Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ

21-03-2019 12:31:37   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ եկեղեցականների վերապատրաստման հերթական դասընթացների քսան մասնակիցների հետ, որոնք ժամանել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից: 
 
Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ այս հավաքը թվով 11-րդ է
և մինչ օրս վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 198 եկեղեցական: 
 
Հոգևոր հովիվների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց Մայր Աթոռում կազմակերպվող այս դասընթացների կարևորությունն իրենց ծառայության առավել արդյունավետ իրագործման համար` այս համախմբումները լավագույն առիթը նկատելով Աստծո և Ս. Էջմիածնի հետ իրենց ուխտի վերանորոգման, հավատքի և հոգևոր կյանքի մեջ զորացման: 
 
Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ այսօր Հայոց Եկեղեցու առջև հայրենիքում և սփյուռքում ծառացած են բազում մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար եկեղեցականը պետք է լինի ըստ ամենայնի պատրաստված ու զինված համապատասխան հովվական գիտելիքներով, պետք է հավատարմորեն առաջնորդվի Աստծու պատվիրաններով:
 
Նորին Սրբությունը քահանա հայրերին հորդորեց բոլորանվեր իրականացնել իրենց հոգեփրկչական և ազգային ինքնության պահպանության սրբազան առաքելությունը աշխարհասփյուռ հայ համայնքներում:  
 
Իր հայրական օրհնությունը բերելով հոգևորականներին՝ Հայոց Հովվապետը նրանց մաղթեց Աստծո օգնականությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը իրենց պատասխանատու ծառայության մեջ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 287 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար