Իհարկե, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կեղծում է. դեսպան Արման Նավասարդյան (տեսանյութ)



19-10-2018 19:16:42   | Ադրբեջան  |  Քննաարկում
 


 
 
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն իր պաշտոնը թողնելուց ու մեր երկրից գնալուց առաջ, ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ արեց հայտարարություն, որը փոթորիկ առաջացրեց հայ հասարակության մեջ: «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում նշելով այս մասին, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասաց, որ ինքը շատ հանգիստ է վերաբերվում դրան, քանի որ Միլսը թեև ասել է այն, ինչ մինչև հիմա չէր ասել, սակայն նորություն չի ասել, քանի որ ազատագրված տարածքների մի մասը վերադարձնելու դրույթը կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ 1994 թվականից ՀՀ բոլոր երեք նախագահների ստորագրած փաստաթղթերի տակ կամ ՀՀ նախագահների արած հայտարարություններում:
«Այնպես որ, այստեղ հեծանիվ գտնել, Ամերիկա հայտնաբերել պետք չէր, պարզապես Միլսը շեշտը դրեց նրա վրա, որ ձեր ղեկավարությունն այսպես է հանդես եկել, իսկ ժողովուրդը բացարձակապես պատրաստ չէ և երբեք չի գնա ոչ մի թիզ հող հանձնելուն,- ասաց Արման Նավասարդյանը:- Դա, իրոք, այդպես է, մենք էլ ձեր հետ միասին բացառում ենք դա, հող հանձնել չկա, որովհետև Հայաստանը, Հայկական բանակը, Ղարաբաղը չի օկուպացրել, չի զավթել, ինչպես երբեմն սխալմամբ ասում են, այլ հետ է վերադարձրել այն հողերը, որոնք պատկանում են Հայաստանին, եթե պատմությունը վերցնենք: Ընդհակառակը՝ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանն ինքն է զավթել Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը և այլն՝ այն հողերը, որոնք նա պետք է վերադարձնի, եթե խոսքը հող վերադարձնելու մասին լինի: Բայց, ես նորից եմ կրկնում, դժբախտաբար, բոլոր ամբիոններից ասվել է հենց դա, դժբախտաբար, Մինսկի խմբի համանախագահներն այդ ձևով են մոտեցել հարցին, և բոլոր պետություններն էլ այդպես են այսօր մեկնաբանում, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները… Տեսեք՝ Քենթն եկավ այստեղ, առաջին հերթին այդ մասին խոսեց, վաղը Բոլտոնը կգա, հիշեք խոսքերս, պետք է ասի՝ գիտեք, որպեսզի կարգավորվի, դուք պետք է հողերը հետ վերադարձնեք: Մենք վերադարձնելու հող չունենք, չնայած, դժբախտաբար, նորից եմ կրկնում, Հայաստանի ղեկավարությունը գնացել է այդ քայլին, մասնավորապես ընդունելով այնպիսի մի փաստաթուղթ, որը կոչվում է «Մադրիդյան սկզբունքներ», և որը, իմ խորին համոզմամբ, Հայաստանի դիվանագիտության ամենամեծ վրիպումներից մեկն է: Այնտեղ նույնպես ասվում է հողերը, տարածքները վերադարձնելու մասին:
Հիմա Միլսն ասում է՝ գիտեք ինչ, դուք այսպիսի բաներ եք ասել, բայց ժողովուրդն այսպես է մոտենում հարցին, և դա մեզ համար հայտնություն է: Իհարկե, ինքն այստեղ կեղծում է, հայտնության ոչինչ չկա, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը 20-25 տարի այստեղ չի հասկացել դա իր ամբողջ դիվանագիտական կազմով, իր հետախուզական կազմով եթե չեն կարողացել ճիշտ վերլուծել դա, ուրեմն ամերիկյան դիվանագիտությունը շատ ցածր մակարդակի վրա է, իսկ ես այդ կարծիքին չեմ: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ փաստաթղթեր են եղել, ղեկավարությունն ինչեր է ասել, մասնավորապես՝ վերջին նախագահը բարձր ամբիոններից,. իսկ ժողովուրդն ինչ մտայնություն ունի, ժողովուրդը երբեք և երբեք չի գնա դրան: Ով որ նման քայլի փորձի դիմել, ինչ ղեկավար էլ լինի, նշանակում է՝ նա կկնքի իր մահկանացուն: Ես միանշանակ եմ սա ասում և նորից եմ կրկնում՝ մենք տալու ոչինչ չունենք, մի թիզ հող տալ Ադրբեջանին՝ նշանակում է հանձնել Ղարաբաղը, հանձնել Ղարաբաղը՝ նշանակում է կորցնել Հայաստանը»:
 Դեսպան Միլսի հայտարարությունից կարելի է այն տպավորությունը ստանալ, թե ԱՄՆ-ը կարծես ինչ-որ չափով խաբված է ազատագրված տարածքները վերադարձնելու հայկական կողմի պատրաստակամության հարցում, տեղյակ չէ, որ մենք բացառում ենք դա, սակայն նրա խոսքում կա նաև մի այսպիսի նրբերանգ, ակնարկ, որ քանի որ Հայաստանում շատ խոշոր բան է փոխվել, այսինքն՝ ժողովուրդը եկել է իշխանության, իսկ ժողովուրդը պատրաստ չէ որևէ թիզ հող զիջելու, ապա, ըստ երևույթին, պետք է բանակցությունների ձևաչափը կամ առարկան վերանայել: Դրա մասին ԱՄՆ-ի դեսպանը թեև ուղղակի չի ասել, սակայն «Քննարկում» հաղորդաշարի հյուրը նույնպես այն կարծիքին է, որ դա բխում է Միլսի խոսքից:
«Նա երբ որ ասում էր Հայաստանում ժողովրդավարական կարգեր են հաստատվել և այլն, և այդ պայմաններում տարածքների գոնե մի մասը, այնուամենայնիվ, պետք է հանձնվի, դա, իհարկե, ավելի շատ դիվանագիտական և հռետորական հայտարարություն է, որովհետև ոչ Ամերիկան, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Ֆրանսիան, նկատի ունեմ երեք պետություններին Մինսկի խմբի, դա չեն որոշում, որոշում է հայ ժողովուրդը: Հայ ժողովուրդը երբեք չի գնա այդ քայլին, և իր վերջին հայտարարություններում շատ պարզ այդ մասին խոսեց նաև այսօրվա իշխանության ղեկավարը, ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին»:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1063 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար