ՄԻՊ-ը վերջին ամսվա ընթացքում ՀՀ սահմանամերձ գյուղերը թիրախային գնդակոծելու վերաբերյալ արտահերթ զեկույց կհրապարակի

12-09-2018 14:43:36   | Հայաստան  |  Իրավունք
 


 
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծության ենթարկելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ: 
 
Սեպտեմբերի 11-ին՝ օրվա ցերեկային ժամերին կրակոցների է ենթարկվել Տավուշի մարզի  Վազաշեն գյուղը: Գյուղի բնակչի կողմից երեկ տարածված տեսանյութը վկայում է, որ կրակոցներն արձակվում են հենց քաղաքացիական բնակավայրի ու մասնավորապես՝ առանձնատան ուղղությամբ, որի բակում այդ պահին խաղում են երեխաներ: Կրակոցներն ակնհայտորեն իրական վտանգ են ստեղծել խաղաղ բնակիչների և հատկապես՝ կանանց ու երեխաների կյանքի, նրանց առողջության համար: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այս տեղեկությունը հաստատել են ինչպես գյուղի վարչակազմը, այնպես էլ բնակիչները: Պաշտպանը նաև անմիջականորեն ստացել է տեղեկություն այն մասին, որ գնդակոծություններն արվել են նաև գյուղի դպրոցի ուղղությամբ: 
ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Վազաշեն գյուղերը գնդակոծության են ենթարկվել սեպտեմբերի 2-ից սկսած։ Այս մասին ահազանգեր են ստացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 4-ին և սեպտեմբերի 5-ին տեղի են ունեցել կրակահերթեր Կոթի գյուղի ուղղությամբ: 
Սեպտեմբերի 2-ին, սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 11-ին կրակոցներ են արձակվել Բաղանիս գյուղի ուղղությամբ: Գնդակոծությունները տեղի են ունեցել քաղաքացիական տների ուղղությամբ՝ անմիջականորեն վտանգելով խաղաղ բնակչության կյանքի և առողջության իրավունքը: Դրանց արդյունքում խաթարվել է նաև Ոսկեպար - Բաղանիս միջպետական ավտոճանապարհով բնականոն երթևեկությունը՝ դարձնելով այն որոշակի ժամանակով անհնար:
Դրանից բացի, սեպտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծվել է նաև Ոսկեվան գյուղը: Այս անգամ, բնակիչների պնդմամբ, վնասվել են տների տանիքներ, պատեր, ինչպես նաև բնակիչների տներում առկա կենցաղային իրեր:
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հանձնարարությամբ ներկայում ընթանում են ամբողջական փաստահավաք աշխատանքներ:
Այդ աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 476 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար