Հաստատվել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը

19-07-2018 13:31:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչև 230.0 մլն դրամ, 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս:  Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով կանխավճար: Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է լիզինգի հիմնական գումարի 1.5 մլրդ դրամը տրամադրել մինչև 35.0 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը, որպեսզի ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռվի ագրոպարենային ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկություններին։ 2018 թ. լիզինգի տոկոսա​դրույք​ների սուբսիդա​վորվող գումարի չափը կազմում է շուրջ 119,4 մլն դրամ: Արդյունքում, մասնավորապես, նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ  ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման և տնտեսությունները նոր սարքավորումներով վերազինման համար, կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը,   կաճի գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները:
 


Այլ որոշումներ. հավանության է արժանացել ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը
 
 
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն  հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:
 
ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան: Ըստ հիմնավորման՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» («ՀԱԷԿ») ՓԲԸ-ում հունիսի 1-ից սկսվել է  2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչև 2018թ. օգոստոսի 1-ը:  ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի գնումների գործընթացով և առաջարկել որոշմանը հավանություն տալ լրացուցիչ քննարկումից հետո միայն:
 
Պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում ՀՀ բնակչության շրջանում  կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ, կապահովվի կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելումը:
 
Կառավարության նիստի օրակարգից հանվել են  8-րդ և 9-րդ հարցերը՝  «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 254 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար