Ռազմավարական ծրագիրը հասցվել է «պրիմիտիվ գողության» մակարդակի.Մեծ սեւ խոռոչ Հայաստանում

14-11-2018 15:16:43   | Հայաստան  |  Հոդվածներ
Կապի ու տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը խորհրդարանում հայտարարել է, որ փորձում են հասկանալ, թե ինչու է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը սկսվել ճանապարհի ամենադյուրին եւ ամենաբարվոք վիճակում գտնվող հատվածներից, երբ կային նոր որակի ճանապարհի կարիք ունեցող առավել հրատապ հատվածներ, մասնավորապես լեռնային գոտիներում:
 


Նախարարը ասում է, թե որեւէ կերպ չեն կարողանում հասկանալ ամենահեշտ տեղից սկսելու տրամաբանությունը:
 
Նախորդ համակարգի գործողությունների տրամաբանությունը հասկանալու ամենահեշտ ձեւը կարող են հուշել «փորձառու կոռուպցիոներները»: Նրանցից է պետք տեղեկանալ, թե ինչու է նախորդ համակարգում ընտրվել որեւէ գործի, հատկապես խոշոր գործերի այս կամ այն տարբերակը: Բանն այն է, որ նախորդ համակարգում որոշումների մոտիվացիոն հիմքում եղել է կոռուպցիան:
 
Հավանաբար ամենահեշտ տեղից են սկսել, որովհետեւ այդտեղից ավելի հեշտ է եղել կոռուպցիան: Դա իհարկե դեռ պետք է պարզել ու հասկանալ, ինչպես ասում է նախարարը:
 
Իրանի սահմանը Հայաստանի տարածքով Վրաստանին կապող Հյուսիս-Հարավը իր տրամաբանության մեջ պետք է լիներ Հայաստանի անկախության շրջանի թերեւս ամենահասկանալի նախագծերից մեկը, խոշոր նախագծերից, համակարգաստեղծ կամ նույնիսկ պետականաստեղծ նախագծերից մեկը, որքան էլ տարօրինակ հնչի այդ գնահատականը պետականության երկրորդ տասնամյակում մեկնարկած ծրագրի վերաբերյալ:
 
Բանն այն է, որ Հյուսիս-Հարավը բացառիկ ենթակառուցվածքային ծրագիր է իր տրամաբանությամբ, որն ունի ռեգիոնալ նշանակություն եւ ոչ միայն տնտեսական, այլ ընդհուպ ռազմաքաղաքական տրամաբանություն ու նշանակություն: Ըստ այդմ, նախագիծը ոչ միայն տնտեսական ահռելի նշանակություն ուներ Հայաստանի համար, այլ հայկական պետականությանը կտար նոր որակ ու բովանդակություն քաղաքական-ռազմավարական իմաստով: Այստեղ, ինչպես ցանկացած ռազմավարական խոշոր ծրագրի դեպքում, շատ կարեւոր է նաեւ հոգեբանական ներգործության պարագան, որ ծրագրի իրականացումը կարող էր թողնել հասարակության վրա: Ի վերջո, խոշոր ռազմավարական ծրագրերը հանրությանը հաղորդում են հոգեբանական նոր լիցքեր:
 
Բայց, պետականությանը նոր որակ հաղորդելու ահռելի ներուժ ունեցող ծրագիրը ընդամենը դարձավ այսպես ասած հին որակի ինդիկատոր, վերածվելով հայկական պետականության ֆինանսատնտեսական սեւ խոռոչներից մեկի, ինչպես օրինակ Նաիրիտը:
 
Մեծ նշանակության ռազմավարական ծրագիրը հասցվել է «պրիմիտիվ գողության» մակարդակի, առնվազն ժամանակի «գողության»: Համենայն դեպս, ծրագրի հայտարարված ժամկետները արդեն շեղվել են գրեթե 100 տոկոսով: Շինարարությունը մեկնարկել է արդեն մոտ 5 տարի, սակայն իրականացվել է մոտ 550 կմ ճանապարհի շինարարության  ընդամենը մոտ 10-15 տոկոսը՝ մոտ 50-55 կմ, եւ այն էլ հենց ամենադյուրին հատվածներում, ամենաուղիղ հատվածներում, եւ հրատապ նորոգման եւ արդիականացման համեմատաբար ավելի քիչ հրատապություն պահանջող հատվածներում:
 
Բայց, անգամ այդ հատվածներում շինարարության ընթացքը առաջացրել է բազմաթիվ հարցեր, եւ հարցեր է առաջացրել նաեւ որակը՝ շահագործման հանձնելուց կարճ ժամանակ անց:
 
Նոր նախարարը հայտարարել է, որ շինարարությունն ուղղելու են լեռնային դժվար հատվածներին, ավելի հրատապ ենթակառուցվածքային արդիականացում պահանջող հատվածներին, մասնավորապես Սիսիան-Քաջարան հատվածին, թունելների եւ կամրջի շինարարությամբ կրճատելով ժամային տարածությունը:
 
Կարտացոլի՞ արդյոք ծրագիրը նոր Հայաստանի որակը։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1068 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար