Երբ եկել էր օլիգարխիկ շրջանակներին մերժելու վճռական պահը, իրենք գնացել իրար հետ հուշագրեր են ստորագրել

22-04-2019 09:56:08   | Հայաստան  |  Վերլուծություն
Lragir.am-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը
 


 
Նախորդ շաբաթ ԱԺ-ում քննարկվել ցեմենտի մաքսատուրքի վերաբերյալ օրենք
ի նախագիծը, և մի ամբողջ խմբակցություն՝ ԲՀԿ-ն, լծված էր «Արարատ ցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու գործին։ Սա ի՞նչ է ցույց տալիս, որ մեզ մոտ բիզնեսն ու քաղաքականությունն այդպես էլ հնարավոր չեղա՞վ նույնիսկ հեղափոխությունից հետո տարանջատել։
 
 
Ես համաձայն եմ այդ դիտարկման հետ։ Ընդհանրապես, երբ քաղաքական օրակարգեր են հնչում, դրանք ցանկությունների ժողովածուներ չեն, պետք է հարգանք դրսևորել դիմացինի աշխատանքի նկատմամբ և գոնե հետաքրքրվել, թե ինչի մասին է խոսքը։ Երբ մենք ասում էինք, որ նախքան ընտրությունները պետք է գնալ այն ճանապարհով, որ Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը փոփոխելու ճանապարհով և ապօրինի կուտակված սեփականությունը պաշտպանելու հետ կապված մոտիվացիան վերացնելու ճանապարհով, որպեսզի այդ ուժերը չհայտնվեն Ազգային ժողովում, կառավարման մարմիններում և քաղաքական թիմերը քաղաքացիներից որևէ ձևով ստացած մանդատը չծառայեցնեն անձնական շահերին, հավանաբար, այդ փուլում մարդիկ մտածում էին, որ դրանք հռչակագրային հայտարարություններ են։
 
Հիմա իրենք դրա հետևանքներն են տեսնելու և, խոշոր հաշվով, իրենք են ԱԺ-ում աշխատելու այդ մարդկանց հետ։ Բարին իրենց հետ, ես ուղղակի ցավում եմ, որ Ազգային ժողովում որակական առումով խոսակցությունները մեկ մակարդակ չբարձրացան, և էլ ավելի ցավով եմ արձանագրում, որ Սերժ Սարգսյանի ժամանակ գոնե բացահայտ չէին ասում՝ գործերս թողել եմ, եկել եմ ստեղ, Երևանի ցեմենտի գործարանի հետ պայմանավորվել եմ՝ կլինկերը ձեզնից կառնեմ։ Ես խոսում եմ ԱԺ ամբիոնից հնչած հայտարարությունների մասին։ Այսինքն՝ մի պատգամավորը կարող է հայացքով թեքվի դեպի մի ամբողջ խմբակցություն և ասի՝ Երևանի ցեմենտի գործարանի հետ պայմանավորվել եմ՝ հումքը ձեզնից կառնեմ, մյուս պատգամավորը կանգնի ասի՝ ընդունում եք, ընդունեք այդ օրենքը, մենք էլ կսկսենք կլինկերը ներկրել, հետո մեկն էլ ասի՝ գործերս թողել եկել եմ, որ էս մարդկանց բացատրեմ՝ ինչ են անում։ Աբսուրդ է սա, կրկես է։
 
Կառավարության կառուցվածքի փոփոխությունները նույնպես ընդունվեցին ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ փոփոխությունները՝ հաշվի առնելով, որ կառավարությունը չհամաձայնեց ԱԱԾ-ին և ոստիկանությանը նախարարությունների կարգավիճակ տալու առաջարկին։
 
Ուժային կառույցների հետ կապված միանշանակ չի այդ հարցը։ Եթե խորհրդարանական վերահսկողության մասին է խոսքը, ապա կարող են այդ կառույցները խորհրդարանին հաշվետու լինեն օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններ անելու ճանապարհով։ Միանշանակ չէ,
որ այդ կառույցները վարչապետին ենթակա չպետք է լինեն։ Անվտանգային համակարգի տրամաբանությունից է բխում, թե ինչպիսի անվտանգային համակարգ ենք մենք պատկերացնում։ Այս հարցում ես առավել շատ հակված եմ, որ դրանք չլինեն քաղաքական կառույցներ, չլինեն նախարարություններ, բայց ամեն դեպքում խորհրդարանական ընդդիմության տեսակետը նույնպես գոյության իրավունք ունի։ Մոտեցման հարց է, պետական ապարատի և պաշտպանական համակարգի մասին պատկերացումների հարց է։
 
Բայց ընդհանուր առմամբ, կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին կուզենայի խոսել. ընդհանրապես, ինչպե՞ս են աշխատում այսպիսի մեծ համակարգերի հետ։ Պետք է հասկանաս՝ ինչ ես ուզում անել,  հետո պետք է հաշվես, թե դա անելու համար քեզ ինչ է պետք, հետո այդ պետք եղածից ինչքանն ունես և պակասն ինչպես ես լրացնում։ Հիմա, ըստ այդմ, կառավարությունն ունի ծրագիր, թեև շատ դժվար է դա ծրագիր կոչել։ Ամեն դեպքում, կա ծրագիր, պետք է կազմել միջնաժամկետ ծախսային ծրագրերը, դրանից բխում է, որ իրենց ինչ-որ X չափի ապարատ է պետք։ Կառավարությունը պետք է գնահատի, թե իրեն ինչ չափի ապարատ է պետք իր ուզած գործն անելու համար։ Հետո պետք է նաև գնահատի, թե մեր ունեցած ապարատն այդ պետք եղածի որ մասն է։ Կարող է պետք եղածի 120 տոկոսն է իր որակի և ֆունկցիոնալության առումով, կարող է 60 տոկոսն է։ Կարող է քանակական առումով երկու անգամ մեծ է, բայց որակական առումով կեսին էլ չի հասնում։ Այսինքն ֆունկցիոնալ վերլուծություն պետք է անել։ Այդ բոլոր հետազոտություններն ունենալուց հետո ինքը նոր պետք է գնա կառուցվածքային փոփոխությունների և օպտիմալացման ճանապարհով, այսինքն կրճատի այն բոլոր հաստիքները, որոնք այդ վերլուծության արդյունքում ավելորդ են ճանաչվել։ Միաժամանակ պետք է ստեղծի այն բոլոր հաստիքները, որոնք կապահովեն գործառույթների ամբողջականությունը, տեղեկատվության փոխանակման ամբողջականությունը, այսինքն շղթան կամբողջացնեն։ Հիմա մենք հարց ենք տալիս՝ ո՞ւր է այդ ֆունկցիոնալ վերլուծությունը, թե ինչ է պետք ձեզ այդ գործն անելու համար և ինչ կա իրականում։ Ասում են՝ կանենք։ Մենք էլ ասում ենք՝ եղբայր, եթե կանեք, բա ինչի՞ եք հակառակ կողմից սկսել։ Այդ հարցին պատասխան չկա։
 
Կա երկրորդ հարցը. այդ ապարատը իրենց կուսակցության գրասենյակից չեն բերել, այդ ապարատը բոլորին է պատկանում, դա հանրային կառավարման ապարատ է, և բոլորը դրա նկատմամբ հավասար իրավունքներ և դրանից հավասար շահեր ունեն։ Եթե իրենք չհամակարգված, տարերային կերպով այդ ապարատում փոփոխություններ են անում, դրա հետևանքները կրելու ենք մենք, կրելու է հաջորդ կառավարությունը, ՀՀ քաղաքացին։ Դրա համար այդ ապարատում փոփոխությունները պետք է լինեն խիստ հիմնավորված և հաշվարկված։ Պետք է սկսել դրանից, հասկանալ՝ ինչ ենք անում, դրա համար ինչ է պետք, ինչ կա հիմա և ոնց ենք վարվում եղածի հետ։ Այդ առաջին երեք շղթան թողել են, մատից հոտ քաշելով փոփոխությունների քաղաքականություն են տանում։
 
Քաղաքացիների հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս մեկ տարվա ընթացքում ինչ խոստում տվել է՝ կյանքի է կոչել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը, իսկապե՞ս խոստումները կյանքի են կոչված։
 
Ճիշտ չի ասում վարչապետը, որ բոլոր խոստացած փոփոխությունները կատարել են։ Առնվազն ես հիշում եմ, որ նա խոստացել էր, որ ընտրություններ տեղի չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեռ ԸՕ-ը չի փոփոխվել, բայց իրենք ընտրություններ նշանակել են առանց ընտրական օրենսգիրքը փոխելու։ Իրենք ունեն իրենց մեղավորությունը ԸՕ-ն չփոխելու մեջ։ Իրենք դեռ երկար ժամանակ են դրա պատասխանատվությունը կրելու։ Խոստացել էին, որ իրենք կձեռնարկեն միջոցներ, որպեսզի օլիգարխիկ շրջանակները քաղաքական հետաքրքրություններ չունենան, բայց իրենք այդպիսի միջոցներ չեն ձեռնարկել։ Ավելին, երբ եկել է վճռական պահը, եթե ոչ իրավական, ապա գոնե քաղաքական ճանապարհով նրանց մերժելու, իրենք գնացել իրար հետ հուշագրեր են ստորագրել այն մասին, որ ընտրությունների ժամանակ իրար հավին «քշա» չեն ասելու, որ նրանք խոշոր սեփականատերեր են, ոչ թե օլիգարխներ։ Չի կարելի այդպիսի բաներ ասել։ Ես հասկանում եմ, որ իրենց համար հավանաբար բավական ծանր է որևէ ուժի մատնանշել, բայց դա իրենց մեղավորությունն է, իրենք են դրա տակ մտել ու մնացել։ Ու իրենք այդ բեռի տակ մնացել են ոչ թե դրա ծանրության, այլ անձնական որոշակի հետաքրքրություններ և քաղաքական ամբիցիաներ ունենալու պատճառով։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 100 տոկոսով կատարել են բոլոր խոստումները, որոնք ստանձնել են, դա առնվազն ազնիվ չէ։ Ես գիտեմ՝ ինչու է նա այդպես անում, բայց սուտը դրանից ճշմարտություն չի դառնում։ Թող ասի՝ 99 տոկոս ենք կատարել, դրանից ոչ ոք չի նեղանա։
 
ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ են սկսվել։ Արդեն ուշացա՞ծ է սա։
 
Ես հակադարձ հարցը տամ՝ եթե Գագիկ Ծառուկյանն արդեն Ազգային ժողովում է, արդյոք ուշացած չի այդ փոփոխությունը։
 
Բայց այն ժամանակ իշխանությունը բազմաթիվ փաստարկներ էր բերում ընտրություններն արագացնելու համար, այդ թվում՝ սաբոտաժի խնդիրը կար։
 
Գուցե այն իսկական քաղաքական կարողությունը, որ իրենք ունեցել են և դրա համար էին այդքան վախեցած սաբոտաժներից և չգիտեմ ինչերից, բայց ես հստակ կարող եմ ասել, որ իրենց քաղաքական թիմն ունի մեղավորություն ԸՕ-ի տապալման մեջ։ Երբ իրենց քաղաքական թիմն ասում էր, որ ընտրություններ կլինեն միայն այն ժամանակ, երբ կփոխենք ԸՕ-ն, իրենք այդ ժամանակ գիտեին, որ ՀՀԿ խմբակցությունում հեզիկ-նազիկ մարդիկ չեն նստած։ Այս առումով իրենք ոչ մի արդարացում չունեն։ Ինչ վերաբերում է նրան, որ հիմա են արվում այդ փոփոխությունները, ես ուզում եմ հակադարձ արձանագրումն անել. երբ հայտարարվում է, որ Հայաստանում տեղի են ունեցել ամենաժողովրդավարական ընտրությունները, իհարկե, ընտրությունները եղել են ազատ, հիմնականում անկաշկանդ, բայց դրանց քաղաքական արդյունքն այն է, որ Ծառուկյանի թիկնազորի պետը 8 հազար ձայն է հավաքել։ Դա այդ ընտրությունների քաղաքական որակն է։ Թող իրենք իմանան, որ այդպիսի ընտրություններ են կազմակերպել ԸՕ-ն չփոխելու պատճառով։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1023 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար