Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային բաց քննարկումների

14-11-2018 18:44:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Նոյեմբերի 14-ից հանրային քննարկման են ներկայացվել Երևանի զարգացման հնգամյա և 2019թ. ծրագրերի, բյուջեի և տեղական տուրքերի ու տեղական դրույքաչափերի և արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը:
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ու զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը համառոտ ներկայացրել են նախագծերն ու առանձնացրել հիմնական շեշտադրումները: 
 
«Ներկայացված նախագծերի հիմքում քաղաքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների լուծումն է: Տեղական տուրքերի և  տեղական վճարների դրույքաչափերի որոշակի փոփոխություններ են նախատեսվել: Երևանի զարգացման հնգամյա և միամյա ծրագրերն էլ կազմվել են ելնելով ոլորտային առաջնահերթ հիմնախնդիրներից և նախընտրական ծրագրից, այդ թվում՝ աղբահանության խնդրի, տրանսպորտի բարեփոխումների, քաղաքաշինական ռազմավարության և մի շարք այլ ուղղություններով աշխատանքները: Ինչ վերաբերում է ֆինանսական մեր քաղաքականությանը, ապա նշեմ, որ հիմնական շեշտադրումը եղել է վերաբաշխել տեսանելի և ակնհայտ ոչ նպատակային բաշխումները: Խոսելով թվային տվյալներով՝ պետք է նշեմ, որ ներկայացված նախագծով հաջորդ տարվա բյուջեն շուրջ 20 տոկոսով օպտիմիզացվել է»,-ընդգծել է Հայկ Սարգսյանը:
Հարցուպատասխանի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հանդես եկել մի շարք առաջարկերով: Այնուհետ քվեարկությամբ միաձայն որոշվել է նախագծերը ներկայացնել հանրային քննարկման:  
Նշենք, որ Երևանի բնակիչները ներկայացված նախագծերին ծանոթանալ և իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են թողնել քաղաքապետարանի պաշտոնական կայքում կամ ուղարկել էլեկտրոնային փոստի նշված հասցեով, ինչպես նաև գրավոր կերպով ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Նոյեմբերի 29-ին էլ կկազմակերպվեն հանրային բաց լսումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ներկայացնելով դիմում: Մանրամասների և լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 460 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար