Հայաստանում սրտային հիվանդությունների տարածվածությունն առաջին հերթին պայմանավորված է սխալ ապրելակերպով. Սրտաբան

25-09-2018 13:38:14   | Հայաստան  |  Հասարակություն
 


Հայաստանում սրտային հիվանդությունների տարածվածությունն առաջին հերթին պայմանավորված է սխալ ապրելակերպով: 
 
Այս մասին Գյումրիում կայացած Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի տարեկան 5-րդ գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց «Էրեբեունի» բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի բժիշկ-օրդինատոր Կարինե Գևորգյանը: 
 
Ըստ նրա՝ հայերը սխալ սնվելու, քիչ շարժվելու և սթրեսային իրավիճակներում հայտնվելու հակում ունեն, ինչն էլ հանգեցնում է սրտային հիվանդությունների առաջացմանը:
 
Նրա խոսքերով՝  սրտային և անոթային հիվանդությունների զարգացման մյուս պատճառը զարկերակային հիպերթենզիան է: 
 
«Ճշիտ է, ստատիստիկան ցույց է տալիս մոտ 50 տոկոս զարկերակային ճնշումով հիվանդներ Հայաստանում, բայց ես կարող եմ ասել, որ հիվանդներն հավանաբար ավելի շատ են, քանի որ շատերը ոչ դիմում են բժշկի, ոչ էլ հսկում են ճնշումը»,- նկատեց Կ. Գևորգյանը: 
 
Վերջինս կարևորեց զարկերակային ճնշման նկատմամբ վերահսկողության սահմանումը ոչ միայն պարբերական չափումների միջոցով, այլև անհրաժեշտ դեղամիջոցներ օգտագործելով: 
 
Նրա փոխանցմամբ՝ զարկերակային ճնշում ունեցողները պետք է անպայման դիմեն բժշկի, օգտագործեն մասնագետի կողմից նշանակված դեղերը, որպեսզի հնարավոր լինի խուսափել անոթային պատահարներից, ինֆարկտներից, ինսուլտներից, երիկամային անբավարարությունից և այլն: 
 
Անդրադառնալով հիվանդության նախանշաններին՝ Կ. Գևորգյանն առանձնացրեց գլխացավը, գլխապտույտը, հևոցը, սրտխառնոցը. 
 
«Կարող է նույնիսկ որևէ դրսևորում չլինել, բայց հիվանդն ունենա ճնշում: Անկախ նրանից հիվանդը գանգատ ունի, թե ոչ, եթե ունի ճնշում՝ պետք է դիմի բժշկին և ստանա ճիշտ բուժում, ոչ թե հարևանի ասած դեղամիջոցն օգտագործի կամ թողնի ճնշումը բարձրանա, նոր դեղ օգտագործի»,- ընդգծեց մասնագետը՝ հավելելով, որ ճնշման բարձրացմանը կարող են նպաստել ծխելը, աղի չարաշահումը, յուղոտ սննդի օգտագործումը, ճարպակալումը: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 605 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար