Եթե «Made in Italy» բրենդն աշխարհում լավն է, ապա «Made in Armenia»-ն՝ կարող է շատ հետաքրքիր լինել. ԵՄ-ում ՄԱԱԶԿ-ի ներկայացուցիչ

15-10-2018 19:23:36   | Հայաստան  |  Հասարակություն
 


Եթե «Made in Italy» բրենդն աշխարհում լավն է, ապա «Made in Armenia»-ն՝  կարող է շատ հետաքրքիր լինել: 
 
Նման կարծիք «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան այցելած ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) Բրյուսելի գրասենյակի ղեկավար, ԵՄ-ում ՄԱԱԶԿ-ի (UNIDO) ներկայացուցիչ Պատրիկ Ջիլաբերը: 
 
Նրա խոսքերով՝ ինքը լիովին համաձայն է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այն դիտարկման հետ, որ Հայաստանը արևելքն արևմուտքին, հյուսիսն հարավին կապող խաչմերուկ է, որը պետք է կարողանա լավագույնս օգտագործել ոչ միայն այդ դերակատարումը, այլև Սփյուռքի տնտեսական ներուժը: 
 
Ըստ Պ. Ջիլաբերի՝ ՄԱԱԶԿ-ի գործունեության ավելի քան 60 տոկոսն ուղղված է աջակցելու զարգացող երկրներին և իրենց ձեռնարկություններին՝ անցում կատարելու շրջանաձև տնտեսությունների, բնական ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարմանը՝ հնարավորինս խուսափելով թափոնների առաջացումից, պահպանելով միջազգային համաձայնագրերի հանդեպ պարտավորությունները: 
 
«ՄԱԿ -ի համակարգում ՄԱԱԶԿ-ն ունիկալ է այն առումով, որ աշխատում է կոնկրետ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և արտադրությունների հետ: Ինչպես մեր տեքստիլի ծրագրի կամ հնդկաձավարի արտադրության դեպքում,  միջազգային փորձագետները գալիս են Հայաստան և անմիջապես արտադրամասում տեղացի բանվորներին փոխանցում իրենց փորձը, նաև օգնում խորհուրդներով»,- նշեց Պ. Ջիլաբերը՝ հավելելով, որ ՓՄՁ-ներին ցուցաբերվող աջակցության մեջ է մտնում նաև տարածաշրջանային և գլոբալ շուկաների հետ կապերի հաստատումը: 
 
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ ԵՄ-ում ՄԱԱԶԿ-ի ներկայացուցիչը կարևորեց այն՝ նշելով, որ ՄԱԿ-ից հետո Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ) երկրորդ խոշոր կազմակերպությունն է, որի հետ պետք է սերտորեն համագործակցել հատկապես տնտեսական զարգացման համաժողովներին ներգրավվելու առումով: 
 
Նրա փոխանցմամբ՝ ՄԱԱԶԿ-ն առաջին անգամն է մասնակցում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և ինքը՝ որպես այդ կազմակերպության ներկայացուցիչ, նույնպես առաջին անգամ այցելել է Հայաստան:
 
«Այսօր Հայաստանում հավաքվել է Ֆրանկոֆոնիայի գունեղ ընտանիքը, որին միավորում է մի լեզու, որով խոսում է 5 մայրցամաքների ավելի քան 300 միլիոն բնակչություն: ՄԱԱԶԿ-ն հպարտ է մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում կազմակերպված տնտեսական համաժողովին»,- նկատեց Պ. Ջիլաբերը:
 
Վերջինս կիսվելով գագաթնաժողովից ստացած տպավորություններով, առաջին հերթին կարևորեց հայ բարձրաստիճան պաշտոնյաների՝ սովորականից բաց և հասանելի լինելու հանգամանքը, և երկրի անվտանգ ու ապահով վիճակը: 
 
«Ես տեսա, որ երկիրն ունակ է հյուրընկալել այդքան այլ երկրների նախագահների, կազմակերպել նրանց այցը բացօթյա միջոցառումներին, երբ ժողովուրդը նույն հրապարակում է, իսկ մեկ քայլ այն կողմ նստած են նախագահները, այսինքն՝ սա խոսում է այն մասին, թե որքան ապահով է երկիրը, որքան հանգիստ է ժողովուրդը, որ կարող ես հանգիստ մոտենալ և հետաքրքրող հարցերը քննարկել ղեկավար անձանց հետ»,- ընդգծեց ՄԱԱԶԿ Բրյուսելի գրասենյակի ղեկավարը: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 856 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար