Ալեքսանդր Ռոմանովսկու երաժշտական հրաշքը՝ հայկական բեմում

23-04-2019 11:13:07   | Հայաստան  |  Մշակույթ
 

«Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում տեղի ունեցավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկու հանդիպումը հայ երաժշտասերների հետ։ Դաշնակահար, ում երաժշտական քննադատները շռայլել են իրենց բարձր գնահատականները, ում համաշխարհային մամուլն անդրադարձել է ամենաջերմ մեկնաբանություններով, ում հայ հանդիսատեսը սիրում ու ընդունում է բուռն ծափահարություններով։ 
Ալեքսանդր Ռոմանովսկու և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթին ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ 
 
Համերգային ծրագրում ընդգրկված էին Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։ Ռոմանովսկին Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը նվագում է 16 տարեկանից և Հայաստանում այն ներկայացնում էր առաջին անգամ
։ Դաշնակահարը խոստովանում է, որ ամեն անգամ մեծ հաճույքով է այցելում Հայաստան, քանի որ զգում է հանդիսատեսի աներևակայելի հզոր ազդեցությունը, մեծ սերն իր նկատմամբ, և չարձագանքել այդ վերաբերմունքին ինքը չի կարող։ «Բոլոր մարդիկ, որ գալիս են համերգ, ինչ-որ հրաշք են սպասում, իսկ արտիստի խնդիրն այդ հրաշքը բեմում արարելն է»,- ասում է Ռոմանովսկին, ով այդ հրաշքը պարգևեց ունկնդրին իր դյութիչ ու աննկարագրելի երաժշտությամբ, Ռախմանինովի կոնցերտի գեղեցիկ մեկնաբանմամբ։ Ունկնդիրը վայելում էր երաժշտի ստեղծած իրական հրաշքը և անվերջ ծափահարություններով չէր թողնում նրան հեռանալ բեմից. բիս և բրավո բացականչությունների ներքո Ռոմանովսկին ներկաներին պարգևեց ևս երկու կատարում։
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Ռոմանովսկին իր և նվագախմբի լավագույն ընկերներից է։ «Ռախմանինովի Դաշնամուրի երրորդ կոնցերտը այն ստեղծագործություններից է, որը կատարելիս երաժիշտները պետք է վստահ լինեն իրենց ուժերի վրա, և բեմում պետք է երևա մենակատարի, նվագախմբի և դիրիժորի արտիստական ընկերությունը։ Ռոմանովսկին այն արտիստներից է, ումից ամեն անգամ բեմում ստանում ես նոր լիցքեր, նոր գաղափարներ, նոր մեկնաբանություններ»,- ասաց
դիրիժորը՝ շեշտելով, որ Ալեքսանդր Ռոմանովսկու հետ համագործակցությունը լինելու է շարունակական։
Երեկոյի երկրորդ մասում հնչեց Ռախմանինովի Երկրորդ սիմֆոնիան։ 
 
Համերգին ԴասA ծրագրի շրջանակներում ներկա էին նաև Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի աշակերտները։ Ի դեպ, նույն օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում դասական դասաժամ էր անցկացվել աշակերտների համար, որի ընթացքում Ալեքսանդր Ռոմանովսկին աշակերտների առջև հանդես է եկել փոքրիկ մենահամերգով։ 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 312 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար