Սերժ Սարգսյանը խախտեց լռությունը. վտանգավոր ձնագունդ

21-03-2019 18:07:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Շախմատի տան դահլիճ տանող աստիճանահարթակին մի պահ կանգնելով` Հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին ի պատասխան հայտարարեց, որ ելույթ կունենա, երբ ժամանակը գա:
 


 
Սերժ Սարգսյանը վերջին անգամ ելու
յթ է ունեցել խորհրդարանի ամբիոնում, 2017 թվականի ապրիլի 7-ին, եթե իհարկե ելույթ չհամարենք Մարիոտ հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի հետ չստացված, իսկ գուցե նաեւ ստացված (նայած, թե ինչ դիտանկյունից) հանդիպմանը հնչեցրած կարճ խոսքը:
 
 
Շատերը համարում են, որ Սարգսյանի վերջին ելույթը նրա հրաժարականն էր, մասնավորապես «Նիկոլը ճիշտ էր՝ ես սխալվեցի» հայտնի ձեւակերպումը: Բայց, դա ելույթ չէր, դա հայտարարության տեքստ էր, որ տարածվել էր Սարգսյանի անունից: Իհարկե, Սարգսյանը որեւէ անգամ չի հրաժարվել այդ տեքստից, բայց տարբերությունը՝ ելույթի եւ տարածված տեքստի, անշուշտ նկատելի է: Ընդ որում, կարեւորությունը տարբերությամբ չէ, որ որոշվում է, սակայն այստեղ կա նուրբ հանգամանք:
 
Սերժ Սարգսյանը գործնականում երբեք չի խոսել հանրության հետ,
նրա ելույթները, անգամ նախագահության տասնամյակում, խորքային առումով միշտ ուղղված են եղել իշխող համակարգին: Սարգսյանն իրատես էր եւ շատ լավ էր պատկերացնում, որ հանրությունը չունի իրեն լսելու ցանկություն եւ նաեւ անհրաժեշտություն, չունի որեւէ սպասում իրենից, թեկուզ խոսքի տեսքով: Հետեւաբար, նա լավ պատկերացնում էր, որ չկա հանրությանը որպես գլխավոր կամ հիմնական զրուցակից ընտրելու անհրաժեշտություն, դա կլիներ ինքնախաբեություն կամ ժամանակի ու էներգիայի կորուստ:
 
Սարգսյանը խոսում էր իշխող համակարգի հետ, որովհետեւ այդ համակարգի հետ ուներ խոսելու բան: Ապրիլի 23-ին նա փաստորեն հրաժարվեց խոսելուց եւ տարածեց գրավոր տեքստ, որտեղ ընդունում էր ոչ թե հանրության առաջ սխալ լինելը, կամ Մարիոտում սխալ լինելը, այլ սխալվելն այն հարցում, որ չէր գնացել իշխող համակարգի ապամոնտաժման այն շրջանում, երբ կար դրա հնարավորությունն ու քաղաքական, ընդհուպ աշխարհքաղաքական միջավայրը:
 
Խնդիրն անշուշտ ներհամակարգային դիմակայության տիրույթում է: Սերժ Սարգսյանը պարզապես համարում էր, որ գնալով համակարգի մյուս թեւերի հետ փոխզիջումային պայմանավորվածության, կապահովի առավել անվտանգ հեռանկար: Նա հայտարարել է հենց այդ սխալի մասին, որովհետեւ 2016-ի ապրիլ-հունիսին նա հայտնվել էր անդունդի եզրին, Հայաստանն էլ իր հետ:
 
Հետո գտնվեց Կարեն Կարապետյանի ժամանակավոր լուծումը, երբ Սարգսյանն իշխանության մի մասը հանձնեց նախկին համակարգի բեւեռներից թերեւս քաղաքականապես ամենաապաշնորհ ներկայացուցչին, հաշվարկելով հենց այդ ապաշնորհության վրա, բայց միաժամանակ որոշակի ժամանակահատվածի համար թե ներհամակարգային, թե ներռուսական հարվածներից պաշտպանվելով նրանով:
 
Բայց միեւնույն է, այդ լուծումը չուներ հեռանկար, Սարգսյանը կամ ինքն էր «զոհաբերելու» համակարգը, կամ դառնալու էր համակարգի անխուսափելի «զոհաբերությունը»: Ընդ որում, եթե չստացվեր Փաշինյանի առաջնորդությամբ հանրության պայքարը եւ չունենար հաջողություն, Սերժ Սարգսյանի պարտությունը լինելու էր անխուսափելի: Նրա երրորդ ժամկետը դատապարտված էր՝ կամ հանրության պայքարով, կամ դատապարտված էր ներհամակարգային պարտության:
 
Այդ իմաստով, «երբ գա ժամանակը, ես ելույթ կունենամ» հայտարարությունը գործնականում հրաժարականի տեքստի վերահաստատում էր: Սարգսյանն ակնարկում էր, որ իրավիճակը այդ շրջանի համեմատ չի ենթարկվել փոփոխության, որ լինի նոր ասելիքի անհրաժեշտություն, ըստ այդմ Նիկոլը դեռեւս շարունակում է ճիշտ լինել, իսկ ինքը՝ «սխալ», բայց հենց դրանով էլ ճիշտ, որ կարողացավ գնահատել իրավիճակն ու հանձնել իշխանությունը հանրությանը, որպեսզի մի «գեղեցիկ» օր նախկին համակարգն իրեն հանրությանը չհանձներ:
 
Ընդ որում, հատկանշական է մի հանգամանք, որ Սերժ Սարգսյանը հրաժարականի տեքստը վերահաստատում է բավականին ուշագրավ մի ֆոնի: Այս օրերին բավական լայն տարածվել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը Ռոբերտ Քոչարյանին, այսպես ասած պատմական անցուդարձի հիշեցումներով: Իսկ արժե հիշել, որ Շիրխանյանը մինչեւ թավշյա հեղափոխությունը ձերբակալվել ու կալանավորված էր Նորք-Մարաշի զինված խմբի հայտնի գործով, որով հրապարակվել էին նաեւ մանրամասներ, թե նա ինչպես էր քննարկել ընդհուպ Սերժ Սարգսյանին վերացնելու, հետո Սեյրան Օհանյանին ապավինելու հարցերը:
 
Այժմ հանրությունը փոթորկվել է Շիրխանյանի՝ Քոչարյանին գրած նամակով, որտեղ իրադարձություններ է հիշեցնում երկրորդ նախագահին: Ի՞նչ պատասխան է ստանալու Շիրխանյանը Քոչարյանից, կերեւա: Բայց կարծես թե գործի է դրվում մի «մաքոք»՝ ներսից, թե դրսից, որը կարող է պտտվել ձնագնդի էֆեկտով, կանգ չառնելով որեւէ մանիպուլյացիայի առաջ, ընդհուպ պետական անվտանգությանն առնչվող հարցերում:  Սերժ Սարգսյանն ահա այդ ֆոնին հայտարարում է, որ կխոսի, երբ ժամանակը գա: Արդյոք երբ ձնագունդը մոտենա իրեն, թե՞ պետական որեւէ վտանգավոր կետի, որովհետեւ նրա անվտանգությունն այժմ միարժեք բխում  է պետության անվտանգությունից:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1001 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար