Կրոնա-աշխարհաքաղաքական գործընթացներն ու Վաշինգտոնի նախաձեռնությունը. Շահան Գանտահարյան

22-07-2019 11:04:24   | Լիբանան  |  Վերլուծություն
Ընթացիկ շաբաթում կրոնական օրակարգը առանցքային հանգամանք է ստացել ամերիկյան Կոնգրեսի եւ ԱՄՆ պետքարտուղարության շրջանակներում: Աղոթքի միջազգային հանդիպում, կրոնական  ազատության վերաբերյալ խորհրդաժողով, զուգահեռ` «Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին ի պաշտպանություն» կարգախոսով կատարվող նախաձեռնություն:
 


Կրոնական տարազի տակ տարբեր ուղղություններ ներառած այս աշխատանքների բերումով Վաշինգտոնը համախմբել է հարյուրավոր երկրների ներկայացուցիչներ, որոնք կրոնական հետապնդումներից եւ հարձակումներից վերապրածների հետ քննարկում են ստեղծված իրավիճակների պատճառահետեւանքային խնդիրները:
 
Ճիշտ է, որ արծարծվում են տարբեր կրոնների եւ դավանանքների հետեւողների միջեւ հանդուրժողականության, համակեցության եւ վայրագության բացառման սկզբունքային մոտեցումների կիրառման հրամայականները, այսուհանդերձ ըմբռնելի է, որ հիմնական առաջադրանքը վերաբերում է Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների ապրած ճգնաժամին եւ այդ պատճառով արձանագրվող զանգվածային արտահոսքին կամ ինչպես ընդհանրապես քաղաքագիտականորեն եզրաբանվում է` Միջին Արեւելքի ապաքրիստոնեացման գործընթացին:
 
Այս հիմնախնդրի առաջնայնությունը պարզաբանում էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, երբ զգուշացնում էր Միջին Արեւելքում մանավանդ քրիոստոնյաներին իրենց կրոնական համոզումների համար չհալածելու: Այստեղ մանավանդ  քրիոստոնյաները  շեշտադրումը բացատրում է օրակարգային թեժ կետը եւ պարզաբանում Վաշինգտոնի կողմից 115
երկրների ներկայացուցիչներ համախմբելու բուն շարժառիթը:
 
Զգուշացումը վերաբերում է այսօրվա իրավիճակին։ Վերապարածները վկայություններ են տվել իրենց ենթարկված հալածանքների մասին: Բոլորը շեշտել են անհետաձգելիությունը` վերջ տալու կրոնական-դավանական պատճառներից մեկնած ի գործ դրվող բռնություններին: Քաղաքականորեն սակայն պարզամտություն պիտի ենթադրեր զուտ կրոնական տարբերությունների հիման վրա այս ամբողջ գործընթացին բացատրություն տալը: 
 
Կրոնական ծայրահեղականության անվան տակ տարածաշրջան թափանցած միջազգային ահաբեկչության նորագույն դրսեւորումը` աշխարհաքաղաքական ծրագրերի հետ առնչված վերահսկելի քաոսի տեսության գործնական կարեւոր բաժին էր: Շիա-սուննի դավանամիջյան բախումնային լարվածության առաջադրումից մինչեւ քրդերի, եզդիների, քրիսոտնյա փոքրամասնական ազգաբնակչությունների նկատմամբ կիրառված ցեղային զտումները ժողովրդագրական նոր քարտեզագծումների գործողությունների շղթայական օղակներ էին` ահաբեկչության պիտակով գործադրվող:
 
Այդ գործողությունների հետեւանքները սակայն միշտ չէ, որ մնում են վերահսկելի քաոս առաջադրողների ծրագրի սահմաններում եւ առաջացնում են անցանկալի իրավիճակներ:
 
Միջին Արեւելքում օգտագործվող ահաբեկչական գործոնը իր խաղաթղթային կարգավիճակը դեռեւ լրիվ չի սպառել: Ճշտվել են աշխարհագրական սահմանափակ գոտիները, որտեղ մեկտեղվել են այդ տարրերը, որոնք կոճակի սեղմումներով հանկարծ աշխուժանում են եւ ստեղծում ապահովական կացություն: Քնող-արթնացող ահաբեկչական բջիջների արմատական մաքրագործման գործողության ժամը դեռեւս չի հնչել։ Քաղաքական մեծ առեւտրի վերջնական գործարքը փաստորեն չի կայացել:
 
Մինչ այդ առաջադրվում է համեմատական խաղաղության հաստատման առընթեր փրկել կրոնական փոքրամասնությունների, ի մասնավորի քրիոստոնյաների մնացորդը տարածաշրջանում:
 
Հատկապես սիրիական պատերազմի թեժ օրերին միջազգային մամուլը անդրադառնում էր, որ տարածաշրջանում ազգային կրոնական փոքրամասնություններին եւ հատկապես
քրիստոնյա զանգվածի նկատմամբ եվրոպական երկրները դեկլարատիվ-զորակցական կոչեր էին հնչեցնում, մինչ Մոսկվան գործնապես, ռազմական առումով տեր էր կանգնում նրանց: Հիմա, Վաշինգտոնը քաղաքական կարեվոր նախաձեռնությամբ միջազգային համախմբում  է իրականացնում փրկելու համար այդ զանգվածների մնացորդը:Միանշանակ չի կարելի գնահատական տալ, թե այդ զանգվածի չհեռանալը որքանո՞վ է բխում նախաձեռնող կողմի շահերից. միաժամանակ անհրաժեշտ է մտածել, որ դա որքանո՞վ ձեռնտու չի այլ երկրների համար։ Հատկապես դրանց, որոնք սատարում էին ահաբեկիչների գործողություններին։
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 366 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար