Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Աթոյանի դոկտորականը շա՜տ կասկածելի է

Իսկ ռեկտորը կարո՞ղ է փարատել իր ատենախոսության ուրվական լինելու վերաբերյալ կասկածները…

04-11-2018 21:03:34   | Հայաստան  |  Իրավունք

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանի վերաբերյալ տարածված խոսակցություններին կարելի էր և չհավատալ, եթե չլինեին որոշակի փաստեր։

Եվ, ուրեմն, 1996թ. նաինչպե՞ս է պաշտպանել տնտեսագիտության դոկտորի իր ատենախոսությունը, ովքե՞ր են եղել նրա ատենախոսության ընդդիմախոսները, ի՞նչ կարծիքներ են արտահայտել, այդ ատենախոսությունը 1997թ. ընդհանրապես գոյություն ունեցե՞լ է, թե ի հայտ է եկել հետագայում, և այլն, և այլն: Ընդգծենք՝ առանց դոկտորի գիտական աստիճան ունենալու, պարոն Աթոյանը չէր կարող լինել կամ ընտրվել ՀՊՏՀ-ի ռեկտոր։

Մեզ հաջողվեց պարզել, որ Կորյուն Աթոյանն իր դոկտորական ատենախոսությունը Հայաստանում ներկայացրել է իբրև 1996 թվականին Մոսկվայում, ՌԴ շինարարության նախարարության էկոնոմիկայի, շինարարության կառավարման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում պաշտպանած։ Տվյալ բուհը գրեթե անհայտ մի հաստատություն է, որի մասնագիտական Д. 033.13.01 խորհուրդը 2006 թվականից այլևս գոյություն չունի, ըստ մեզ հասած տեղեկությունների, լուծարվել է որոշակի խախտումների համար:

1997-1998 թթ. ընթացքում Հայաստանում գործող կարգի համաձայն, որպեսզի Կորյուն Աթոյանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի ատենախոսության Ռուսաստանի Դաշնության վկայագիրը համապատասխանեցվեր ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ-ի) վկայագրին, այլ կերպ ասած, որպեսզի նա Հայաստանում ևս ճանաչվեր տնտեսագիտության դոկտոր, նախևառաջ պետք է ներկայացվեին որոշակի փաստաթղթեր։ Աթոյանին այլ երկրում շնորհված գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցման հարցը քննարկելու համար, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ԲՈՀ ներկայացվեր նաև նրա դոկտորական ատենախոսության սեղմագիրը կամ դրան փոխարինողը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ատենախոսությունը։ Աթոյանը, սակայն, թեկնածուի գիտական աստիճանի վկայագիրը և դրա պատճենը, ՀՀ-ում գիտական աստիճանի վկայագրերի համապատասխանեցման կարգի խախտմամբ, չի ներկայացրել ԲՈՀ: Չի ներկայացրել նաև ատենախոսությունը, ներկայացրել է միայն ատենախոսության սեղմագիրը։

Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտության 014 մասնագիտական խորհուրդը ՀՀ ԲՈՀ-ի հանձնարարությամբ 1998թ. փետրվարի 23-ին քննարկելով Կորյուն Աթոյանի ատենախոսության՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի համապատասխանության հարցը, որոշել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի համապատասխանության հարցին անդրադառնալ միայն ատենախոսությունը խորհրդին ներկայացնելուց հետո։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Լ. Արզումանյանին Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի մասնագիտական խորհրդի նախագահ, հայտնի տնտեսագետ, ակադեմիկոս Մ. Քոթանյանի ուղարկած 25.02.1998թ. թիվ 05-77 պաշտոնական գրությունից։ Ելնելով նշված փաստաթղթից, կարելի է ասել, որ Աթոյանի ատենախոսության սեղմագիրը չի բավարարել մասնագիտական խորհրդին, հավանաբար ինչ-ինչ կասկածներ են առաջացել, և խորհուրդը Աթոյանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի համապատասխանեցման հարցին անդրադառնալու նախապայման է համարել հենց ատենախոսության ներկայացումը: Բայց Կ. Աթոյանը որտեղի՞ց ներկայացներ այդ ատենախոսությունը…

Վերոնշյալ հարցն ու կասկածներն առաջանում են թեկուզ միայն այն փաստից, որ Աթոյանը Հայաստանում տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի համապատասխանության հարցի լուծման համար ԲՈՀ դիմած լինելով, տվյալ հարցի լուծմանը ձգտելով հանդերձ, այսինքն՝ հանդիսանալով շահագրգիռ անձ, ատենախոսությունը տարիներ շարունակ չի ներկայացրել նաև Քոթանյանի հիշյալ գրությունից հետո, երբ իր համար արդեն միանշանակ պարզ էր, որ եթե ուզում է հասնել համապատասխանեցման հարցի լուծմանը, Հայաստանում էլ տնտեսագիտության դոկտոր ճանաչվել, ապա պարտադիր պետք է ներկայացնի հենց ատենախոսությունը: Տրամաբանությանը դեմ ու զարմանալի այս փաստն իսկապես հեռուն գնացող հարցեր ու լուրջ կասկածներ է առաջացնում:

Հետագայում, երբ Քոթանյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով  արդեն զոհվել էր, այսինքն՝ Աթոյանի ատենախոսությունը պահանջող, այդ առումով համապատասխանեցմանը խոչընդոտող չկար, վերջինիս բախտը կարծես բերել է, և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի 014 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ Գրիգոր Կիրակոսյանը հանկարծ մի գրություն (12.10.2001թ. թիվ 05-154) է ուղարկել ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Գ. Բաղդասարյանին: Այդ գրության մեջ բառացի նշված է հետևյալը.

«Կից ներկայացնում ենք ԿՈՐՅՈՒՆ ԼՈՒԿԱՇԻ ԱԹՈՅԱՆԻ «Նյութական հոսքերի կառավարումը շինարարական համալիրում շուկայական տնտեսության անցնելու պայմաններում /շինանյութերի օրինակով/» թեմայով տնտեսագիտության դոկտորի /Ը.00.02/ գիտական աստիճանի ատենախոսության Ռուսաստանի Դաշնության վկայագիրը Հայաստանի ԲՈՀ-ի վկայագրին համապատասխանեցնելու մասին 014 Մասնագիտական խորհրդի անդամներ Բ. Ս. ՍԵԼՎԻՆԱԶՅԱՆԻ, Հ. Բ. ՂՈՒՇՉՅԱՆԻ և Մ. Ե. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ դրական կարծիքը»:

Ընդգծենք, որ վերոնշյալ դրական կարծիքը 2001թ. ԲՈՀ է ուղարկվել չնայած նրան, որ Աթոյանի ատենախոսությունը դարձյալ ներկայացված չի եղել ԲՈՀ կամ նշված մասնագիտական խորհուրդ, մի քանի փաստաթղթերի հետ միասին, եղել է միայն ատենախոսության սեղմագիրը Եվ, ուրեմն, ի՞նչ փոխվեց անցած երեք տարվա (1998-2001) ընթացքում, որ հիշյալ մասնագիտական խորհրդում Աթոյանի գիտական աստիճանի ատենախոսության ՌԴ վկայագիրը ՀՀ ԲՈՀ-ի վկայագրին համապատասխանեցնելու համար այլևս անհրաժեշտ չհամարվեց նրա ատենախոսության ներկայացումը կամ առկայությունը, և խորհրդի նախագահի տեղակալի ստորագրությամբ ներկայացվեց դրական կարծիք…

Վերոնշյալ հարցի պատասխանը գուցե պետք է փնտրել այն իրողության մե՞ջ, որ Կորյուն Աթոյանը եղել է ՀՀ այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հարևանը, ինչպես նաև ՀՀԿ-ի խորհրդի անդամ (Աթոյանն այժմ էլ այդ կարգավիճակում է): Չգիտենք, բայց հաստատ է մեկ այլ բան. մասնագիտական խորհուրդը կամ նրա վերոնշյալ անդամները եթե նույնիսկ սեղմագրով էին առաջնորդվում և այն համարում բավարար, պետք է կարդային, թե ինչ է գրված այդ սեղմագրում, նաև ստուգեին, պարզեին, թե նրանում նշված աղբյուրները, աշխատությունները, որոնց վրա հեղինակի կողմից հղումներ են կատարվել, իրականում գոյություն ունե՞ն, թե հորինվել են հեղինակի կողմից ու մտցվել սեղմագրի մեջ:

Դատելով ամենից, մասնագիտական խորհրդի վերոնշյալ անդամները նշված հանգամանքը չեն ստուգել, պարզել: Ինչո՞ւ, ծուլացե՞լ են, թե չեն ցանկացել, քանի որ վերևից գուցե արդեն որոշված է եղել, որ պետք է դրական կարծիք ներկայացնեն: Մինչդեռ, հենց նրանց դրական կարծիքի հիման վրա է, որ Աթոյանի գիտական աստիճանի ատենախոսության ՌԴ վկայագիրը 16.10.2001թ. համապատասխանեցվել է ՀՀ ԲՈՀ-ի վկայագրին, Աթոյանը Հայաստանում էլ է ճանաչվել տնտեսագիտության դոկտոր, առանց որի, ինչպես արդեն նշեցինք, չէր կարող լինել ՀՊՏՀ ռեկտոր:

Հիշյալ մասնագիտական խորհուրդ ներկայացված Կորյուն Աթոյանի ատենախոսության սեղմագրում հեղինակի կողմից հենց առաջին հղումը կատարված է իբրև թե 1995թ. ռուսերեն լեզվով հրատարակված իր իսկ մի աշխատության («Управление материальными потоками в строительном комплексе в условиях перехода к рыночной экономике: На примере строительных материалов»//«Айастан», Ереван, 1995. Монография/(7,9 п.л.) վրա, որի գոյությունն արդեն իսկ լուրջ կասկածների տեղիք է տալիս: Պարզվում է, որ «Հայաստան» (ՙայժմ՝ «Գրական Հայրենիք») հրատարակչությունում, որտեղ, ըստ Աթոյանի ատենախոսության սեղմագրի, այն հրատարակվել է, այդ աշխատությունն ընդհանրապես գոյություն չունի: Ավելին. մեր լրագրողական հետաքննության արդյունքում պարզեցինք, որ «Հայաստանի Ազգային գրապալատ»ՊՈԱԿ-ը, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանը, որոնք օրենքի համաձայն, պետք է 1995 կամ 1996թ. ընթացքում (եթե 1995-ի տարեվերջին հրատարակված լիներ) ստացած լինեին Աթոյանի վերոնշյալ մենագրության համապատասխան օրինակները, ո՛չ 1995թ., ո՛չ էլ դրանից հետո չեն ստացել, դրանք այս պահին էլ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում չկան («Հայաստանի Ազգային գրապալատն» այս տարի միացվել է Հայաստանի ազգային գրադարանին, նրա կազմում է):

Ի պատասխան տողերիս հեղինակի հարցման, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանի պատասխանում նշված է, որ տվյալ գիրքը «Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում չկա: Նման վերնագրով գիրք առհասարակ չենք ստացել»: Եվ, ուրեմն, այսպիսով անհայտ է մնում նաև, թե ո՞ր գիտական խորհրդի կողմից է երաշխավորվել տվյալ աշխատությունը տպագրության, ովքե՞ր են հանդիսացել գրախոսները, մասնագիտական և տեխնիկական խմբագիրները, քանի՞ օրինակով և Գրքի միջազգային ստանդարտի (ISBN) ի՞նչ համարի կամ դրան համարժեք այլ ծածկագրի տակ է լույս տեսել նշված մենագրությունը։

Կարծում ենք, այս իրավիճակում պարոն Աթոյանը, առանց հապաղելու, առանց ձգձգման, պետք է խմբագրություն ներկայացնի իր «Управление материальными потоками в строительном комплексе в условиях перехода к рыночной экономике: На примере строительных материалов»մենագրության ընդամենը մեկ օրինակ, անշուշտ, այն շատ արագ հետ ստանալու պայմանով, որից հետո արդեն պետք է գտնվի այն հարցի պատասխանը, թե տվյալ աշխատության համապատասխան օրինակներն ինչո՞ւ և ո՞ւմ մեղքով է, որ օրենքի պահանջի խախտմամբ չեն ուղարկվել «Հայաստանի Ազգային գրապալատ» ՊՈԱԿ և Հայաստանի ազգային գրադարան:

Կորյուն Աթոյանն այս հոդվածը կարդալուց հետո, իհարկե, կարող է նաև իր մենագրությունը չներկայացնել մեզ, այդ դեպքում այն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, պաշտոնական հարցմամբ կուզենք և կստանանք իրենից, եթե, իհարկե, ունի: Այլապես իրավունք կունենանք հրապարակավ հայտարարելու, որ նրա հիշյալ մենագրությունը, որի վրա իր դոկտորական ատենախոսության սեղմագրում հենց առաջին հղումն է կատարել, իրականում գոյություն չունի, հորինովի է, կեղծ, հետևաբար տվյալ սեղմագրի հիման վրա մասնագիտական խորհրդի վերոնշյալ անդամների կողմից դրական կարծիք չպե՛տք է տրվեր նշված վկայագրերի համապատասխանեցման մասին, համապատասխանեցում չպե՛տք է կատարվեր, Աթոյանը ՀՀ-ում չպե՛տք է ճանաչվեր տնտեսագիտության դոկտոր, հետևաբար և իրավունք չպետք է ունենար զբաղեցնելու ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնը: Ի դեպ, հնարավոր է, որ այս խնդրով զբաղվեն նաև իրավապահ մարմինները, այնպես որ, պարոն Աթոյանը լավ կլինի ներկայացնի իր նշված մենագրությունը (եթե, իհարկե, ունի), ու դրանով վերջ տա տարածված խոսակցություններին:

Ի դեպ, անձամբ ծանոթացել եմ Հայաստանում միայն այս տարի հայտնված, համենայն դեպս, որոշակի խոսակցություններից հետո Աթոյանի կողմից միայն այս տարվա ամռանը ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտե ներկայացված հիշյալ ատենախոսության պատճենին: Կարող եմ ասել, որ այն ատենախոսության նման չէ: Թեև ատենախոսության վերջում ինչ-ինչ աշխատություններ նշված են, սակայն ատենախոսության մեջ չկա որևէ հղում որևէ աղբյուրի վրա:

Ավելին. ՌԴ բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) Կ. Աթոյանի ատենախոսության պաշտպանության փաստի հաստատումից հետո (եթե, իհարկե, հաստատել էր…), ՌԴ 1994թ. դեկտեմբերի 29-ի թիվ 77 «Փաստաթղթի պարտադիր օրինակի մասին» դաշնային օրենքի պահանջի համաձայն, ատենախոսության պարտադիր օրինակը պարտավոր էր սահմանված ընթացակարգով (կից գրությամբ), առավելագույնը 1 ամսվա ընթացքում փոխանցել Ռուսաստանի պետական գրադարան՝ մշտական պահպանության: Սակայն, ՌԴ ԲՈԿ-ը, 1996 թվականից իր վեր, Աթոյանի ատենախոսության պարտադիր օրինակը չի ուղարկել Ռուսաստանի պետական գրադարան, ինչից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի ԲՈԿ-ը կա՛մ հիշյալ օրենքի պահանջի խախտմամբ է, որ Աթոյանի ատենախոսության պարտադիր օրինակը չի ուղարկել Ռուսաստանի պետական գրադարան, կա՛մ էլ չի ուղարկել, որովհետև Աթոյանի ատենախոսության պաշտպանության փաստը հաստատել է առանց վերջինի կողմից իր ատենախոսությունը ներկայացնելու և պաշտպանելու, այսինքն՝ ատենախոսությունը չի ունեցել, որ ուղարկի: Ըստ ՌԴ պետական գրադարանի կայքի, այս տարվա հուլիսին հիշյալ գրադարան ներկայացվել և օգոստոսին հաշվառման է վերցվել Աթոյանի ատենախոսության հեղինակային օրինակը: Այսինքն՝ օրենքի պահանջը խախտվել է, դա այն պարտադիր օրինակը չէ, որ սահմանված ընթացակարգով պետք է ուղարկեր ՌԴ ԲՈԿ-ը, այլ Աթոյանի ներկայացրած հեղինակային օրինակը:

«Մենք տվյալներ ունենք, որ մարդը գիտությունների դոկտորի աստիճան չունի, բայց բուհի ռեկտոր է: Հիմա ստուգում ենք այդ տեղեկությունը»,- այս մասին հայտարարեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը «Ինչո՞ւ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ» (panorama.am): Ո՞ւմ մասին էր պարոն Գոգյանի խոսքը, գուցե հենց Աթոյանի՞... Նույն ամսին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին տված հարցազրույցում Սմբատ Գոգյանն ասել է. «Հիմա իմ մոտ փաստաթղթեր կան, որ որոշ բուհերի ղեկավարներ իրականում ունեն կեղծ դոկտորականի վկայականներ»: ԲՈԿ-ի նախագահը հետագայում ռադիոյին տված հարցազրույցում ավելի խիստ է արտահայտվել՝ ասելով, որ Հայաստանում երկու ռեկտոր իրենց գիտական աստիճանները ստացել են առանց դրան համապատասխանելու, և եթե իրենք առաջիկայում հրաժարական չտան, ապա ինքը դիմելու է իրավապահ մարմիններին: Ո՞ւմ մասին է ԲՈԿ-ի նախագահի խոսքը…

 

Արթուր Հովհաննիսյան

 

 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 9114 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար