Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ցանկանում են համայնքի ներսում ընտրել ԱԺ իրենց թեկնածուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



17-07-2018 15:35:14   | Հայաստան  |  Հասարակություն
 


Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կրկին բարձրաձայնում են առանձին ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Նրանք Ընտրական օրենսգրքում ակնկալում են այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավորություն կունենան ընտրել Ազգային ժողովի իրենց թեկնածուին: 
 
Ինչպես հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ Սայիդ Ավդալյանը, վեցերորդ գումարման Ազգային ժողովում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավորն իրականում համայնքի ընտրյալը չէ: 
 
Նրա խոսքերով՝ այսօր կառավարությունը ցանկանում է համամասնական փակ ցուցակով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի արդյունքում դարձյալ փորձ կարվի կուսակցության միջոցով եզդիական համայնքի ներկայացուցչին տանել ԱԺ, ինչն անընդունելի է իրենց համար:
 
«Ես կարծում եմ, որ պետք է փոփոխություն կատարել հենց օրենքի այս հոդվածի հետ կապված և թույլ տալ, որպեսզի եզդիական համայնքն իր ներսում ընտրի ազգի ներկայացուցչին»,- ընդգծեց Ս. Ավդալյանը՝ տեղեկացնելով, որ ներկայումս բանակցությունների մեջ են գտնվում Կառավարությանն առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ: 
 
Հայաստանի ասորական միությունների ֆեդերացիայի նախագահ, ասորական համայնքի ղեկավար, Համակարգող խորհրդի անդամ Իրինա Գասպարյանն իր հերթին նկատեց, որ Կառավարությանն առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամներից երկուսի՝ Դանիել Իոաննիսյանի և Վարդինե Գրիգորյանի հետ կա խնդիր: 
 
Նրա փոխանցմամբ՝ նշյալ երկու անձիք անընդհատ շահարկում են Վենետիկի հանձնաժողովի անունը՝ «զոհ» տալով ժողովորդավարությունը և հեղափոխության արդյունքում ձեռք բերված արժեքները:  
 
«Մեզ ուզում են պարտադրեն Սերժ Սարգսյանի նման մի թեկնածուի, որին իրենք նշանակեն, իրենք պարտադրեն և պարտադիր մեր ներկայացուցչին կապում են կուսակցության տոկոսի հետ, ինչը ոչ լեգիտիմ է և ժողովրդավարական»,- նշեց Ի. Գասպարյանը՝ հավելելով, որ Դ. Իոսաննիսյանն ու Վ. Գրիգորյանը հակասահմանադրական մեկնաբանություն են տալիս Սահմանադրության որոշ հոդվածների: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 310 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար