Երեւանի ավագանու 65 մանդատից 57-ը կստանա «Իմ քայլը», 5-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը՝ «Լույս»-ը. նախնական

24-09-2018 15:07:41   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
armtimes.com Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել են ընտրապայքարին մասնակցած 12 քաղաքական ուժերից 3-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) եւ «Լույս» դաշինքը:
 


Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 6 տոկոսն է, իսկ դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը: Կիրակի՝ սեպտեմբերի 23-ին, անցկացված քվեարկության պատկերը, դարձյալ  նախնական տվյալներով, հետեւյալն է. «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294 հազար 109 ձայն կամ ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրողների 6.95 տոկոսը, իսկ երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ ստանալով 18 հազար 112 ձայն կամ ընտրությանը մասնակցածների քվեների 4.99 տոկոսը:
 
Նույն հոդվածի 4-րդ կետով էլ ամրագրվում է, թե ինչ սկզբունքով պետք է բաշխվեն ավագանու անդամների մանդատները: Երեւանի ավագանու անդամների թիվը, ինչպես հայտնի է, 65-ն է, հետեւաբար՝ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է 65 մանդատի բաշխմանը: Եվ համապատասխան մեխանիզմով հաշվարկի արդյունքում պարզ է դառնում, որ այդ մանդատներից 57-ը կստանա «Իմ քայլը» դաշինքը, 5-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ «Լույս» դաշինքը կունենա 3 մանդատ:
 
Ընտրական օրենսգրքով նախատեսված հաշվարկի մեխանիզմը, մասնավորապես հետեւյալն է. «...յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են»: Սա նշանակում է, որ օրինակ «Իմ քայլը» դաշինքի ստանալիք մանդատները հաշվելու համար նախ պետք է նրա օգտին տրված 294 հազար 109 քվեն բազմապատկել ավագանու 65 տեղերի քանակով, ապա ստացված թիվը բաժանել ընտրություններում հաղթած վերոնշյալ երեք քաղաքական ուժերի ընդհանուր քվեների թվի վրա, այն է՝ 337 հազար 440: Կստացվի, որ «Իմ քայլը» դաշինքը, առանց տասնորդական միավորի, պետք է ստանա 56 մանդատ (տասնորդականով՝ 56.6): Նույն սկզբունքով էլ հաշվում են մյուս երկու ուժերին հասանելիք մանդատները եւ ստացվում է, որ ԲՀԿ-ն կունենա 4 (տասնորդականով՝ 4.8), իսկ «Լույսը»՝ 3 մանդատ (տասնորդականով՝ 3.4): Արդյունքում՝ երեք ուժերը միասին ստանալու են 56+4+3 մանդատ, այսինքն՝ 63 մանդատ՝ 65-ից, ինչը նշանակում է, որ պետք է բաշխվի նաեւ մնացած 2 մանդատը:
 
Օրենսգրքի մեջբերված հոդվածի շարունակությունն էլ այդ մասին է. «Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ»: Ստացվում է՝ մնացած երկու մանդատներից մեկը բաժին կհանի ԲՀԿ-ին, մյուսը՝ «Իմ քայլը» դաշինքին: Արդյունքում, ինչպես նշեցինք, «Իմ քայլը» կունենա ավագանու 57 մանդատ, ԲՀԿ-ն՝ 5, «Լույսը»՝ 3:
 
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ «Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ»: Ասել է թե՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դառնալու է Երեւանի քաղաքապետ այս ընտրության արդյունքնում եւ նոր ավագանու առաջիկա նիստում թեկնածուներ չեն առաջադրվի եւ նման օրակարգով քվեարկություն չի կազմակերպվի:
 
 
 
 
 
      
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 945 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար