Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա ընթացքում ԱՄՆ դեսպանությունն աջակցում է կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի անցկացմանը Երևանում

16-11-2018 13:48:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
  Նշանավորելով Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթը՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը բացման խոսքով հանդես եկավ դեսպանության հովանու ներքո կազմակերպված կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառում, որը տեղի ունեցավ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառումն համակարգում էր ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտ Հայկուհի Գևորգյանը: Տեղի ունեցան աշխատաժողովներ, քննարկումներ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ բիզնես ստարտափները, մեդիա գրագիտությունը, և ծրագրերի կառավարումը: 
 
  «Հայաստանում գտնվելու ընթացքում բացահայտել եմ հայ ժողովրդի ստեղծարար ու նորարար ոգին ու հիանում եմ դրանով: Հայաստանի տնտեսությունը աճի և դիվերսիֆիկացման մեծ ներուժ ունի, և այսօր այստեղ գտնվող երիտասարդ ձեռներեցն են, որ տարիների ընթացքում օգնելու են իրացնել այդ ներուժը», - ասաց գործերի հավատարմատար Ռ. Մասուրը:
Դեսպանության տնտեսական և քաղաքական հարցերով խորհրդական Ռայեն Քեմբլը որպես բանախոս մասնակցեց պատասխանատու բիզնեսի վերաբերյալ քննարկմանը: Մյուս բանախոսներն էին՝ «Կոնտուր Գլոբալի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանը, «Կոկա Կոլա Հելենիկ Բոթլինգ Քամպանի Արմենիայի» հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության գծով տնօրեն Էլինա Մարգարյանը, «Ջեյ Թի Այ Արմենիայի» ներկայացուցիչ Կարեն Գարասեֆերյանը և «Մենթոր Գրաֆիքս Դեվելոփմենտ Սերվիսիզի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Իրինա Դումանյանը: 
«Պատասխանատու բիզնես վարքագիծն այժմ Հայաստանում առանձնակի կարևորություն ունի, քանզի Հայաստանը ձգտում է դառնալ առավել գրավիչ միջազգային ներդրողների համար, ձգտում է տեղում պահել իր առաջնակարգ կադրերին և աշխատում է կոռուպցիայի վերացման ուղղությամբ: Հայկական ընկերությունները, եթե կամենան, կարող են օրինակ ծառայել մյուսներին՝ օգնելով հասնել այս նպատակներին և դառնալ միջազգային մրցավազքի առաջատարներից», - ասաց Ռայեն Քեմբլը:
  Տոնավաճառին ներկայացել էին այս պահին թափուր տեղեր ունեցող ընկերություններ, որոնք ակնկալում էին այս միջոցառման շնորհիվ հայաստանյան լավագույն կադրերով համալրել առկա ավելի քան 200 տեղերը՝ աշխատատեղեր, պրակտիկայի և հասարակական/կամավորական աշխատանքի հնարավորություններ: Անցած տարվա տոնավաճառի արդյունքները ոգևորիչ էին. 14 ընկերությունների ունեցած 88 թափուր տեղերի համալրման համար ստացվեց 405 դիմում, իսկ առաջադրվող պահանջներին բավարարող դիմողների 41 տոկոսը տեղավորվեց աշխատանքի: 
Աշխատանքի և ձեռներեցության շաբաթը ԱՄՆ դեսպանության կողմից Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա ընթացքում Հայաստանում կազմակերպված առաջատար ծրագիրն է: Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթն ընթանում է նոյեմբերի 12-18-ը աշխարհի շատ ու շատ վայրերում և նպատակ ունի խրախուսել ինքնուրույն առաջին քայլերը ձեռնարկած նորարարներին և կապեր ստեղծել հնարավոր ձեռներեցների ու նրանց հետ համագործակցել ցանկացող անձանց, մենթորների և ներդրողների միջև: Նախաձեռնությունը մեկնարկել է 2008թ.-ին և շուրջ 170 երկրներում կազմակերպված հազարավոր միջոցառումների շնորհիվ, որոնց մասնակցել են միլիոնավոր մարդիկ, իր ներդրումն է ունեցել աշխարհում ձեռնարկատիրության խթանման գործում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1056 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար