Մենք որևէ առնչություն չունենք ԱԱԾ տնօրենի խոսակցության գաղտնալսման հետ. Հայկ Նահապետյան (տեսանյութ)

Սլաքը դժգոհության, բնականաբար, դյուրին կերպով կարող է ուղղորդվել նաև Հայաստանի այսօրվա իշխանություններին



22-09-2018 20:16:20   | Հայաստան  |  Քննաարկում
 

 
 
 
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության հայտնի գաղտնալսման ու ձայնագրության առիթով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները սեպտեմբերի 17-ին խուզարկություն են կատարել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում, ինչպես նաև նախաձեռնության անդամներից Հայկ Այվազյանի գրանցման հասցեում, առգրավել համակարգիչներ, հիշողության կրիչներ, անձնական բջջային հեռախոսներ:
Նախ համառոտ այն մասին, թե ինչով է զբաղվում հիշյալ նախաձեռնությունն ընդհանրապես: Ինչպես «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում տեղեկացրեց «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը, իրենք հասարակական ոլորտում ակտիվ գործունեություն սկսել են 2013 թ.-ից, բավական արդյունավետ աշխատանքի շնորհիվ հասել նրան, որ գենդերային հայտնի օրենքի կիրարկման համար ենթաօրենսդրական իրավական ակտեր չընդունվեն, նշված օրենքը գործնականում չկիրարկվի:
Դրանից հետո նախաձեռնության հիմնական գործունեությունն ուղղված է եղել Հայաստանում միասեռականության քարոզչության դեմ: Բացի այդ, նախաձեռնությունը զբաղվել է մեր երկրում այլասերվածների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպությունների գործունեությունը բացահայտելով, վերջին շրջանում բավական ակտիվ է եղել Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ծավալվող գործունեությունը բացահայտելու և չեզոքացնելու գործում, քարոզչական դաշտում պաշտպանել ու սատարել կաթողիկոսին և եկեղեցուն:
«Մեր գործունեությունը, փաստորեն, այս պահի դրությամբ ամբողջովին կազմալուծվել է, տարել են տեխնիկան, բացարձակապես, մեծ հաշվով, ոչինչ չենք կարող անել, նույնիսկ 2 օր հեռախոս չունեինք, մինչև գնեցինք, սովորական հեռախոսներն են անգամ տարել»,- ասաց Հայկ Նահապետյանը:
Վերջինիս հավաստմամբ, Հայաստանին տրված գենդերային և այլ օրենքների ընդունման նախաձեռնողականությունը Հայաստանից չի գալիս, այդ նախաձեռնողականությունը հիմնականում Եվրամիությունից է: Ի նպաստ այլասերվածության տարածման, օրինականացման և այլ օրենքների նախագծերի դեմ, ինչպես նաև ընդունված օրենքների փոփոխության, չկիրարկման համար պայքարել են 2013 թվականից, այսինքն` դեռ  նախորդ իշխանության շրջանից: Ինչ-որ բաներ հաջողել են, հասել են նրան, որ օրենքների նախագծերից մի շարք վտանգավոր դրույթներ հանվեն:
Այլասերվածության, պղծությունների, դրանց քարոզչության դեմ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության հասարակական գործունեությունը, չնայած վերջինիս ունեցած փոքր միջոցներին, բավականին դրական է գնահատվում ժողովրդի մեջ, քանի որ այլասերվածության, պղծությունների, նրանց քարոզչության վերաբերյալ մարդկանց ընկալումները միանշանակ նույնական են:
Այդ կապակցությամբ Հայկ Նահապետյանը վկայակոչեց մասնագիտական մի լուրջ հաստատության` ԱՄՆ-ի «Պյու» կենտրոնի կատարած հարցման արդյունքները (կենտրոնն իր հետազոտությունների արդյունքները, առաջին հերթին, դնում է փորձագիտական շրջանակների սեղանին, հետո նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց), որոնց համաձայն, Հայաստանի Հանրապետության բնակչության 98 տոկոսը դեմ է միասեռականության և այլասերվածության մյուս դրսևորումների և՛ տարածմանը, և՛ օրինականացմանը: 
«Հետևաբար ելնելով այդ իրողությունից, նրանք, ովքեր այսօր այս կամ այն ձևով փորձ են անում խոչընդոտել մեզ, ուղղակիորեն մեզ խոչընդոտելով, բնականաբար, դժգոհություն են առաջ բերում մեր բոլոր համախոհների և ժողովրդի մոտ, և սլաքը դժգոհության, բնականաբար, դյուրին կերպով կարող է ուղղորդվել նաև Հայաստանի այսօրվա իշխանություններին»,- ասաց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը:
Հիշյալ նախաձեռնության անդամը հիմարությունների դաշտից համարեց խուզարկության վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվածը` այն, որ ինքը և Հայկ Այվազյանը հավանական ձայնագրողներն են: Ըստ նրա, օպերատիվ տվյալների հետ աշխատողները պետք է մի փոքր ծանրութեթև անեին, թե ինչ են անում:
 
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2103 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար