Ռոբերտ Քոչարյանին հանել են, կտրվեց վերջին թելը

19-03-2019 16:33:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Վերլուծություն
Հրապարակը թերթը, գրելով Ստեփանակերտում մարտի 12-ին տեղի ունեցած անվտանգության խորհրդի մասին եւ հղում անելով իր աղբյուրին նշում է, թե արցախյան կողմը համատեղ նիստից մնացել է գոհ, վարչապետ Փաշինյանը դրական է արձագանքել բարձրացված բոլոր հարցերին եւ վերհաստատել, որ «հող չի հանձնելու»: Միաժամանակ Հրապարակը գրում է, դարձյալ աղբյուրին հղում անելով, թե նիստում որեւէ խոսակցություն չի եղել Ռոբերտ Քոչարյանի մասին: «Ի՞նչ խոսեին», արձագանքել է աղբյուրը:
 


Տեղեկությունը մատուցված է Սերժ Սարգսյանի Արցախում լինելու մասին տեղեկատվությամբ, ու թեեւ նրա գտնվելու եւ համատեղ նիստի առնչություն չի հայտնվում, այդուհանդերձ մատուցման փաթեթը ուշագրավ է, այն առումով, որ փաստորեն փաթեթից դուրս է դրվում երկրորդ նախագահը, կամ մատնացույց է արվում փաթեթից նրա դուրս մնացած լինելը:
 
Դա գործնականում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածության վերջին թելն էր՝ Արցախը: Բանն այն է, որ Հայաստանում ավելի քան տասը տարի սուր դիմակայության մեջ գտնվող Սարգսյանն ու Քոչարյանը 2015-ին պայմանավորվեցին Արցախի իշխանության բաժանման հարցում: Խորհրդարանի ընտրությունից հետո մի քանի օր շարունակ կողմերը չէին կարողանում բաժանել մանդատներն ու գործադիր պաշտոնները: Անմիջապես Ստեփանակերտում բանակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Արկադի Ղուկասյանը:
 
Ի վերջո, տեւական ժամանակ անց հաջողվեց գալ պայմանավորվածության: Բայց ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ մեխանիզմը չի աշխատել, Արցախում այդ իմաստով չի գործել էֆեկտիվ իշխանություն: Գործնականում դրանով են պայմանավորված եղել նաեւ Սերժ Սարգսյանի երկու այցերը Արցախ, որոնց մասին օրերս խոսել էր Սամվել Բաբայանը, հայտարարելով,
թե նա խոսել է տարածք հանձնելու մասին, եւ Արցախի իշխանությունը լռել է: Գործնականում խոսակցությունը թերեւս ունեցել է բոլորովին այլ համատեքստ, եւ Սերժ Սարգսյանը փորձել է Արցախի իշխանության պատասխանատվությունը դնելով՝ արդարացնել իրեն: Մյուս կողմից էլ, Արցախի իշխանության լռությունը գործնականում եղել է բավական խոսուն:
 
Փաստացի, Սերժ Սարգսյանը իրավիճակը դիտարկել է որպես հարված մեջքից, երբ 10 տարվա մեջ գործնականում միակ անգամ արցախյան կետում պայմանավորվել է Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն ստացել ոչ էֆեկտիվության հարվածը մեջքից, իսկ գուցե նաեւ կազմակերպված սաբոտաժի տեսքով:
 
Սա իհարկե կարող է լինել միայն ենթադրության առարկա, բայց նաեւ հատկանշական է, որ Հայաստանում 2016 թվականի հուլիսյան ՊՊԾ ողբերգությունն ու ճգնաժամը բռնկվեցին, երբ Սերժ Սարգսյանը հենց երկրորդ խորհրդակցության համար Արցախում էր եւ այնտեղ ստացել էր զինված գործողության մասին տեղեկությունը:
 
Ինչպես հետո հայտարարել էր Վիտալի Բալասանյանը, Արցախում նրան առաջարկել էին օգնություն՝ հանգուցալուծման հարցում, սակայն նա մերժել էր: Հետո իհարկե Վիտալի Բալասանյանը եկավ Երեւան եւ սկսեց միջնորդական գործողություններ ՊՊԾ գնդի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Դրանից հետո Վիտալի Բալասանյանը ստացավ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Ներկայում Բալասանյանը Արցախի նախագահի փաստացի թեկնածու է: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Սերժ Սարգսյանը նրա հետ հանդիպել է օրեր առաջ Արցախում գտնվելու ընթացքում, ինչը ներկայացվում է իբրեւ Բալասանյանի թեկնածության աջակցություն: Բալասանյանը նախօրեին բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին, իր հանդեպ տարիներ առաջ մահափորձ կատարած երկու անձին ներելու խնդրանքով, ինչը արդեն իսկ գնահատվել է Բալասանյանի յուրօրինակ քարոզչական քայլ:
 
Արդյոք Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը չունեն ընդհանուր մոտեցում Վիտալի Բալասանյանի հարցում: Համենայն դեպս, Բալասանյանի նամակը Բակո Սահակյանին գրված է այնպիսի տոնայնությամբ, որ Բակո Սահակյանին դնում է «բարոյական» ճնշման տակ:
 
Այդ համատեքստում ինչ դիրքում է Հայաստանի վարչապետ Նիկոլ
Փաշինյանը, որը հայտարարել է Արցախի սուբյեկտության բարձրացման քաղաքականություն: Ի վերջո, սուբյեկտությունը լոկ Հայաստանի ստորադասությունից դուրս գալը չէ, դա կլիներ շատ պարզունակ: Սուբյեկտությունն այն է, երբ Արցախում կձեւավորվի ոչ թե ինտրիգ, այլ միտք, գաղափար գեներացնելու ունակ իշխանություն: Հակառակ դեպքում էական նշանակություն չի ունենա՝ Արցախի իշխանության հարցը դուրս է եկել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան պայմանավորվածության կամ ինտրիգի տիրույթից, թե ոչ: Խնդիրը ինտրիգի տիրույթն է, ոչ թե անձերը, որոնք կազմում են այն:
 
Քաղաքակա՞ն է լինելու Արցախի նախագահի նոր ընտրությունը, կամ այլ կերպ ասած սուբյեկտային, թե՞ այն լինելու է ընդամենը վերախմբավորում՝ թեկուզ մրցակցային, բայց ընդամենը Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1999 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար