Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ

13-06-2019 13:40:29   | Շվեդիա  |  Քաղաքական
 

Հունիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագ: Պատվիրակությունը ներկա է գտնվել Ռիկսդագի լիագումար նիստին, որի ընթացքում շվեդ պատգամավորները ողջունել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ հայկական խորհրդարանի ներկայացուցիչներին:
 
Ռիկսդագի փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են Հայաստան
ում տեղի ունեցող բարեփոխումները դատական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարացման բնագավառներում: Ռիկսդագի փոխխոսնակը, ջերմությամբ վերհիշելով մարտ ամսին Հայաստան կատարած այցը,
պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-շվեդական խորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանը: Աշխատանքային ճաշին մասնակցել են նաեւ Հայաստան-Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները:
 
Նույն օրը Ռիկսդագի խոսնակի կոնֆերանսների սրահում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի եւ Անդրեաս Նորլենի երկկողմ հանդիպումը, որին մասնակցել են Շվեդիայի խորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցություններին ղեկավարները:
 
Արարատ Միրզոյանը եւ պատվիրակության անդամները պատասխանել են շվեդ գործընկերների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ընթացիկ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներին, դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին: Քննարկվել է նաեւ Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը ի նպաստ Հայաստանում ժողովրդարական ձեռքբերումների կոնսոլիդացման: Քաղաքական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները միակարծիք էին Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունների վերաբերյալ դրական գնահատականներում:
 
Արարատ Միրզոյանը վերահաստատել է խոսնակ Անդրեաս Նորլենին, փոխխոսնակներին եւ բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարներին մոտ ապագայում Հայաստան այցելելու հրավերը, ինչը հնարավորություն կընձեռնի ավելի խորացնելու հայ-շվեդական խորհրդարանական համագործակցությունը:
 
Օրվա ավարտին ՀՀ ԱԺ նախագահի եւ պատվիրակության անդամների պատվին Ռիկսդագի խոսնակի պաշտոնական ընդունելությունների համար նախատեսված Վիլլա Բոնիերում տրվել է պաշտոնական ընթրիք, որին նախորդել էր երկու խոսնակների շուրջ 40 րոպե տեւած առանձնազրույցը:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 579 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար