Ինչպե՞ս ազատել Գյումրին աղետի հետևանքներից

16-11-2018 13:52:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
1. Գյումրին օր առաջ պետք է ազատել վագոն-տնակներից
-Թեև 1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն Գյումրին չի ազատվել աղետի ճնշող հոգեբանությունից:
Քաղաքով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Եվ քանի դեռ Գյումրին չի ազատվել աղետը հիշեցնող այդ ծանր պատկերներից, հնարավոր չէ քաղաքը դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից:
Ժամանակավոր կացարանների՝ դոմիկների որոշ մասն էլ, շուրջ 500-ը նույնիսկ բնակելի չեն: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած ընտանիքների մի մասը դրանք չեն քանդել:
 
Քաղաքը չբնակեցված վագոն-տնակներից ազատելու մասին առաջարկություններ:
Տարբերակ 1.
Հանրապետական և համայնքային բյուջեի կամ այլ աղբյուրների դրամական հատկացումներով, ՏԻՄ-երի կողմից չբնակեցված խարխուլ կացարանները գնել փաստացի տնօրինողներից ու քանդել: Իսկ քանդված վագոն-տնակներից առաջացած փայտանյութն էլ կուտակել և անտառները հատելու փոխարեն, ձմռան ամիսներին որպես ձմռան վառելիք բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին:
 
Տարբերակ 2
 Մեկ և ավել տարի չբնակեցված, այդ թվում այլ ընտանիքների վարձակալությամբ տրամադրված տնակները քանդելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունում: Բնականաբար տնակի փաստացի տնօրինողին դրամական փոխհատուցմամբ՝ շուկայական արժեքի չափով:
Տարբերակ 3. 
Կառավարության որոշմամբ պարտադրել անօթևան ընտանիքին, իրենց բնակարանային պայմանները բարելավելիս, այդ թվում պետության, անհատ հովանավորների կամ հիմնադրամների կողմից բնակարաններ ստանալու դեպքում, սահմանված կարճ ժամկետում քանդել տնակները և մաքրել համայնքապատկան տարածքները:
2. Գյումրու տնակային ավանների նոր հասցեագրումն ու հաշվառումը հրատապ խնդիր է
Երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում և հարակից տարածքներում տեղադրվեցին բազմաձև և տարաբնույթ տնակներ և ձևավորվեցին տնակային ավանները:
Այնուհետև իրականացվեց դրանց քարտեզագրում և հասցեագրում, հաշվառվեց շուրջ 96 տնակային ավան, դրանք և դրանցում տեղադրված տնակները ստացան կոտորակային համարակալումներ, իսկ տնակներում բնակվող ընտանիքների անձնագրերում խփվեցին այդ հաշվառման թվերը:
 
Անցած 30 տարիների ընթացքում, պարբերաբար տնակները հանվեցին, հատկապես քաղաքի կենտրոնական մասերից և բնականաբար հասցեները նոսրացան, սակայն այսօր էլ Գյումրիում առկա են գրեթե բոլոր տնակային ավաններն ու կոտորակային հասցեները: 
Փաստացի քաղաքում մի քանի ձևի հասցեագրումով սկիզբ դրվեց մի մեծ խառնաշփոթի, որից նաև, այսպես ասած, օգուտ քաղեցին ընտրակեղծարարները՝ ընտրացուցակները կազմելիս: Սակայն այդ իրականությունը հսկայական դժվարություններ առաջացրեց շատ ու շատ հարցերում: Տրամաբանորեն նոր բնակարաններ ստացած քաղաքացիները պետք է գնային և հաշվառվեին նոր հասցեում, սակայն ոչ բոլոր դեպքերում են այդ կերպ վարվում: Ստացվեց, որ որոշ անպարտաճանաչ մարդկանց համար տնակային, կոտորակներով հաշվառում ունենալը նաև օգտակար է հատկապես ժամանակավոր կացարանը պահելու, նպաստ և օգնություն ստանալու համար:
Մի խոսքով, այսօր ավելորդ խառնաշփոթի և դժվարությունների պատճառ դարձած հասցեագրումը հրատապ կերպով պետք է հանվի, տնակային ավանների հաշվառումներն էլ չեղյալ հայտարարվի և բոլոր բնակիչների համար սովորական հասցեագրում ու հաշվառում իրականացվի: Իսկ տնակներում բնակվողների հաշվառումներում, համապատասխան փողոցի անունը գրվի և տուն կամ բնակարան բառի փոխարեն, պարզապես «տնակ» բառը: Անհրաժեշտ է նաև չեղյալ հայտարարել դեռևս 30 տարի առաջ, երկրաշարժի պահին կամ ավելի ուշ փլված շենքերի հասցեներում առկա գրանցումները և բոլորին պարտադրել հաշվառվել ըստ փաստացի բնակության վայրի:
 
Այդ կերպ կարծում եմ կիսով չափ կկրճատվի տնակներում և գոյություն չունեցող հասցեներում հաշվառում ունեցողների քանակը: Առաջարկությունս ընդունելու դեպքում հնարավոր կլինի ճշգրտել ինչպես ընտրացուցակները, այնպես էլ նպաստ ստացողների և բազմաթիվ սոցիալական ծրագրերից օգտվելու ենթակա անձանց ցուցակները, իսկ չբնակեցված տնակներն էլ դյուրին կլինի հայտնաբերել:
«Շիրակ կենտրոն» 
Վահան Թումասյան 
Շարունակելի
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 515 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար