Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

17-09-2018 17:54:25   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն
Նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ։ 
Աշխատանքային խմբում եղել են նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների համապատասխան գործառնական ստորաբաժանումների ղեկավարներ, KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար  Ալվարո Բեռիելին, <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> (ՊՏԱԾ-Հ) ծրագրի/8,25 մլն եվրո/  թիմի ներկայացուցիչներ։
 

Սյունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ  կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի բնապահպանական խնդիրներին։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետներ Հերմինե Համբարձումյանը, Նարեկ Բաբայանը, Կապանի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Էրիկ Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է մարզային այցի նպատակները, Սյունիքի տարածքային ստորաբաժանումների աշխատանքների ընթացքը, իրականացվող ու նախատեսվող ծրագրերը և ցանկություն հայտնել մարզային իշխանությունների հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Սյունիքի մարզպետը բարձրացրել է <<Շիկահող>> պետական արգելոցի հարակից համայնքների և սահմանամերձ գյուղերի բնակչությանը վառելափայտով ապահովելու խնդիրը, ինչին ի պատասխան նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսության կողմից բնակիչներին կհատկացվի 2300 մ³ վառելափայտ,  բայց առաջնային է համարել նմանատիպ խնդիրներին երկարաժամկետ լուծումներ տալու նպատակով արդեն մեկնարկած ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Բնապահպանության նախարարը նաև շեշտել է, որ ուժեղացվելու է ապօրինի հատումների դեմ պայքարը և այդ նպատակով տարածքային ստորաբաժանումները հագեցվում են տեխնիկական միջոցներով։ Մեղրիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի՝ մասնավորապես <<Արևիք>> ազգային պարկի աշխատակիցներին՝ պահպանվող տարածքների հարակից հատվածներում բռնկված հրդեհների մարմանն ակտիվ մասնակցելու համար, ինչի արդյունքում դրանք արագ շիջվել են և հիմնականում չեն վնասել պահպանվող տարածքները։
    Այցի առաջին օրը նախարար Էրիկ Գրիգորյանը և KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ալվարո Բեռիելին <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի և Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղի տնօրեններին են հանձնել <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագրի միջոցներով գնված մեքենաների սեփականության վկայականներ։
   Բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը, մարզպետի և փոխմարզպետի հետ միասին հանդիպել է մարզային հասարակական կազմակերպությունների և համայնքների բնակիչների հետ։ Ծավալված շահագրգիռ քննարկման ժամանակ նախարար Գրիգորյանը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին։ Խնդիրների մի մասի վերաբերյալ հանձնարարականներ են տրվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ պարզաբանելու ճշգրտման կարիք ունեցող հարցերը և պատասխանների մասին տեղեկացնելու քաղաքացիներին։ 
     ՊՏԱԾ-Հ ծրագրի միջոցներով  նախատեսվում է գնել շինություն, որտեղ տեղակայվելու են բնապահպանության նախարարության Սյունիքի տարածքային բոլոր ստորաբաժանումները։ Աշխատանքային խումբը շրջայց է կատարել նաև վերոհիշյալ շինությունում, ծանոթացել առաջարկվող պայմաններին։
   Էրիկ Գրիգորյանը նաև աշխատանքային քննարկում է անցկացրել Բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմերի հետ, որի ժամանակ ներկայացվել են ստորաբաժանումների աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Բնապահպանության նախարարը կարևորել է պահպանման ռեժիմի ուժեղացումը՝ ինչին միտված է ստորաբաժանումներն ամենագնացներով ապահովելու և կարողությունների մեծացման միջոցառումները։ Նշվել է, որ տրամադրված տրանսպորտային միջոցների մի մասը հագեցվելու են նաև հակահրդեհային միջոցներով, ինչը հնարավորություն կստեղծի հրդեհների դեմ պայքարել դժվարամատչելի տեղանքներում։
   Այցի երկրորդ օրն աշխատանքային խմբի ներկայացուցիչները մասնակցել են Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում իրականացրած միջոցառումներին։ 
   Միջոցառմանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, փոխմարզպետներ Հերմինե Համբարձումյանը, Նարեկ Բաբայանը, Կապանի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը և Կապանի հանրակրթական դպրոցների աշակերտները։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 718 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար