ՀՀ վարչապետ. Երևանի ավագանու ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության առումով

16-08-2018 13:44:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Գործադիրը  որոշել է կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած օրը Երևան համայնքում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Համապատասխան որոշմամբ՝ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի  Հանրապետության ոստիկանությանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ն Երևանի արտահերթ ընտրությունների օրը կնշանակի որոշման հրապարակումից 30-40-օրյա ժամկետում: 
 


Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սա մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են: Հույս ունեմ, որ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության առումով: Մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը,   ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը: Հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված. ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի՝ անելիք ունեն իրենց կարծիքով, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ գործելու ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վաղվա կամքի վրա որևէ ապօրինի ազդեցություն պետք է բացառվի, և սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է: Ես, իհարկե, համոզված եմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ տեղի կունենա, բայց հույս ունեմ որևէ մեկը՝ նկատի ունեմ հայտնի խմբերին և շրջանակներին, չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը: Եթե կտրվի՝ իր ընտրությունն է. այդ դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքը հստակ ասում է, թե ինչ պետք է անեն իրավապահ և պետական մարմինները»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 857 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար