Զարմանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չէր հոգացել այդ մասին

23-10-2018 13:47:24   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Lragir.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը
 


Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում կարողացավ տապալել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։
 
Ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն պետք է փորձեր տապալել այս նախագիծը, որովհետև իրենց վերջին շանսը մնացել է ռեյտինգային ընտրական համակարգը, քանի որ դրա շնորհիվ իրենք կարողացել են ահռելի ձայներ հավաքել նախորդ՝ 2017թ. Աժ ընտրության ժամանակ։ Հանրապետականը շատ լավ գիտակցում է, որ եթե ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի ունենան նոր ընտրական օրենսգրքով, իրենք կմնան լուսանցքում և չեն անցնի Ազգային ժողով։ Սա Խորհրդարան անցնելու իրենց վերջին հնարավորությունն է և, բնականաբար, իրենք այդպես էլ պետք է անեին։
 
Բայց Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, որ իրենց համար հսկայական ձայներ բերած ռեյտինգային թեկնածուներն այլևս իրենց խմբակցության հետ չեն։
 
Մենք գիտենք, որ ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները գնում են կուսակցությանը։ Ընտրություններից հետո, երբ գալիս է պատգամավորական մանդատների բաշխման ժամանակը, ընտրական օրենսգրքի համաձայն՝ մեկ տեղ անցնում է համամասնական ցուցակով ներկայացված թեկնածուին, մեկ տեղ՝ ռեյտինգայինով անցածին: Այսինքն՝ ամեն դեպքում ՀՀԿ-ին ձեռնտու է այդ ընտրական համակարգը: Եթե հիշում եք՝ 2012 թվականին իրենք ունենալով ահռելի ռեսուրսներ, ընդամենը 660 հազար ձայն էին հավաքել, իսկ 2017-ին հավաքեցին 770 հազար ձայն։ Դա այդ չարաբաստիկ ռեյտինգային համակարգի շնորհիվ էր։ Բնականաբար, հիմա նույնպես պետք է ամեն ինչ անեն, որ ընտրություններն անցնեն հին ընտրական օրենսգրքով։
 
Բայց շատերը նշում են, որ սրանով ՀՀԿ-ն էլ ավելի է վնասում ինքն իրեն հանրության աչքում։
 
Հանրապետականը խորտակված նավ է և, բնականաբար, իրենք այլևս չեն մտածում իրենց վարկանիշի մասին։ Իրենց միակ ցանկությունն ու նպատակն այն է, որ գալիք  ԱԺ ընտրություններից հետո հայտնվեն Ազգային ժողովում և չհայտնվեն լուսանցքում։ Զարմանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չէր հոգացել այն մասին, որ նախ ընդունվի ընտրական օրենսգիրքը, հետո նոր հրաժարական տա։ Նոր ընտրական օրենսգրքով ընտրություններ անցկացնելը նաև այս կառավարության ծրագրի դրույթներից մեկն էր:
 
Այսինքն՝ սա բացթողո՞ւմ եք համարում։ ՀՀԿ-ի մոտ տեսակետ կար, որ Նիկոլ Փաշինյանն այնքան էլ հակված չէ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն իրականացնել, ու քանի որ այդ փոփոխությունները ներառված էին կառավարության ծրագրում, դրա համար բերեցին։
 
Չգիտեմ, բայց ինձ համար մի փոքր էլ զարմանալի էր, որ ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովն արագ տեմպերով չէր աշխատում, և ըստ էության, նախագիծը շատ ուշ բերեցին Ազգային ժողով։ Կարելի էր շուտ անել ամեն ինչ։ Ես չեմ ուզում ընկնել դավադրության տեսությունների հետևից, ու անկեղծ, չեմ կարող ասել՝ ուզո՞ւմ էին նոր օրենսգրքով գնալ ընտրությունների, թե ոչ։ Այժմ շատ կարևոր է, որ իշխանությունը թույլ չտա ընտրակաշառքի բաժանում, որը վճռական ազդեցություն է ունեցել վերջին տարիների ընտրությունների արդյունքների վրա։ Իհարկե, նոր պայմաններում, երբ կբացառվի ընտրակաշառքը և վարչական ռեսուրսի չարաշահումը, բնականաբար, ՀՀԿ-ն էլ այդպիսի ահռելի ձայներ չի ստանա, բայց շատ հնարավոր է, որ էլի իրենց ռեսուրսներն օգտագործելով կարողանան անցնել Ազգային ժողով։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ռեյտինգային համակարգով ինչ թեկնածուների կառաջադրեն: Եթե ասենք նորից Սամվել Ալեքսանյանին առաջադրեն, ապա նա, թեկուզ և առանց ընտրակաշառքի, մեծ ձայներ կբերի ՀՀԿ-ին:
 
Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտվեց անկուսակցական թեկնածուին։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հայտարարեց, որ Հայաստանում աննախադեպ է, երբ վարչապետի առաջարկած թեկնածուն չի անցնում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։
 
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները միշտ էլ քաղաքական ընտրություններ չեն եղել կամ շատ հազվադեպ են այդպիսին ընկալվել։ ՏԻՄ ընտրությունները, սովորաբար, ընկալվում են որպես ծանոթ-բարեկամ սկզբունքներով ընտրություններ, և թեկնածուներին շատ քիչ մարդիկ են դիտարկում որպես որևէ քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչը պետք է պարտվեր, շատերի մոտ ակնհայտ էր, որովհետև մյուս մրցակիցը նույնպես ահռելի ռեսուրսներ ունի և ըստ որոշ տեղեկությունների՝ նրան սատարում էր նաև Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Բնականաբար, շատ մեծ էր հավանականությունը, որ ՔՊ-ի ներկայացուցիչը կպարտվի։ Բայց ես սա չէի համարի Նիկոլ Փաշինյանի պարտությունը: Ընդհակառակը՝ Կապանի ընտրությունները ցույց տվեցին, որ նոր Հայաստանում ընտրություններն անցնում են ազատ, արդար և մրցակցային պայմաններում, ոչինչ նախօրոք կանխորոշված չէ և անգամ իշխանության թեկնածուն ապահովագրված չէ պարտությունից։
 
Ստացվում է, որ նյութական ռեսուրսը առաջիկա ԱԺ ընտրություններին ևս մեծ նշանակությո՞ւն է ունենալու։
 
Այո, մեծ նշանակություն է ունենալու, բայց այլևս ընտրակաշառք չի բաժանվելու։ Դա այլ դրսևորում է ունենալու։ Հիմա կարող են մեծահարուստ գործարարների առաջադրել ռեյտինգային թեկնածու, և նրանք իրենց աշխատողներին կներգրավեն ընտրությունների մեջ։ Նման պայմաններում, բնականաբար, կա մտավախություն, որ այս ընտրություններն էլի չեն լինի գաղափարական, ծրագրային ընտրություններ, այլ լինելու են թաղի տղաների, շատ փող ունեցող թեկնածուների ընտրություններ։ Որովհետև ռեյտինգային համակարգով ընտրությունների ժամանակ ընտրողները սովորաբար ձայն են տալիս ոչ թե կուսակցությունների ծրագրերին, այլ իրենց ծանոթ ռեյտինգային թեկնածուին:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 845 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար