարել էր զորամաս այց կատարած վարչապետ Փաշինյանը: Հայկական զինուժի ինտելեկտը գործնականում հենց արցախյան հաղթանակն է, դրա աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական խորքային նշանակությամբ: Նշանակություն, որից սակայն Հայաստանում հաստատված համակարգը, արդեն ներքին կոնյուկտուրային եւ շահադիտական հարցերի պատճառով, հետեւողականորեն զերծ է պահել զինուժը որպես մտածողության սուբյեկտ, թողնելով զինված ուժերի լոկ ֆիզիկական գործառույթը՝ սահմանին եւ երկրի ներսում:
 
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո նկատելի է զինուժի ինտելեկտուալ գործառույթի, այլ կերպ ասած՝ ռազմական սուբյեկտից ռազմա-քաղաքական մտածողության կենտրոնի վերածելու միտումը, որ տեղի է ունենում մասնավորապես պաշտպանության նախարարի մի շարք հայտարարություն-հաղորդագրությունների տեսքով: Հայաստանի զինուժի հենք դարձած հաղթանակի «ինստիտուցիոնալ հիշողությունից» զինուժում նախորդ քառորդ դարում թողել են միայն «ռազմական» մասը եւ պաթոսը: Զինուժի սերնդափոխության եւ ինտելեկտուալացման խնդիրը հաղթանակի ինստիտուցիոնալ հիշողության ամբողջական վերականգնումն է, այլ կերպ ասած երեկվա հաղթած պատերազմի խորքային աշխարհա-քաղաքական եւ պատմա-քաղաքակրթական նշանակության սուբյեկտացումը զինուժում, որը պետք է լինի վաղվա պատերազմի կանխարգելման պետական համալիր մեխանիզմի հիմքը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ,
Մեկնաբան
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 534 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար