Մասիսի զարգացման հիմնադրամը նախաձեռնել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիր Մասիսի դպրոցներում

21-05-2019 11:55:02   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Մասիսի զարգացման հիմնադրամը Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի շրջանակում ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, AFFA բարեգործական հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի և Արարատի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիր Արարատի մարզի Մասիս քաղաքում:
 

Ծրագրի առաջին փուլի սկիզբը դրվել է մայիսի 20-ին Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում. մեկնարկել են հանրային լսումներ, որոնց մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան, Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, Մասիսի զարգացման հիմնադրամի վարչական մասի պատասխանատու Տիգրան Առաքելյանը, AFFA բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Ադիբեկյանը, Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Թումո-Երևան ծրագրերի ղեկավար Բեկոր Փափազյանը, Մասիս քաղաքի հիմնական դպրոցների տնօրենները, ուսուցչական և աշակերտական կազմը:
 
Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագրի նախաձեռնությունը միտված է միջազգային կապերի ամրապնդման, Մասիսում կրթության որակի բարելավման, ինչպես նաև առաջատար ֆրանսիական կրթական կազմակերպությունների հետ
փորձի փոխանակման ամրապնդմանը։ 
 2018 թ-ից սկսած ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածումն ու ամրապնդումը Մասիս քաղաքում Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության հիմնական և նպատակային ուղղություններից է:
 
«Փոքր քաղաքների բնակիչները որակյալ դպրոցական կրթության ստանալու հարցում մայրաքաղաքների բնակիչների հետ հավասար հնարավորություններ պետք է ունենան։ Հենց բարձրորակ բազային կրթությունն է այն հիմքը, որը հանդիսանում է ոչ միայն անհատի, այլև քաղաքի, տարածաշրջանի զարգացման հաջողության երաշխիքը։ Մասիսի զարգացման հիմնադրամի առաջնահերթություններից է ցուցաբերել համապարփակ աջակցություն բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են կրթության մակարդակի բարձրացմանը, միջազգային փորձի ներդրմանը և առհասարակ՝ կյանքի բարելավմանը»,- իր խոսքում նշել է Մասիսի զարգացման հիմնադրամի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը։ 
 
Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման պիլոտային ծրագիրը կյանքի կկոչվի աշնանը և առաջինը կիրականացվի Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում:
 
 
 
 
 
 «Դպրոցի ընտրությունը պատահական չէ: Հիմնադրման օրվանից ի վեր ֆրանսերենը եղել է առաջնային օտար լեզուներից, վերջին տարիներին է ավելացել նաև անգլերենի ուսուցումը: Աշակերտներն ունեն բարձր առաջադիմություն և բազմիցս մասնակցել են ֆրանսերեն լեզվով տարբեր միջոցառոմների, օլիմպիադաների: Ընդհանրապես Արարատը ֆրանկոֆոն մարզ է, այս առումով ողջունում ենք Մասիսի զարգացման հիմնադրամի նախաձեռնությունը, որը հաշվի է առնում մարզային խնդիրներն ու պահանջները և այստեղ իրականացնում է զարգացման ծրագրեր», - նշել է Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը։
 ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիրը հաջողելու դեպքում կկիրառվի նաև տեղի մյուս հիմնական դպրոցներում ( թիվ 2, 3, 4 , 6):
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան իր խոսքում կարևորել է  Ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին ինտեգրվել ֆրանկոֆոն կրթական համակարգ և ստանալ ժամանակակից մրցակցային կրթություն․ «Մասիսում ֆրանսերեն սովորող աշակերտների քանակը կազմում է ամբողջ Հայաստանի աշակերտների 4%-ը, ինչը փաստում է այն մասին, որ Մասիսն ավելի
ֆրանսիախոս է, քան Հայաստանի մյուս քաղաքները: Ֆրանսիայի դեսպանատունը Հայաստանում իր աջակցությունն է ցուցաբերում ծրագրի իրականացման հարցում», - նշել է Բորտոլան:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի խոսքով՝ շնորհիվ Մասիսի զարգացման հիմնադրամի Ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի շրջանակում սովորող բարձր առաջդիմություն ունեցող սաներից հինգը, ովքեր իրենց ուսումը կշարունակեն Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կստանան կրթաթոշակի հնարավորություն:
Հանրային լսումներից հետո կայացավ նաև Մասիս քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի հոգաբարձուների խորհուրդի նիստը: Առաջիկայում նախագծի հեղինակներն իրենց առաջարկներով և հանրային քննարկման արդյունքերով կդիմեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 294 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար