Եւս մեկ շղթա է փաթաթվում Հայաստանի շուրջը. Կարսը դառնում է ադրբեջանական վերահսկողության քաղաք

21-03-2019 15:00:02   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Լրագրի  զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը
 


 
- Պարոն Մելքոնյան, թուրքական Gazeteduvar կայքը գրել է, որ Կարս և Իգդիր նահանգներում ՏԻՄ ընտրություններին Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեկնածու չի առաջադրել և պաշտպանելու է «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուին։ Ալիևը Էրդողանից պահանջել է ՀՀ սահմանակից նահանգները հանձնել ազգայնական ուժերին՝ հայամետ քրդական կուսակցությանը հաղթելու շանսեր չտալու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
 
 
- Այստեղ մի քանի հանգամանքներ կան, որոնք կարևոր է շեշտել. նախ, Թուրքիայում ՏԻՄ ընտրություններն ունեն գերքաղաքականացված բնույթ և էականորեն տարբերվում են այլ երկրներում տեղի ունեցող համանման ընտրություններից։ Տեղական ինքնակառավարման մարմիններին հատկապես վերջին տարիներին Թուրքիայում տրվում է ավելի մեծ նշանակություն։ Դրա օրինակներից մեկը կարող ենք համարել այն, որ Էրդողանը ժամանակ առ ժամանակ հավաքում է նույնիսկ գյուղապետերին և նրանց հետ խոսում է բավական բարդ աշխարհքաղաքական խնդիրների մասին։ Մյուսն այն է, որ Էրդողանն ինքը քաղաքականություն է մտել հենց
տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով՝ լինելով քաղաքապետ, պայքարելով թաղապետի պաշտոնի համար և այլն։
 
Մյուս հանգամանքն այն է, որ Թուրքիայի արևելյան շրջաններում ՏԻՄ ընտրություններում անպայմանորեն կա ևս մեկ զգայուն կետ, որը կարելի է անվանել հայկական բաղադրիչ, որին մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանին սահմանակից նահանգներում ՏԻՄ ընտրություններին և մարզկենտրոններում քաղաքապետի ընտրություններին։ Դա գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել։ Մենք կարող ենք վերհիշել, որ անցած, նախանցած ընտրություններին, երբ օրինակ Իգդիրում և այլ հատվածներում հաղթել էին քրդամետ ուժերը, դա դարձավ համապետական քննարկման նյութ, դրան անդրադարձան գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։ Ձևակերպումը հետևյալն էր, որ անվտանգության խնդիր է, որ քրդերը հասան հայկական սահման, որ հայ-թուրքական սահմանն արդեն գտնվում է անվստահելի ձեռքերում և այլն։ Այսինքն այստեղ կա, եթե կարելի է ասել, նաև պետական որոշակի կոմպլեքս։
 
Մյուս բաղադրիչն այն է, որ այդ տարածքների քրդական հոծ բնակչությունը անհանգստացնում է կենտրոնական իշխանություններին, սիստեմատիկ կերպով այդտեղ վերաբնակեցում է արվում, ավելացվում է ադրբեջանական բնակչությունը։ Դրանք տարբեր տեղերից տեղափոխված ադրբեջանցիներն են և, փաստորեն, հայ-թուրքական սահմանին ավելանում է ադրբեջանական կոմպոնենտը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում և տուրիստական խմբերի պարագայում, և ևս մեկ սահմանային կետով մեզ շրջապատելով ադրբեջանցիներով։ Հիմա կարող ենք ասել, որ օրինակ, Կարսի քաղաքապետը ադրբեջանցի է և դրա հետևանքներն այն են, որ Կարսի պատմական հայկական շենքերը արդեն տևական ժամանակ է՝ քանդվում են։ Եվ Չարենցի տան քանդումն էլ հենց այդ համատեքստում կարող ենք ընկալել։
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջներին, այստեղ կարող ենք տեսնել թուրք-ադրբեջանական փոխշահավետ համագործակցություն։ Այսինքն՝ թուրքերը մեկուսացնում են վտանգը, որ քրդամետ ուժերը կարող են տեղական մարմիններում ունենալ լոկալ իշխանություն և լոկալ մակարդակում որոշակի հարցեր լուծել, այդ թվում քրդական ինքնության, քրդական խնդրի հետ կապված։ Մյուս կողմից, ադրբեջանցիները, փաստորեն, ամենևին բնակչության մեծամասնությունը չկազմելով, իրենց ձեռքում են պահում ՏԻՄ-երը, և բնականաբար, այդ քաղաքներն ու նահանգները դառնում են Ադրբեջանի քարոզչական և այլ քաղաքականության համար հենարաններ։ Նույն Կարսը, որ նույնիսկ քննարկվում էր հայ-թուրքական սահմանի փակ լինելու պարագայում Կարս-Գյումրի համագործակցության հնարավորությունը։ Հիմա, փաստորեն, Կարսը դառնում է ադրբեջանական վերահսկողության քաղաք, ինչը նշանակում է այդ համագործակցության որոշակի նշույլների վերացում։ Դա նաև նշանակում է քաղաքի հայկական նկարագրի վերացում, Հայաստանի անմիջական սահմանին ագրեսիվ օջախների առկայություն։ Նույնը կարող ենք ասել Իգդիրի պարագայում։ Երբեմն անգամ տուրիստները խուսափում են այնտեղ որոշ տեղերում կանգ առնել, որովհետև ադրբեջանցիներ են՝ և խանութների տերերը, և հյուրանոցների։ Սա բավական լուրջ ադրբեջանական ևս մեկ շղթա է, որը փաթաթվում է Հայաստանի շուրջը։
 
Ինչ վերաբերում է այդ կայքի նյութին, ապա կարծում եմ, որ դրա մեջ կարող է լինել բավական լուրջ իրականության շերտ։ Ես չեմ բացառում, որ Ալիևի և Էրդողանի միջև կարող են լինել նման պայմանավորվածություններ, որովհետև, ինչպես ասացի, դրանք փոխշահավետ են։ Ինչ վերաբերում է ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությանը, այդ գորշ գայլերին, այստեղ երկու հանգամանք կա. մեկը, որ ադրբեջանցիները, բնականաբար, հարում են և անդամակցում են պանթուրքիստական թեզեր առաջ մղող այս կուսակցությանը, և տեղերում հենց ադրբեջանցիներն են այդ կուսակցության ղեկավարներն ու  ներկայացուցիչները։ Երկրորդ, որ անցած խորհրդարանական, նախագահական ընտրություններից Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և «Ազգայնական շարժում» կուսակցությունը հանդես են գալիս դաշինքով։ Նրանք նույնկերպ դաշնակցել են և նախագահական, և խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նաև Թուրքիայի խորհրդարանում ֆրակցիան ձևավորվել է դաշինքով։ Բնավ զարմանալի չէ այս ընտրություններում նույնպես այդ դաշինքի առկայությունը։ Որոշ քաղաքներում Էրդողանի կուսակցությունն է ֆավորիտ և ստանում է ազգայնականների աջակցությունը, որոշ քաղաքներում էլ ազգայնականներն ունեն թեկնածու և ստանում են Էրդողանի և նրա կուսակցության ձայները։
 
Փաստորեն մենք գործ ունենք Թուրքիայում իսլամական ազգայնամոլության հետ։ Այսինքն՝ նրանք ոչ թե միայն ազգայնամոլներ են, այլև
իսլամամետ ազգայնամոլներ, ինչն էլ ավելի է սրում իրավիճակը։ Ես չեմ բացառում, որ Ալիևի և Էրդողանի հերթական հակահայկական ծրագիրը ՏԻՄ մակարդակով կարող է իրականություն դառնալ։ Միաժամանակ, պետք է այս ամենին շատ լուրջ մոտենալ, որովհետև Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները գերքաղաքականացված և գերկարևոր ընտրություններ են և ունեն ոչ միայն տեղային նշանակություն և ունեն շատ ավելի լուրջ նշանակություն։
 
Պարոն Մելքոնյան, մարտի 16-ին լրացավ հայ-թուրքական պայմանագրի 98-րդ տարելիցը։  Ըստ այդ պայմանագրի՝ Հայաստանի կազմում գտնվող Նախիջևանը, Կարսը, Իգդիրը անցել են Թուրքիային և Ադրբեջանին։ Այդ պայմանագրի վերանայման ինչպիսի՞ հնարավորություններ կան հիմա։
 
Այստեղ ես երկու կարծիք ունեմ. նախ մի կարծրատիպ կա, որի շուրջ կարծում եմ՝ ճիշտ կլինի բավական լայն քննարկում ծավալել՝ ընդգրկելով և պատմաբաններին, և տարբեր մասնագետներին։ Խոսքը հետևյալի մասին է. մենք Մոսկվայի և Կարսի 1921 թվականի պայմանագրերը ունեցել ենք այն բանից հետո, երբ թուրքական բանակը գրավել էր արդեն Գյումրին և մենք ստորագրել էինք Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայաստանը դառնում էր 10 հազար ք/կմ։ Դրանից ամիսներ հետո մենք ունեցանք Մոսկվայի պայմանագիրը, որով Հայաստանը դառնում էր 30 հազար ք/կմ։ Հիմա պետք է հասկանալ, թե մենք ինչ ունեինք ու ինչ ձեռք բերեցինք, և ինչ ունեինք և ինչու կորցրեցինք։ Այսինքն պետք է ավելի իրատեսական դիրքերից մոտենալ։ Երկրորդ, իմ կարծիքը, որ հենված է փաստերի վրա, այդ պայմանագրերն անօրինական են, որովհետև դրանք իրավական առումով ոչ թե խոցելի են, այլև չեն դիմանում որևէ իրավական քննության։ Բնականաբար, եթե այդ պայմանագրերի տակ չկա Հայաստանի ստորագրությունը, դա առհասարակ չի արտացոլում Հայաստանի կամքը, քանի որ Հայաստանը իր ստորագրությամբ որևէ կերպ չի ամրագրել իր ցանկությունն ու համաձայնությունը։ Այդ պայմանագրով որոշվում էր ոչ միայն հայ-թուրքական սահմանը, այլև հայկական այլ շրջանների՝ Նախիջևանի, Ղարաբաղի և այլնի թուրքանպաստ, ադրբեջանականպաստ ճակատագիրը։
 
Իսկ պայմանագրի վերանայման կամ վերացման խնդիրը բավական լուրջ, ընդգրկուն թեմաներ են, որոնք կարելի է քննարկել, թե ինչ ենք առաջարկում դրա փոխարեն։ Այսինքն այստեղ զուտ խոսել, որ պետք է այդ պայմանագիրը վերացնել, այլ բան է, իսկ իրականությունը մի փոքր այլ է։ Արդյոք դրանք բավական վտանգավոր խնդիրներ են, այդ կարծրատիպերից պետք է առաջ անցնենք և լուրջ քննարկում անենք։ Այո, դա Հայաստանի համար տարածքային կորուստներ էին, բայց մի քանի ամիս առաջ Հայաստանն ինչ վիճակում էր և արդյոք այդ ամենը մենք պետք է անտեսենք․ Արդյոք մենք չենք ստորագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը Մոսկվայի պայմանագրից երեք անգամ ավելի վատն էր։ Մենք պետք է նայենք իրականությանն ավելի զգոն հայացքով։ Ժամանակն է, որ վերանայենք պատմության այդ իմիտացիոն, սենտիմենտալ կողմերը և նայենք ավելի իրատեսորեն։
 
- Հաշվի առնելով այսօրինակ զարգացումները՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, ինչպես նաև սահմանի բացման հնարավորությունները նվազո՞ւմ են։
 
- Ես չեմ կարծում, որ հիմա իրատեսական է քննարկել այդ հարցը, որովհետև ստեղծված իրավիճակը, Թուրքիայի դիրքորոշումը, ինչպես նաև աշխարհքաղաքական զարգացումները որևէ հույս կամ հիմք չեն ստեղծում քննարկելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը։ Ընդհակառակը, մենք բոլոր կետերով տեսնում ենք այդ հարաբերությունների վատթարացում, այդ հարաբերություններում եղած փոքր դրական միտումների վերացում։ Ճիշտ կլինի ոչ թե օրակարգում դնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդիրը, այլ քննարկել Թուրքիայում հայկական քաղաքականության օրեցօր կարծրացող վիճակը և նայել իրականությանն այնպիսին, ինչպիսին որ կա։
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1053 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար