ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ գործակցությունը առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերումը առավել արդյունավետ կդարձնի

23-10-2018 19:08:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռքբերման գործընթացն առավել դյուրին, թափանցիկ ու շահավետ կազմակերպելու հարցեր են քննարկվել նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հանդիպման ժամանակ:
 


ՀՀ առողջապահության նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  ՄԱԶԾ-ն աշխատում է պետությունների հետ` պետական գնումների ոլորտում արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարելու, ֆոնդի կառավարման ժամանակակից թափանցիկ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ:  Առողջապահության ոլորտի պետգնումների բարեփոխումներին աջակցելը ներառում է կայուն գնումների պրակտիկայի ներդրում, թվային մոնիթորինգի և գնումների համակարգի զարգացում: Կողմերը քննարկել են նշված և այլ ուղղություններով հետագա անհրաժեշտ քայլերը:
 
Թորոսյանը հետաքրքրվել է ՄԱԶԾ միջոցով մի շարք դեղերի շարունակական ու շահավետ պայմաններով կենտրոնացված գնումներով ձեռքբերման հնարավորությամբ` առանձնացնելով մանկական ուռուցքաբանական դեղերը, ինսուլինը, դիաբետոնը և ոչ միայն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանորեն քննարկել անհրաժեշտ մի շարք դեղերի ձեռքբերման տարբերակները` հիմք ընդունելով դրանց երաշխավորված որակն ու մատչելիությունը:
 
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է առողջապահական գերատեսչության հստակ նպատակադրումը` առավել արդյունավետ գնումների միջոցով ապահովել հանրային առողջության համար անհրաժեշտ դեղերի ավելի լայն տեսականի ու առավել մեծ քանակ:
 
 Ի պատասխան Դմիտրի Մարիյասինի` Հայաստանում դեղերի կեղծման վերաբերյալ հարցման` Թորոսյանը շեշտել է, որ երբեմն չափազանցված պատկեր է ներկայացվում, սակայն իրական պատկերը ճշգրտելու, դրա դեմ քայլեր ձեռնարկելու և հանրության իրազեկման մակարդակը բարձրացնելու հարցում պատրաստ են գործակցել ՄԱԶԾ-ի հետ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 523 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար