Կասկադի հեղինակը հույս ունի նոր Հայաստանում համալիրն ամբողջությամբ կառուցված տեսնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապագայի Կասկադը Ասլան Մխիթարյանի աչքերով



26-11-2018 15:02:05   | Հայաստան  |  Հասարակություն
 

Երևանի Կասկադը միշտ եղել է երևանցիների և Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը, սակայն համալիրի շինարարական աշխատանքները տարիներ շարունակ մնում են անավարտ։
 
Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո հույս է առաջացել, որ Կասկադն ի վերջո իր ամբողջական տեսքը կունենա։   
 
Կառույցի համահեղինակ, ճարտարապետ Ասլան Մխիթարյանը պատրաստվում է Կասկադի անավարտ մնացած հինգերորդ հարթակը կառուցելու նախագծերը ներկայացնել քաղաքային նոր իշխանություններին և հասնել շատերիս կողմից սիրված  համալիրի վերջնական ավարտին: 
 
«Նախագծեր կան, քանի տարի է արվել են այդ նախագծերը, և ցանկալի կլինի, որ կարողանանք դա ներկայացնել հանրությանը, որովհետև դա որքան էլ մենք՝ ճարտարապետներս, մտածենք, որ այսպես ճիշտ կլինի, հանրությունը կարող է ունենալ այլ պատկերացում և այլ պահանջներ: Այդ պահանջները հաշվի առնելով՝ բերենք և ավարտենք այն, ինչը որ երկար տարիներ մնացել է անավարտ»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց նա: 
 
Կասկադի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է եղել, ով ցանկանում էր կառույցի միջոցով միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները: 
 
Թանամյանի նախագիծը, սակայն, երկար տարիներ մոռացության  մատնվելուց
հետո սկսում է կյանքի կոչվել 1970 թվականի վերջին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի, ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի կողմից: 
 
«Այն ժամանակ, երբ որ նախագաիծն արվում էր և հաստատվում էր անգամ Սովետական միության մակարդակով՝ Մոսկվայում, ներկայացվում էր որպես տրանսպորտային բավականին մեծ օգնություն մեր ունեցած սերպանտինին, որը իջնում է Աբովյան պուրակ, որը մինչ այժմ նման է ավտոկայանի: Մեքենաների և ավտուբուսների քանակն այսօր հասնում է կրիտիկական չափերի, եթե սա լինի, մոտավորապես 25 տոկոսով կբեռնաթափվեն փողոցները»,- նկատեց Ասլան Մխիթարյանը: 
 
1988 թվականի երկրաշարժի և Խոհրդային միության փլուզման պատճառով Կասկադի շինարարությունն ընդհատվում է, և ավելի քան մեկ տասնամյակ յուրօրինակ ճարտարապետությամբ աչքի ընկնող այս կառույցը մնում է անտեսված: 
 
Ասլան Մխիթարյանը բարեբախտություն է համարում ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճյանի հայտնությունը, ով 2002 թվականին անշահախնդրորեն նախաձեռնում է Կասկադի վերականգնումը: Հենց այս բարերարի շնորհիվ այսօր ունենք հիմնովին վերանորոգված, մեծամասամբ վերափոխված Կասկադը ներկայիս տեսքով: 
 
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքերով՝ Կասկադն ամբողջացնելու նախաձեռնությամբ պետք
է հանդես գա Գաֆէսճյան հիմնադրամը, որի տնօրինության ներքո է գտնվում համալիրը, սակայն եթե գտնվեն այլ բարերարներ, ովքեր կորոշեն կառուցել 5-րդ հարթակը, ապա պետք է ստանան Գաֆէսճյան հիմնադրամի թույլտվությունը: 
 
Նրա կարծիքով՝ Կասկադը յուրաքանչյուր երկրին պատիվ բերող կառույց է, որի ամբողջացումը ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված: 
 
Ասլան Մխիթարյանն էլ գտնում է, որ նման մեծ շինարարությունները կարող են կազմակերպվել փուլ առ փուլ, բայց պետական հովանավորությամբ, որպեսզի կառույցի շահագործման պայմանների հետ կապված խնդիրներ չառաջանան: 
 
Կասկադին անդրադառնալիս՝ ճարտարապետ Ռուբեն Արևշատյանը նկատեց, որ այն խորհրդային ուշ մոդեռնիստական ճարտարապետության վառ օրինակ է՝ իր մասշտաբով և  լեզվամտածողությամբ, հետևաբար համալիրի ավարտը պետք է լինի այն նույն տրամաբանությամբ, որով կառուցվել է: 
 
«Իմ տեսակետն է, որ այդ կառույցը պետք է շարունակի իր զարգացումը համահունչ այն լեզվամտածողությանը, որը որ ի սկզբանե առաջարկել էին ճարտարապետական խումբը: Պարոն Մխիթարյանն այդ խմբի մեջ էր, բնականաբար իր առաջարկած լուծումները տրամաբանական շարունակությունը պետք է ենթադրեն»,- ընդգծեց Ռ. Արևշատյանը: 
 
Ըստ Ասլան Մխիթարյանի նախագծերի՝ Կասկադի վերջին հարթակն իրենից մշակութային ակտիվ գործող կենտրոն է ներկայացնում՝  մեծ համերգասրահով և ցուցասրահներով: Առաջարկվող տեխնոլոգիական լուծումներից է արևային պանելների կիրառումը, որը կսպասարկի համալիրն ամբողջությամբ:   
 
Նշենք, որ Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս անդրադարձել է այս թեմային և ընդգծել, որ Կասկադն անպայման պետք է ավարտվի:  
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 10719 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար