Հիմա թող Վենետիկը մտածի. Հրայր Թովմասյանի անսպասելի քայլը

18-07-2019 18:05:21   | Հայաստան  |  Վերլուծություն
Սահմանադրական դատարանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ հայտնի գործի վարույթը եւ այն ուղարկել Վենետիկի հանձնաժողովի դատին: Դատարանը օրերս էր կայացրել գործը օգոստոսի 20-ին քննելու որոշում, ընդ որում գրավոր ընթացակարգով: Այժմ փաստորեն վարույթը կասեցվում է եւ ուղարկվում Վենետիկ:
 


Հրայր Թովմասյանը ստեղծված իրավիճակում կայացրել է գլուխը գոնե առժամանակ ազատելու հանճարեղ որոշում, հիմա թող Վենետիկը մտածի: Իհարկե, բացառված չէ, որ այդ որոշումը Հրայր Թովմասյանի փոխարեն մտածել է ուրիշը եւ հուշել նրան:
 
Հետաքրքիր է, որ դա տեղի է ունենում Վենետիկի հանձնաժողովի շուրջ ստեղծված ոչ անհայտ իրավիճակի շրջանակում: Օրեր առաջ նախկին իշխանությանը հարող քարոզչական շրջանակից դաշտ բերվեց Վենետիկի հանձնաժողովի ներքին մի փաստաթուղթ, որը մատուցվեց իբրեւ դատական համակարգի եւ ՍԴ նկատմամբ իշխանության քայլերի կապակցությամբ հանձնաժողովի մտահոգություն:
 
Հետո ակնառու դարձավ, որ ընդամենը քարոզչական նպատակով օգտագործվել էր բոլորովին այլ առիթ, որը ամենեւին կապ չունի Վենետիկի դիրքորոշման հետ եւ դիրքորոշում, որպես այդպիսին, չկա: Իհարկե, քարոզչական տեսանկյունից առիթը օգտագործվեց բավական հմտորեն եւ համենայն դեպս բերվեց օրակարգ, դարձվեց լրատվական թեմա: Մյուս կողմից,
դրան ի պատասխան հայտարարություն արեց հանձնաժողովն ու ազդարարեց, որ դատական ռեֆորմի շուրջ Հայաստանի իշխանության հետ գործակցում է արդյունավետ:
 
Վենետիկը փաստորեն այդ հայտարարությամբ փորձեց դուրս գալ մանիպուլյացիոն դաշտից, որում կամա թե ակամա հայտնվել էր իշխող նախկին համակարգի ջանքով: Նախօրեին հարցազրույց տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որում չբացելով հետագա քայլերի հաջորդականությունը կամ տրամաբանությունը, այդուհանդերձ կոշտ կերպով վերահաստատեց Սահմանադրական դատարանի նախագահին փոխելու քաղաքական դիրքորոշումը: Հետաքրքիր է, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որն այս գործընթացում ենթարկվում է նախկին համակարգի գուցե առավել դաժան ու կոշտ քննադատության, քան նույնիսկ վարչապետ Փաշինյանը:
 
Հետաքրքիրն այստեղ այն հանգամանքն է, որ գործընթացի ամենասկզբում հենց Արմեն Սարգսյանի եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հեռախոսազրույցն էր, երբ Սարգսյանն Աստանայից զանգել էր Երեւան՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վճռին զուգահեռ: Դրանից սկսեց լայն գործընթացը, հասնելով ներկայիս հանգրվանին:
 
Հիմա Քոչարյանի գործը փաստորեն հասավ Վենետիկ, եւ այստեղ Հրայր Թովմասյանը բավական բարդ կացության առաջ է դնում կամ Վենետիկի հանձնաժողովին, կամ Ռոբերտ Քոչարյանին: Բանն այն է, որ եթե հանձնաժողովը հայտնի դիրքորոշում, որ երկրորդ նախագահը անձեռնմխելի է, ապա կամա թե ակամա նշանակում է դուրս է գալու Հայաստանի հանրության դեմ: Պատրա՞ստ է դրան Վենետիկը: Կստացվի, որ նախկին իշխանությունը Վենետիկի հանձնաժողովին երկրորդ անգամ է փորձում ներքաշել
իր ծրագրերի դաշտ:
 
Եթե Վենետիկը հայտարարի, որ երկրորդ նախագահի անձեռնմխելիության ոտնահարման խնդիր չկա, ապա այստեղ արդեն Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանին է դնում Վենետիկի դիրքորոշումը քննադատելու անխուսափելիության առաջ: Եթե Վենետիկը հայտնի այդպիսի դիրքորոշում, ապա կստացվի, որ Ռոբերտ Քոչարյանի գործը լեգիտիմացվում է եվոպական մակարդակով, մինչդեռ երկրորդ նախագահը մի քանի անգամ դիմել է նույն եվրոպական կառույցներին, փորձելով համոզել, որ քաղբանտարկյալ է:
 
Կամ էլ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է պատրաստվեն Վենետիկ մեկնելուն:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 976 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար