Կառավարությունն առաջարկում է վերացնել չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը

13-06-2019 12:43:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին կատարած համատեղ աշխատանքի համար և մաղթել հաջողություն:  «Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդարադատության՝ այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի Հայաստանի Հանրապետությունում պետության կառավարման և պետության հետագա զարգացման ու շինարարության գործում»,-նշել է կառավարության ղեկավարը:
 
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»
ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից չափագիտության ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում: 
 
«Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին, սահմանված նորմերին, չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են և պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը»,- նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
 
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում ու գազալցակայաններում թերլցումների վերաբերյալ: «Փաստացի գործող կարգավորումները՝ մասնավորապես եռօրյա ծանուցման պահանջը, գործնականում անհնարին են դարձնում բացահայտել և արձանագրել այդ խախտումները: Առաջարկվող օրենքի փոփոխությամբ, փաստացի, կարողանում ենք այդ խոչընդոտները վերացնել»,- ասել է Էդուարդ Աղաջանյանը: 
 
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և առաջարկություններ ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:
 
Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին հունիսի 28-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 401 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար