Հ. Ռոստոմյանը մարզային այցելությունից հետո տվեց մի շարք հանձնարարականներ. խորհրդակցություն ԱԻՆ-ում

17-09-2018 18:16:45   | Հայաստան  |  Հասարակություն
Սեպտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
 


Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 20712 զանգ և գրանցվել է 313 հրդեհի դեպք: Գնդապետ Նահապետյանն անդրադարձավ նաև ԱԻ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը, Ղազախստանում անցկացված «Սկալա-2018» հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքներին, Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի վերաբացման արարողությանը, «Շանթ 2018» համապետական զորավարժությանը, ուսումնական վարժանքներին և մարտական պատրաստության դասընթացներին:
 
ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը, ամփոփելով սեպտեմբերի 15-ին Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը, մատնանշեց հայտնաբերված թերությունները և հանձնարարեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հրատապ աշխատանքներ տանել դրանք վերացնելու ուղղությամբ: Նախարարը, մասնավորապես, նշեց մարզային փրկարարական վարչությունների և մարզպետարանների համապատասխան ծառայությունների միջև թույլ կապը, և հանձնարարեց ակտիվացնել դրանք, անդրադարձավ մարզային տեսչական մարմինների բացթողումներին, մարզերում «911» ծառայության աշխատակիցների լեզվական հմտությունների զարգացման խնդրին և այլ հարցերի: Հ. Ռոստոմյանը հանձնարարեց նաև զեկուցել «Շանթ 2018» համապետական զորավարժության ընթացքում ի հայտ եկած թերությունների մասին, ինչպես նաև լավագույն մասնակիցներին ներկայացնել խրախուսման:
 
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք այլ հանձնարարականներ տվեց որոշ ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը և առաջիկայում սպասվող միջոցառումների կազմակերպմանը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 488 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար