Ստուգումներ եւ ձերբակալություններ ՀՀ-ում․ Փաշինյանը կատարում է խոստումները․ Newsader․ armtimes.com (տեսանյութեր)



25-06-2018 12:17:57   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
armtimes.com Ռուսաստանյան Newsader լրատվական-վերլուծական ռեսուրսն արդեն երկրորդ հաղորդումն է նվիրում Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության աշխատանքին։
 


«Ստուգումներ եւ ձերբակալություններ ՀՀ-ում․ Փաշինյանը կատարում է խոստումները» վերնագրված հաղորդման մեջ խոսքը հիմնականում ՀՀ-ում աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումների ֆոնին տեղի ունեցած ձերբակալությունների ու կատարվող փոփոխությունների մասին է։
 
Առաջին հաղորդումը, որի տեսանյութը հրապարակված է Newsader-ի Youtube-ի ալիքում, նվիրված է գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը։ «Հայաստանում ձերբակալել են ամենահզոր մաֆիոզներից մեկին։ Գեներալ, պատգամավոր, կոռուպցիոներ, սեփական բանակ ունեցող անձը հայտնվել է բանտում։ Սա միայն սկիզբն է։ Պարզվեց, որ «Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ» հեղափոխական արտահայտությունը դատարկ խոսք չէր»,- նշում է հաղորդման հեղինակը, որի թիկունքում պատից կախված է Փաշինյանի լուսանկարով շապիկ։
 
 
Հաղորդման մեջ նշվում է, որ գեներալ Գրիգորյանը պատահական չէր ընտրված որպես թիրախ։ «Նա օդիոզ կերպար է, որի հզորության մասին շատերը գիտեն Հայաստանում։ Նոր իշխանությունները, հարվածելով գեներալին, կարելի է ասել՝ ուղերձ են ուղարկում հանրությանն ու օլիգարխիային, որ մենք կանգ չենք առնելու։ Մենք շարունակելու են», - նշում է նա։
 
Հաղորդման մեջ հեղինակն անդրադառնում է նաեւ Փաշինյանի վերջին մեկ մասում Ռուսաստան կատարած երկու այցերին, որի ժամանակ Հայաստանի վարչապետը սկզբից Սոչիում, այնուհետեւ Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Հնարավոր է՝ այդ հանդիպումների ժամանակ նա հավաստիացրել է Պուտինին, որ Հայաստանում կատարվածի եւ դեռ կատարվելիքի մեջ պետք չէ հակառուսական գործողություն կամ քայլեր փնտրել։ Նա կարողացավ չկռվել Պուտինի հետ»,- նշում է հաղորդման հեղինակը։
 
Նույն հեղինակի Հայաստանին նվիրված 17 րոպե տեւողությամբ երկրորդ հաղորդման մեջ, որը վերնագրված է «Արագ բարեփոխումների երկիր․ ինչպե՞ս է փոխվում Հայաստանը», դրական փոփոխություններին զուգահեռ ուշադրություն է դարձվում որոշակի երեւույթների վրա, որոնք ըստ հեղինակի, մտահոգիչ են։
 
Նա դրական է համարում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազումը անապահով խավի համար։ «ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ պետք է սկսեն ստուգումներ այս ոլորտներում, ու սակագները նվազեցին»,- նշում է նա ու հավելում, որ Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ շատերը սխալվում են՝ պնդելով, թե հեղափոխություններից հետո շատ ժամանակ է պետք, որ մարդիկ զգան դրական փոփոխություններ։
 
Ըստ նրա, բացասական երեւույթների շարքում կարելի է դասել Հայաստանում մի շարք «օրենքով գողերի» ու քրեական հեղինակությունների տներում կատարված խուզարկությունները եւ նրանց ձերբակալությունները։ «Ինքնին լավ է, որ ոստիկանությունը որոշել է քրեական աշխարհի դեմ պայքար մղել, սակայն այն, թե ինչպես է դա արվում Հայաստանում վերջին օրերին, ավելի շատ ցուցադրական բնույթ է կրում, քան իրական քայլեր են կատարվում։ Մեկի տանը մի քանի գրամ մարիխուանա են հայտնաբերել, մյուսի տանը՝ մեկ կամ երկու գրամ մետադոն տիպի թմրամիջոց»,- նշում է նա։
 
Հաղորդման հեղինակի խոսքով, նման գործողությունները զարմանք չէին հարուցի, եթե կատարվեին հարեւան պետությունում՝ Վրաստանում, որտեղ օրենսդրությամբ է ամրագրված․ «Եթե անձն իրեն համարում է օրենքով գող, ապա արդեն իսկ հանցագործ է եւ պետք է հայտնվի բանտում»։ «Հայաստանում նման օրենք չի ընդունվել»,- հավելում է նա։
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2724 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար