Երիտասարդական աշխատողները որակյալ կրթության կարիք ունեն

22-04-2019 10:30:56   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն
«Միջազգային երիտասարդական ուսումնասիրություններ» ծրագրի վերջին ամփոփիչ կանգառը Բրյուսելում էր
 

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնությունն (FYCA) իր եվրոպական մի շարք գործընկերների հետ իրականացնում է «Միջազգային երիտասարդական ուսումնասիրություններ» (InYouS) երկարաժամկետ ծրագիրը: 
 
Բրյուսելյան հանդիպման նպատակը ծրագրի ամփոփումն ու երիտասարդական աշխատողի համար հեռավար ուսուցման դասընթացի բովանդակության և մոդուլների մշակումն էր, որը պատրաստ կլինի 2019-ի հունիսին։ Միաժամանակ՝ ամփոփվեցին նախորդ 4 միջազգային ծրագրերը, որոնք իրականացվել էին Հայաստանում, Վրաստանում, Չեխիայում և Ուկրաինայում: 
 
Դասընթացում ներառվելու են մոդուլներ կազմակերպության և ծրագրերի համակարգման, երիտասարդական աշխատողի ունակությունների, երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության, կրթության, քաղաքականության, հաղորդակցության, ճանաչման, գնահատման, երիտասարդության մասնակցության, եվրոպական երիտասարդական աշխատանքների և կառույցների, ինչպես նաև վիզուալ հաղորդակցության վերաբերյալ։
 
Ծրագրային օրերից մեկը նվիրված էր այցելություններին, որի ընթացքում մասնակիցները և ծրագրի կազմակերպչական թիմը այցելեցին ԵՄ Եվրահանձնաժողովի Երիտասարդության և մշակույթի գլխավոր տնօրինություն (DG EAC)՝ հանդիպում-քննարկում ունենալով Էրազմուս+ երիտասարդական քաղաքականության և աջակցության մասնագետ Միխայիլ Մոսչովակոսիի, Կրթության, տեսաձայնային և մշակութային գործադիր գործակալության Էրազմուս սպորտի, երիտասարդության միավորի փոխնախագահ Լենե Մեյերի և կարողությունների զարգացման աշխատակից Քրիստելե Ֆիլիպսի հետ։ Ծրագրի փուլերն ու արդյունքները ներկայացնելուց հետո, մասնակիցները և կազմակերպիչները հարցեր ուղղեցին ԵՄ ներկայացուցիչներին։ Հարցերը հիմնականում վերաբերում էին Եվրամիության երիտասարդական ռազմավարության, ԵՄ-ի Երիտասարդական աշխատանքի օրակարգին: Մասնակիցները հետաքրքրվեցին, թե ինչպես կարող են ներգրավվել
Եվրամիության որոշումների կայացման գործընթացին և երիտասարդական աշխատողները ինչպես իրենց ձայնը լսելի դարձնեն: 
 
Կարողությունների զարգացման ծրագրերի համակարգող Քրիստելլե Ֆիլիպսը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ նմանօրինակ հանդիպում իրենց շահառուների հետ այս ֆորմատով առաջին անգամ է տեղի ունենում։ Նա տվեց գործնական խորհուրդներ ծրագրի վերջնական արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու և արդյունավետ համակարգելու և փաստաթղթավորելու վերաբերյալ։
 
Հաջորդ կանգառը եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Եվրոպական երիտասարդական ֆորումի ներկայացուցիչների հետ հանդիպում էր, որին մասնակցեցին նաև «Միջազգային երիտասարդական ուսումնասիրություններ» ծրագրի արտասահմանյան գործընկեր կազմակերպությունների անդամները։
 
«InYouS» ծրագրի համակարգող, Երիտասարդական ակումբների դաշնության միջազգային քարտուղար Դիանա Եղիազարյանը Եվրոպական երիտասարդական ֆորումին մանրամասն ներկայացրեց երիտասարդական աշխատանքի ճանաչման ուղղությամբ վերջին երկու տարիներին իրականացրած գործողությունները՝ ընդգծելով, թե ինչ վերջնարդյունք է սպասվում «Միջազգային երիտասարդական ուսումնասիրություններ» ծրագրի ավարտին։ Դիանա Եղիազարյանի խոսքով՝ երիտասարդական աշխատողները, որոնք այս պահին չունեն ճանաչում ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում և լիարժեք ընկալելի չեն ԵՄ անդամ երկրներում, հնարավորություն կունենան օգտագործելու ծրագրի արդյունքում ստեղծված դասընթացն ու բաց կրթական նյութերը։
 
ԵԱԴ նախագահության անդամ, ծրագրերի համակարգող Արման Գրիգորյանն էլ նշեց, որ «Մենք հույս ունենք, որ երիտասարդական աշխատանքի ճանաչմանն ուղղված մեր ծրագիրը հետագա տարիներին էլ շարունակական կլինի։ Աջակիցների ցանկում ունենալ այնպիսի կազմակերպություն, ինչպիսին է Եվրոպական երիտասարդական ֆորումը, կարևոր է։ Երիտասարդական աշխատանքի ճանաչմանն ուղղված գործողություններում մենք միակարծիք ենք ակտիվության խթաման հարցում, և առաջնային կարևորություն ենք տալիս որակյալ երիտասարդական աշխատանքին և կրթությանը»։
 
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի գիտքարուղար Ատոմ Մխիթարյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են տարվել ստեղծելու երիտասարդական աշխատանքի մասին առցանց դասընթաց, որը կարող է հետագայում ավելի ընդլայնվել. «Մենք կարևորում ենք երիտասարդական աշխատանքի խթանումն ու ճանաչումը։ Հայաստանում և Եվրոպայում այն կարևոր նշանակություն ունի։ Այդ ուղղությամբ փորձում ենք ինչպես արդեն փորձարկված, այնպես էլ նորարարական գաղափարներ իրականացնել»։
 
Եվրոպական երիտասարդական ֆորումի քարտուղարության ներկայացուցիչ, քաղաքականության մշակման մասնագետ Լիվա Վիկմանեն ուրախությամբ հայտնեց, որ այսօրինակ հանդիպումները ոչ միայն անհրաժեշտ են միմյանց հաջողությունների և կարիքների մասին իմանալու, այլև շատ մեծ կարևորություն ունեն համագործակցության շրջանակն ընդլայնելու համար։
Կազմակերպության նախագահության անդամ Անդրեա Կասամենտին էլ նշեց, որ մշտապես հետաքրքրված են, թե ինչ թեմաներ են ընդգրկված երիտասարդական ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր եվրոպական կազմակերպությունների օրակարգում. «Ուրախ ենք, որ երիտասարդական աշխատանքը մեծ տեղ է գրավում Երիտասարդական ակումբների դաշնության օրակարգում։ Պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցելու բոլոր այն հարցերում, որտեղ կզգաք Եվրոպական երիտասարդական ֆորումի կարիքը»։
 
Հանդիպման ընթացքում ակտիվորեն քննարկվեցին նաև «Միջազգային երիտասարդական ուսումնասիրություններ» ծրագրի սպասվող վերջնարդյունքի հետ կապված մի շարք գործնական հարցեր, այդ թվում՝ երիտասարդական աշխատանքի ճանաչման ակտիվ խթանումը։ Եվրոպական երիտասարդական ֆորումի ներկայացուցիչները հանդես եկան առաջարկություններով եւ առանձին դիտարկումներով՝ ցանկանալով իրենց փորձը փոխանցել ԵԱԴ-ին և ծրագրի մյուս գործընկերներին։
 
Ծրագրի վերաբերյալ ավելին իմանալու համար այցելե՛ք ծրագրի կայք՝ www.fyca.net/inyous.
 
#FYCA #InYouS #EU #ERASMUS+ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 427 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար