Պատժիչ գործողություն Բաքվի դեմ. Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը

14-06-2019 15:40:10   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին: Հայտարարության մեջ հիշատակվում է նաեւ վերջին օրերի սահմանային լարվածությունը: Հայաստանի ԱԳՆ-ն արձանագրում է, որ լարվածություն հրահրելու Ադրբեջանի գործողությունը լավ միջավայր չի ստեղծում Վաշինգտոնի հանդիպումից առաջ: Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարությունը հայտարարում է, որ այդ իրավիճակը հստակ գերակայություն է սահմանում վաշինգտոնյան օրակարգի համար:
 


Որն է այդ հստակ օրակարգը, որի գերակայության մասին խոսում է Երեւանը, հայտարարության մեջ չի մանրամասնվում: Բայց, հիմք կա ենթադրելու կամ եզրակացնելու, որ խոսքը հրադադարի պահպանման մեխանիզմների կամ այսպես ասած Վիեննայի օրակարգի մասին է, որը քննարկվեց ապրիլյան քառօրյա պատերազմից մոտ մեկ ամիս հետո:
 
Դրան հաջորդեց Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը, որտեղ ըստ տրամաբանության պետք է լիներ Վիեննայի օրակարգի առաջմղում, բայց իրականում տեղի ունեցավ հակառակը՝ Վիեննայի օրակարգը մղվեց հետ, ինչը հաջորդ օրն իսկ երեւանյան ասուլիսով արձանագրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Նա հայտարարել էր, որ թեեւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը հաջորդած ամփոփիչ հայտարության մեջ կոնկրետ չի խոսվել հրադադարի պահպանման մեխանիզմների մասին, այդուհանդերձ իրենց համար դա է մնում առաջնահերթություն:
 
Ֆրանսիան հայտնեց Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը կազմակերպելու պատրաստակամություն, բայց մի շարք արտաքին ու ներքին հանդիպումներով փաստացի չեղարկվեց Վիեննայի օակարգը պաշտպանելու Փարիզի այդ փորձը, իսկ երրորդ հանդիպումը եղավ մեկուկես տարի անց՝ Ժնեւում, որի շրջանակում որեւէ խոսք չասվեց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին:
 
Միեւնույն ժամանակ, դրանք իհարկե չհայտարարվեցին չեղարկված: Հնարավոր է, որ այդ օրակարգը լռության մատնելը
Ադրբեջանի «դեմքը փրկելու» տրամաբանություն ուներ, պայմանով, որ Բաքուն էլ դադարեցնում է ռազմական շանտաժի եւ մարդասպանության քաղաքականությունը եւ ապավինում բացառապես քաղաքական գործընթացի: Սերժ Սարգսյանը Ժնեւում Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահն էլ շահագրգռված է, որ զոհեր չլինեն սահմանին: Բայց Սարգսյանի այդ հայտարարությունից մեկ-երկու օր անց հայկական կողմը սահմանին ունեցավ զոհ:
 
Երեւանը սակայն չգիտես ինչու դրանից հետ չպնդեց Վիեննայի օրակարգի մասին, թեեւ մարդիկ, որոնք այդ օրերին համակ լռության մեջ էին, քանի որ իշխանության մեջ էին, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությանն էին մեղադրում Վիեննայի օրակարգը «կորցնելու» մասին:
 
Գործնականում սակայն, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ոչ թե կորցրեց, այլ ձեռք բերեց կամ սկսեց թելադրել օրակարգ: Դրանում իհարկե Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը աշխուժորեն չէին հիշատակվում, որովհետեւ Երեւանը դրել էր շատ ավելի խորքային խնդիր՝ Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան, Վիեննան ու Սանկտ-Պետերբուրգը ժամանակից շուտ չհանելով գրպանից: Հետո եղավ Դուշանբեն, որից հետո մի քանի ամիս շարունակ գրանցվեց սահմանային գործնականում աննախադեպ անդորր:
 
Այժմ անդորրը խախտվում է, Ադրբեջանը վերսկսում է մարդասպանությունը: Ընդ որում, հատկանշական է, որ Բաքուն դա անում է համանախագահների ռեգիոնալ այցին զուգահեռ, ինչը թերեւս նշանակում է, որ այդ այցի օրակարգն ու բովանդակությունը Բաքվի համար եղել են ոչ շահեկան եւ անցանկալի:
 
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո զգալով Հայաստանի ձեռք բերած մեկնարկային առավելությունը, Ադրբեջանի նախագահ Ալիեւը չգնաց իրավիճակն ավելի բարդացնելուն եւ համաձայնեց ամիսների խաղաղության: Ի՞նչ է պատահել, որ բանակցային առավելության մասին խոսող Ադրբեջանը ձեռքը տանում է զենքին եւ վերադառնում մարդասպանության:
 
Դա վկայում է, որ անցնող ամիսներին ժամանակը չի աշխատել Բաքվի օգտին: Դրա մասին են վկայում ազդակները, որոնք ստացվել են թե Սպիտակ տնից, թե Կրեմլից: Միաժամանակ, Երեւանը թավշյա հեղափոխությունից հետո հստակեցրել է հայ-ռուսական փոխադարձ պարտավորությունների շրջանակը,
շատ կոնկրետ դնելով պատերազմի համար Մոսկվայի պատասխանատվության հարցը: Ռուսաստանի քարոզչական դաշտում Հայաստանի «հակառուսականությամբ» ներկման ադրբեջանական ջանքերը՝ գործընկեր ռուսաստանյան, եւ ինչն առավել տարօրինակ է՝ նաեւ հայկական շրջանակների հետ միասին, չեն տալիս ցանկալի արդյունք, ինչը պայմանավորված է նաեւ միջազգային իրադրության մի շարք էական հանգամանքներով:
 
Օրերս սպանված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան համար ադրբեջանցի զինվորականների նկատմամբ պատժի գործողության մասին Հայաստանի ՊՆ բարձրաձայնումն ու մասնակիցների պարգեւատրման մասին հայտարարությունը Երեւանի պատասխանն էին Բաքվին, որ չի կարող լինել շանտաժով քաղաքական դիրքային առավելության հասնելու որեւէ ակնկալիք:
 
Ինչ կհաջողվի Երեւանին Վաշինգտոնում, Ադրբեջանին նաեւ դիվանագիտական-քաղաքական մակարդակում պատժելու եւ սեփական առավելությունն ամրապնդելու տեսանկյունից:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 725 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար