Տեղի է ունեցել բանտային առողջապահության բարեփոխումներին նվիրված քննարկում

23-10-2018 16:24:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում թեմայով քննարկմանը:  Այն կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:
 
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման նախագիծը և սանիտարահիգենիկ ու համաճարակային ուղեցույցների նախագծերը, որոնց վերաբերյալ ընթացել են քննարկումները:
Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ քննարկումների արդյունքում վերջնական ամփոփված նախագիծը կներկայացվի Կառավարության հաստատմանը:
Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է նաև, որ ազատազրկված անձանց առողջապահական ծառայությունների մատուցման նոր ՊՈԱԿ-ի ձևավորման գործընթացն անշեղելի է և մոտ ամիսների ընթացքում այդ ուղղությամբ կլինեն շոշափելի արդյունքներ:
Հանդիպման ընթացքում միջազգային փորձագետներ Փիթր Պավլին և Փիթր Բարթլեթը ներկայացրել են մշակված նախագծերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության իրենց դիտարկումները՝ հիվանդանոցային բուժօգնության և հոգեբուժական ծառայությունների մասերով:
Այնուհետև, ըստ լրամշակված նախագծի, տեղացի փորձագետները ներկայացրել են կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբուժական և հիվանդանոցային բուժօգնության նոր ընթացակարգերը, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև: 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 326 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար