Ուսուցչի կողմից կաշառք վերցնելը ոչ միայն էթիկայի, այլև օրենքի խախտում է

13-06-2019 14:23:11   | Հայաստան  |  Վերլուծություն
 


 
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերի վերջին հանրային քննարկման ներկայացրեց «Մանկավարժի վարքականոն» (էթիկայի նորմեր) նախագիծը, որը, սակայն, բազմաթիվ հարցեր առաջարկվեց և ներկայում գտնվում է վերամշակման փուլում։ 
Ընդհանուր առմամբ, «Մանկավարժի վարքականոնի» վերաբերյալ հիմնական մտահոգությունները կապված են նրա հետ, որ որոշ կոնկրետ երևույթներ ու հիմնախնդիրներ, որոնք կարգավորվում են այլ օրենքներով, իջեցվում են էթիկայի դաշտ և դիտարկվում էթիկայի նորմերի համատեքստում։
 
Մասնավորապես, Հանրային քաղաքականության ինստիտուտը նշում է, որ վարքականոնից պետք է դուրս բերել այն հիմնախնդիրներն ու դրույթները, որոնք կարգավորվում են այլ իրավական ակտերով, օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքով: Այդպիսին է, օրինակ, կաշառք վերցնելու կամ կաշառք տալու վերաբերյալ կետերը, որոնք, ըստ ԿԳՆ ներկայացրած նախագծի, անհամատեղելի են ուսուցչի մասնագիտական էթիկայի հետ։
 
Ինչպես նշում է «Մանկավարժի վարքականոնի» վերաբերյալ «Բաց հասարակություններ -
Հայաստան» կազմակերպության առաջարկություններում, նախագծում տեղ գտած վարքագծի տարբեր դրսևորումներ հանդիսանում են օրենսդրությա՛ն և ո՛չ թե էթիկայի կամ վարքականոնների խախտում: Նման երևույթների բացահայտման դեպքում խախտումը թույլ տված անձի նկատմամբ պետք է կիրառվեն օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ և նման վարքագծի դրսևորումները անթույլատրելիությունը չպետք է նվազեցվի և դիտարկվի էթիկայի տիրույթում:
 
Որպես օրինակ է բերվում «Մանկավարժի վարքականոնի» 1․3 կետը, որտեղ, որպես էթիկայի նորմերի սկզբունքներ, սահմանված է «հարգանք երեխայի իրավունքների ու ազատությունների հանդեպ»:
 
Խնդիրը, սակայն, այն է, որ Հանրակրթության մասին ՀՀ օրենքով արդեն իսկ սահմանում է, որ մանկավարժական աշխատողը պարտավոր է հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը: Տվյալ կետի կրկնակի սահմանումը որպես էթիկայի նորմ նվազեցնում է տվյալ պահանջի կարևորությունը և հնարավորություն է տալիս նման խախտման բացահայտման դեպքում այն որակել որպես էթիկայի նորմի խախտում` փոխարենը օրինազանց անձի նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոց կիրառելը:
 
Սրա մեկ այլ օրինակ է բերվում ՀՔԻ-ի՝ «Մանկավարժի վարքականոնի» վերաբերյալ հայտնած դիրքորոշման մեջ։ Մասնավորապես, «Մանկավարժի վարքականոնում» ասվում է, որ «ուսուցիչը չպետք է դիտավորությամբ իջեցնի իր դասավանդման որակը, որպեսզի սովորողին դրդի դասերից դուրս, մասնավոր հիմունքներով իր կամ մեկ այլ ուսուցչի մոտ պարապելու, քանի որ դա անուղղակի կոռուպցիա է և մասնագիտական պարտականությունների կատարման դիտավորյալ թերացում»:
 
Այնինչ ՀՔԻ-ն 2017-ին «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ պատրաստած «Կոռուպցիոն
ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» զեկույցում առաջարկել էր, որ օրենսդրորեն արգելվի առարկան դասավանդող ուսուցչի կողմից վճարի դիմաց մասնավոր պարապմունքների տրամադրումն իր աշակերտներին և դրա համար նախատեսվեն պատասխանատվության միջոցներ մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրինության նկատմամբ։
 
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 660 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար