«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ» գործի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին

21-03-2019 16:18:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ» գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ԷկոԼուրն ուղարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Տվյալ գործով դատավարությունը տեղ ունեցավ սույն թվականի մարտի 11-ին: Դիմումը ներկայացրեց Հայակական բնապահպանական ճակատի անդամ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության նախկին անդամ Աննա Շահնազարյանը` նշելով, որ 2007 թ. «Վալլեքս» խմբի ընկերությունների անդամ «Արմենիան քափըր փրոգրամ»  ընկերությունը (իսկ հետագայում  «Թեղուտ» ՓԲԸ-ն) թույլտվություն ստացավ` Լալվարի անտառների զգալի մասը ոչնչացնելու և տեղում 25 տարով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր շահագործելու ծրագիրն իրականացնելու համար`
հաշվի չառնելով շրջակա միջավայրի վրա աղետալի հետևանքների ներգործությունը
խախտելով ՀՀ Սահմանադրությունը,  վավերացված կոնվենցիաները,  ինչպես նաև բազմաթիվ միջազգային և ներպետական իրավական ակտերը
հաշվի չառնելով  հանրության կարծիքը` ազգային հարստության սեփականացման ու անխնա թալանի հարցում
խախտելով գյուղացիների գույքային իրավունքները, ինչը հանգեցրեց խիստ անհամաչ փոխհատուցման, և ինչը 2018թ. դրությամբ ճանաչվել է որպես իրավունքների խախտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
Որպես տուժողներ հանդես եկան Շնող համայնքի ավագանու անդամ Աշոտ Ադամյանը, Շնողի բնակիչներ Լևոն Ալիխանյանը, Արայիկ Բաբայանը, Թեղուտ բնակավայրի բնակիչ Ռայա Մելքոնյանը: ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը ներկայացրեց պաշտոնական դիրքորոշումը: Որպես վկաներ հանդես եկան «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Լենա Մանվելյանը, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Անի Խաչատրյանը և Լևոն Գալստյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը: Իր փորձագիտական գնահատականը ներկայացրեց ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:
Բնապահպանական հանրային դատարանը` էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյան, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյան, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան, Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան  կազմով վճռեց.
«1. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվությունների տրամադրման և գործարկման ընթացքում թույլ տրված օրինախախտումները, որոնք տարածաշրջանում հանգեցրել են   բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն: 
2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը,  ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների
և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ Արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարություններին, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին, Պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ Լոռու մարզպետին, ՀՀ դատական մարմիններին, ինչպես նաև «Արմենիան քափըր Փրոգրամ», «Թեղուտ», «Մանես-Վալլեքս» ընկերություններին, ՎՏԲ բանկին:  
3. Պատասխանատու ճանաչել նաև պետական մարմինների և ընկերությունների այն պաշտոնատար անձանց, ովքեր իրենց անգործությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, լիազորությունների գերազանցմամբ, անփույթ գործողություններով նպաստել են տարածաշրջանի  էկոհամակարգային հավասարակշռության խախտմանը, ջրերի և հողերի աղտոտմանը, անտառների և լանդշաֆտի վերացմանը, մարդկանց իրավունքների խախտմանը, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը:
4. Դիմել ՀՀ Դատախազություն`
-  Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման անօրինական թույլտվություններ տրամադրած և անօրինական հանքարդյունահանում իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործերի հարուցման և նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասների վերականգնման պահանջով:
5. Դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.
Իրականացնել համալիր՝ ֆինանսական, փաստաթղթային, տեխնիկական աուդիտ «Թեղուտ» ՓԲԸ-ում, «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲԸ-ում, «Վալլեքս» խմբի ընկերություններում և հրապարակել արդյունքները:
Բացահայտել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման մեջ ներգրավված բոլոր   կառույցների  ֆինանսական գործարքների իրավաչափությունը:
Ստուգել ՀՀ  կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 1279-Ն որոշման օրինականությունը:
Ստուգել ՀՀ  կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 1279-Ն որոշման հիման վրա ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կատարած գործողությունների օրինականությունը, ինչպես նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի իրականացրած գործողությունների օրինականությունը:
Ճանաչել «Թեղուտ» ՓԲԸ-ին և նրա հետ փոխկապակցված ընկերություններին պատասխանատու շրջակա միջավայրին պատճառված վնասի համար, պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցումներ տրամադրել տուժած բնակիչներին: 
Մշակել նախագիծ և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու` հաշվի առնելով հանրային մասնակցության վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի դիտողությունները և համապատասխան փոփոխություններ կատարել  ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N.1325 – Ն որոշման մեջ:
Հանձնարարել.
ՀՀ կառավարության Բնապահպանության և ընդերքի տեսչությանը.
Իրականացնել համալիր ստուգում «Թեղուտ» ՓԲԸ-ում և հրապարակել ստուգման արդյունքները
Արգելել Թեղուտի հանքավայրի շահագործումը` ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննական դրական եզրակացության բացակայության հիմքով
Պատասխանատվության ենթարկել բնապահպանական խախտումներ թույլ տված պատասխանատու պաշտոնատար անձանց
ՀՀ բնապահպանության նախարարությանը.
Հետագա աղետների կանխման և կանխարգելման  նպատակով ՀՀ կառավարության 2013թ. հունվարի 10-ի N 22-Ն որոշման պահանջներին համապատասխան, հանքի փակման ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացնել մշտադիտարկումներ պոչանքային տնտեսություններից արտահոսքերի հետևանքով ջրերի որակի և ռեժիմի փոփոխության, դրենաժային ջրերի առաջացման, օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 
Անվավեր ճանաչել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի 2017թ. մայիսի 26-ին տրված թիվ 560-1 փորձագիտական դրական եզրակացության համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:
Պարտավորեցնել «Թեղուտ» ՓԲԸ-ին /իրավահաջորդ` ՎՏԲ բանկին/` ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ին ներկայացնելու պոչամբարի հետագա շահագործման կամ կոնսերվացման համար նոր նախագծային փաթեթ, ներառյալ նոր անվտանգության վկայագիրը, անցկացնելով նոր փորձաքննություն`  «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի համաձայն:
Վերահսկողություն իրականացնել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի  պոչամբարի անվտանգության ապահովման նպատակով: 
ՀՀ Առողջապահության նախարարությանը. 
Հիմք ընդունել միջազային և տեղական մասնագիտական հետազոտական
ինստիտուտների կողմից կատարված հետազոտությունները Լոռու մարզի Շնող համայնքի և հարող տարացքների հողերի, ջրերի և կենսանյութերի վերաբերյալ, և կիրառել  անհրաժետ միջոցարումներ տեղական բնակչության արղջապահության ռիսկերի նվազեցման ուղղությամբ: 
Ուսումնասիրություններ կատարել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շրջակա համայնքներում` մարդու առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ և արդյունքները հրապարակել:
Իրականացնել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված սանիտարահիգիենիկ փորձաքննություն:
Միջոցներ ձեռնարկել կանխելու հանքավայրի բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա և ապահովելու մարդկանց առողջության պաշտպանությունը:
ՀՀ արդարադատության նախարարությանը.
Միջնորդություն ներկայացնել ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ` «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ Թեղուտի բնակիչների հայցերով անօրինական դատական ակտեր կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար /հիմք ՄԻԵԴ-ի վճիռները/, բռնագանձելով իրենցից ՄԻԵԴ-ի վճիռներով սահմանված գումարները:
 
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին.
Ստուգել «Թեղուտ» ՓԲԸ-ին հատկացված հողերի կատեգորիայի, չափերի և այլ տվյալների հավաստիությունը:
 
Պարտավորեցնել «Թեղուտ» ՓԲԸ-ին.
Վերականգնել խախտված տարածքները
Տնկել հատված անտառի կրկնապատիկը և պատշաճ խնամք ապահովել
Իրականացնել Թեղուտի պոչամբարի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ
Փոխհատուցում վճարել բնակիչներին պատճառված վնասների դիմաց 
Բացառել արտադրական և հանքային արտահոսքերը մակերևութային և ստորգետնյա ջրահավաք ավազան, հողերի աղտոտումը ծանր մետաղներով 
Պահպանել ջրի շրջանառու փակ համակարգի ռեժիմը»:
 
 «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ» գործի` Բնապահպանական հանրային դատարանի վճռի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ https://ecolur.org/files/uploads/2019/COURT%20DECISION%202019/publicenvironmentalcourtteghutfinal11032019.pdf :  
 
21.03.2019թ.
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 245 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար