Արցախի մանդատը պատկանում է Հայաստանին և Հայաստանի ապագան Հայաստանում է

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

21-03-2019 13:16:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական
Օրեր առաջ դավաճանության սահմանին հասնող դատողություններ են հնչել Ռուսաստանին Արցախի նկատմամբ մանդատ տալու կամ մեր ապագան Ռուսաստանում տեսնելու վերաբերյալ, ինչը պարտավորեցնում է կատարել հետևյալ հստակեցումները:
 


Անկախու
թյան վերականգնումից ի վեր խորացող պետականության ճգնաժամի և դրա մասին վկայող հիշյալ դատողությունների պատճառը պետականության հիմքում դրված՝ այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգն է, քանի որ այն հիմնված է հայկական սուբյեկտությունը բացառող՝ 1921 թ. մարտի 16-ի քեմալաբոլշևիկյան պայմանագրով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետության ու ստալինյան սահմանադրության վրա և գործառում է դրանք սպասարկող խորհրդային ու հետխորհրդային համատեքստերում:
 
Պատահական չէ, որ այդ հայեցակարգի համակարգաստեղծ բաղադրիչներից մեկը Արցախի կեղծ անկախության կարգավիճակն է՝ նրա կեղծ սուբյեկտացման գործընթացի հետ միասին:
 
Սա Ռուսաստանին հնարավորություն է տալիս պահպանելու իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա, իսկ երբ պահը գա՝ Արցախը մանրադրամի նման օգտագործելու Ադրբեջանին, ապա նաև՝ ամբողջ Այսրկովկասին կրկին իր վերահսկողության տակ առնելու համար: Այս ծրագրի ավարտական փուլում Ռուսաստանը նորից Արցախը կհանձնի Ադրբեջանին, քանի որ նա կարիք կունենա վերականգնելու իր վերահսկողությունն ապահովող, սակայն Արցախի դե ֆակտո ազատագրմամբ խարխլված տարածաշրջանային ճարտարապետությունը, ինչպես նաև փոխհատուցելու Ադրբեջանին՝ անկախության զգալի կորստի դիմաց:
 
Դիտարկվող հայեցակարգից է բխում նաև Արցախի հարցը խորհրդային ու հետխորհրդային համատեքստերում Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի և Դոնբասի հարցերի շարքում դիտելու մոտեցումը, որն ամբողջությամբ ծառայում է այդ հարցերը Ռուսաստանի կառավարման տիրույթում պահելու նպատակին: Մեր մասով այն իրականում կոչված է բացառելու ոչ միայն Արցախի հարցի, այլև ինքնիշխան հայկական սուբյեկտի կայացման որևէ տարբերակ:
 
Վերջին շրջանում Ռուսաստանն ակտիվացրել է Այսրկովկասի նկատմամբ լիակատար վերահսկողության հասնելու իր ծրագիրը, ինչի համար ձգտում է Արևմուտքին դուրս մղել Արցախի հարցի կարգավորման գործընթացից և այն կառավարել միանձնյա կերպով: Այդ է պատճառը, որ նա փորձում է կազմաքանդել կամ, առնվազն՝ չեզոքացնել Մինսկի խմբի ձևաչափը, ինչի նպատակով նաև խրախուսում է Արցախի սուբյեկտացումը:
 
Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի և, առհասարակ՝ միջազգային-իրավական չափանիշները պաշտոնապես ընդունած կողմ, չի կարող ուղիղ ձևով ու բացեիբաց հակառակ դիրք բռնել, ուստի իր ծրագիրն իրականացնում է անուղղակի և միջնորդավորված քայլերով: Որպես պատասխան՝ օրեր առաջ ստացանք այդ ծրագրի դեմ ուղղված Մինսկի խմբի կոշտ հայտարարությունը, որը, հակառակ իր նկրտումների, ստիպված ստորագրել էր նաև Ռուսաստանը: Արևմուտքի համար առաջանահերթ է չեզոքացնել Այսրկովկասի ռուսականացման ռիսկը, և նա գործում է ըստ այդ առաջնահերթության:
 
Ուստի Ռուսաստանին Արցախի նկատմամբ մանդատ տալու կամ մեր ապագան Ռուսաստանում տեսնելու բնույթի դատողությունները պետք է կանխել և չեզոքացնել որպես պետականության սպառնալիքներ: Մեր դառը փորձից հիշում ենք, թե ինչ եղավ հետո, երբ, օրինակ, Ռուսաստանին այդպիսի մանդատ տվեցինք 1920 թ. օգոստոսի 10-ի Թիֆլիսի պայմանագրով կամ, երբ մեր ապագան տեսանք Ռուսաստանում:
 
Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է հրաժարվել այսպես կոչված 3-րդ հանրապետության հակահայ իրավաքաղաքական հայեցակարգից և դրանից բխող՝ Արցախի սուբյեկտացման կրեմլանպաստ ու կործանարար մոտեցումներից, որդեգրել ազգային պետության իրավաքաղաքական հայեցակարգ և, ըստ այդմ՝ մշակել ու իրագործել համահայկական ռազմավարություն: Այդ հայեցակարգը պետք է միտված լինի մեր ազգային առաքելությանը, հիմնված լինի հայրենատիրության նպատակի և 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա, ինչպես նաև առաջնորդվի դրանք ճանաչող և ամրագրող միջազգային-իրավական ակտերով:
 
Պետք է ի վերջո և մեկընդմիշտ նկատի ունենալ, որ Արցախի մանդատը պատկանում է Հայաստանին, իսկ Հայաստանի ապագան Հայաստանում է, և որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն 1920-21 թ.թ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթված և մասնատված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու միջոցով: 
 
Մենք ենք տերը մեր երկրի:
 
 
դիմաց:   Դիտարկվող
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 249 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար